Մատչելիության հղումներ

ՀԲ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին չպարփակվել Եվրասիական միությունում


ՀԲ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին չպարփակվել Եվրասիական միությունում
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Համաշխարհային բանկը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ տնտեսական աճ ապահովելու համար չպարփակվել Եվրասիական միությունում և հարաբերություններ զարգացնել նաև Եվրամիության հետ:

«Ազատության» հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

«Ենթադրենք՝ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և լիովին օգտագործում է այդ միության ընձեռած բոլոր հնարավորությունները: Արդյո՞ք դա բավարար է Հայաստանի տնտեսական աճի համար: Համաշխարհային բանկը կասեր՝ ո՛չ: Մենք կասեինք՝ Հայաստանը պետք է լինի ավելի հավակնոտ: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց և այդ միության հնորովորությունները լիովին օգտագործելուց հետո Հայաստանը պետք է հասկանա, թե ի՞նչ այլ հնարավորություններ կան՝ շարունակելու խորացնել և ընդլայնել իր առևտրային հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, անգամ եթե նրանք ֆորմալ հարաբերությունների մեջ չեն Եվրասիական տնտեսության միության հետ: Լավ կլիներ արդյունավետ կերպով օգտագործել այս հնարավորությունը, ինչպես նաև՝ այլ շուկաների ընձեռած հնարավորություններ՝ առանց պարփակվելու մի միության մեջ, և սա միջնաժամկետ հեռանկարում կորոշի Հայաստանի տնտեսության ընթացքը», - ասաց Լորա Բեյլին։

«Պատկերացրեք եթե Ասիայում մի երկիր նախորդ քսան տարիներին սահմանափակվեր միայն Միացյալ Նահանգների ուղղությամբ և չնկատեր, թե ինչ է տեղի ունենում Չինաստանում: Պատկերացրեք՝ որքան այդ երկիրը կկորցներ», - շարունակեց Լորա Բեյլին:

2009-ի ճգնաժամից հետո աղքատությունն ու գործազրկությունը չեն կրճատվել

Ըստ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի, Հայաստանը դեռ չի հասել սոցիալ-տնտեսական նախաճգնաժամային մակարադակին, և պատճառը դանդաղ տնտեսական աճն է:

«Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են․ 2013-ին տնտեսական աճը 3.5 տոկոս էր, այս տարի աճը ավելի է դանդաղել՝ կլինի 2.5 կամ 2.7 տոկոս: Դանդաղումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ արտաքին ուղղակի ներդրումների նվազեցմամբ, արտաքին շատ դժվարին տնտեսական պայմաններով: Սպառողական վարկավորման և արտերկրից դրամական փոխանցումների շնորհիվ շարունակում է պահպանվել մասնավոր սպառումը, սակայն կառավարությունը չի կարողացել բյուջով նախատեսված ծախսերն ամբողջովին կատարել»:

Համաշխարհային բանկի տվյալներով 2009-ին Հայաստանն ունեցավ չորրորդ ամենամեծ տնտեսական անկումը աշխարհում՝ Լատվիայից, Ուկրաինայից, Լիտվայից հետո․ անկումը կազմեց 14.1 տոկոս:

«Տնտեսությունում այս լճացումը հանգեցրել է նրան, որ ճգնաժամից հետո մարդկանց կենսամակարդակը արտացոլող սոցիալ-տնտեսական մի շարք էական ցուցանիշներ չեն վերականգնել իրենց նախկին մակարադակը: Այստեղ խոսքը աղքատության ցուցանիշի մասին է, որը մնացել է անփոփոխ, որովհետև չի ավելանում աղքատությունից դուրս եկող մարդկանց թվաքանակը: Գործազրկության ու գնաճի մակարդակներն են էլ կարծես մնում անփոփոխ», - ասաց Բեյլին:

2015 թվականին, ըստ Բեյլիի, Հայաստանը կունենա 3,5 տոկոս տնտեսական աճ:

2013-ի նոյեմբերին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը զեկույց էր հրապարակել, ըստ որի Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացված է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Այս սեպտեմբերի սկզբին հրապարակված Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, նախորդ մեկ տարում Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետությունը նվազել է:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի կառավարության պայքարը մենաշնորհների դեմ՝ Լորա Բեյլին, մասնավորապես, ասաց․ - «Հայաստանի կառավարությունը հայտարարել է, թե մտադիր է նախաձեռնել նշանակալից մի շարք գործողություններ, բացի այդ կառավարությունը սկսել է բարեփոխումներ, սակայն դրանք չեն կարող լիարժեքորեն արդյունավետ լինել, քանի դեռ կյանքի չեն կոչվել, իսկ հետո ենթարկվել մոնիթորինգի»:

XS
SM
MD
LG