Մոլորակի այլ պետությունների հետ համեմատած անցած մեկ տարում Հայաստանի մրցունակությունը վատացել է, և մեր երկիրը նահանջ է ապրել Համաշխարհային մրցունակության զեկույցում:
Միջազգային տնտեսական դաշտում ազդեցիկ դերակատարում ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ամեն տարի ներկայացվող այդ զեկույցում Հայաստանն այս տարի 144 երկրների շարքում զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը՝ 6 կետով նահանջելով նախորդ տարվա ցուցանիշից:
Ադրբեջանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 69-րդը: Հետխորհրդային երկրներից Հայաստանից վատ ցուցանիշ ունեն միայն Տաջիկստանը (91-րդ հորիզոնական) և Ղրղըզստանը (108-րդ հորիզոնական):
Բացի այդ, նախկին խորհրդային պետություններից Հայաստանը միակն է, որի ցուցանիշը նախորդ մեկ տարվա ընթացքում նվազել է Համաշխարհային մրցունակության զեկույցում։ Մնացած բոլոր հետխորհրդային երկրները կա՛մ բարելավել են իրենց դիրքերը, կա՛մ մնացել են նույն հորիզոնականում:
«Բավականին օբյեկտիվ գնահատական է տրված Հայաստանի այսօրվա տնտեսության վիճակին»,- այսօր «Ազատությանը» ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.- «Որ Հայաստանն այսօր մրցունակության առումով խնդիրներ ունի, բոլորիս էլ պարզ է։ Թեկուզ վերցնենք արտահանման հետ կապված խնդիրները։ Կառավարությունը վերջին տարիներին հստակ քաղաքականություն էր վարում՝ նպաստել արտահանմանը, որը կհանգեցնի նրան, որ արտահանման տեմպերն ավելի արագ աճեն, քան ներմուծման, և վերջին 3-4 տարիներին այդպիսի միտում կար, այս տարվա վեց ամսվա արդյունքներով արդեն այդ միտումը գոյություն չունի»։
Ըստ Խաչատրյանի, հաջորդ տարի Հայաստանի ցուցանիշները կարող են ավելի վատանալ՝ եվրոպական ուղղությունից հրաժարվելու ու Եվրասիական միության ճանապարհը բռնելու պատճառով:
Մոնոպոլիաների դեմ պայքարի արդյունավետությունը նվազել է
Երբ աչքի ենք անցկացնում զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը, տեսնում ենք, որ մեր երկիրը հատկապես վատ ցուցանիշներ է գրանցել մենաշնորհների դեմ պայքարում, ուր նախորդ մեկ տարվա ընթացքում, պարզվում է, իրավիճակը վատացել է, և Հայաստանը այդ հատվածում 97-րդ հորիզոնականից նահանջել է 105-րդ հորիզոնական:
Սա այն պարագայում, երբ փորձագետներն ու գործարարները չեն դադարում ահազանգել՝ Հայաստանում տնտեսության զարգացման թիվ մեկ խոչընդոտ է դարձել օլիգարխիկ-մոնոպոլ համակարգը, իսկ իշխանություններն էլ շարունակում են հավաստիացնել, թե պայքարում են մոնոպոլիաների դեմ:
«Մոնոպոլիաների դերը մեր տնտեսության մեջ շարունակում է, և այն հաշվետվությունը, որ անցած տարի հրապարակեց Համաշխարհային բանկը, բավականին լուրջ ուսումնասիրություն էր, և պարզվեց, որ ԱՊՀ երկրներում ամենամեծ մոնոպոլիզացված տնտեսությունը ունի Հայաստանը»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե կառավարության համապատասխան մասնագետները հիմա վերլուծում եմ զեկույցում տեղ գտած Հայաստանի ցուցանիշները:
«Առաջին հայացքից ավելի շատ տարածաշրջանային զարգացումների ընդհանուր ազդեցությունն է, որ որոշակիորեն Հայաստանը 5-6 կետով զիջել է նախորդ տարվա դիրքերը։ Սա մեր աշխատանքի համար կարևոր ուղեցույցներից մեկն է։ Բացի նրանից, որ մենք ենք կարողանում բացահայտել բացերը և դրանց լուծման ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանել, նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրված գնահատականներն են շատ կարևոր, քանի որ այդ զեկույցին նայելով էլ ներդրողները կողմնորոշվում են այս կամ այն կողմ»,- ասաց նախարարը։