Մատչելիության հղումներ

Բագրատ Ասատրյան․ «ԵՏՄ անդամակցելու որոշմամբ Սարգսյանը ընդամենը քաղաքական հարց է լուծում»


Բագրատ Ասատրյան․ «ԵՏՄ անդամակցելու որոշմամբ Սարգսյանը ընդամենը քաղաքական հարց է լուծում»
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմամբ Սերժ Սարգսյանը ընդամենը քաղաքական հարց է լուծում, տվյալ դեպքում՝ ապահովում է իր վերարտադրությունը, կարծում է տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա համոզմամբ իշխանության կայուն վերարտադրությունը հնարավոր էր միայն Եվրասիական տնտեսական միության մոդելի դեպքում, մինչդեռ իրական ժողովրդավարության և ազատ ընտրությունների պարագայում, որը պահանջվում էր Եվրամիության ասոցիացման համաձայնագրով, իշխանության վերարտադրությունը դժվար կլիներ:

«Ռուսաստանը ավտորիտար քաղաքական մոդել է: Մոդելի իմաստով՝ Հայաստանը ձգտում է դրան, Հայաստանն ուզում է այդպիսին դառնալ՝ ճիշտ Սովետական Միության մոդելն է», - ասում է նա:

Նշենք, որ Անկախության տոնի առթիվ իր ելույթում Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, թե Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումը պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով: Մինչդեռ տնտեսագետն ընդգծում է՝ այդ միությունում գերիշխող դիրք ունեցող Ռուսաստանն այսօր կքած է միջազգային պատժամիջոցների տակ, հերթական անգամ ընտրել է աշխարհից մեկուսացման ճանապարհն ու տնտեսական անկում է ապրում: Հետևաբար, այս պարագայում խոսել այդ միությանն անդամակցելու տնտեսական օգուտների մասին և զարգացում ակնկալել՝ պարզապես լուրջ չէ:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ասում, որ դա մեծ շուկա է բացում մեզ համար, Ասատրյանն արձագանքեց․ - «Սա քաղաքական պրոյեկտ է: Այո, տեսականորեն մեծ շուկա է, բայց այդ շուկան մինչև հիմա էլ ոչ պակաս բաց է եղել: Մենք փակում ենք մի շուկան՝ կամ հրաժարվում ենք այն մի շուկայի զարգացման հնարավորություններից, ենթադրելով, որ այստեղ ավելի է լինելու, բայց այդ շուկան ուղղակի վատանում է, նեղանում է»:

Այն, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը տուժելու է ոչ միայն տնտեսական, այլև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների առումով, համոզված են նաև իրավապաշտպանները:

Աշխարհից մեկուսացող Ռուսաստանում, ինչպես նաև Եվրասիական միության մեկ այլ անդամ Բելառուսում, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ավելի է խորանում բռնապետական ռեժիմը, քանի որ դա է պահպանման և գոյատևման միակ միջոցը: Հայաստանը, դառնալով այդ միության անդամ, կրկնօրինակելու է այդ ամենը՝ զրկվելով նաև ազատ մամուլ ունենալու հնարավորությունից:

«Այս պահին Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում ընդհանրապես ազատ լրատվական միջոցների մասին խոսք չկա: Եթե մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, նույնն է լինելու Հայաստանում այն, ինչ Ռուսաստանում և Բելառուսում է», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանի փոխանցմամբ Հայաստանի այսօրվա իշխանությունները իրենց տեսակով լիովին տեղավորվում են Եվրասիական տնեսական միության մոդելի մեջ, նրանք այդ միությունում իրենց կզգան ինչպես ձուկը՝ ջրում: Վառ ապացույցն էլ, ըստ նրա, Կառավարության այսօրվա որոշումն էր, երբ հասարակության մեջ խիստ բացասական ընկալում ունեցող անձը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Ինչպե՞ս կարելի է մարդասպանության մեջ մասնակցած անձին, և այդպիսի կենսագրություն ունեցող անձին, որը կա տարբեր քրեական գործերով, նորից վերանշանակել մարզպետի պաշտոնում: Դա նշանակում է ուղղակի ապացուցել, որ քո հենարանը հանդիսանում է հենց կրիմինալը», - մեկնաբանում է Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG