Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ չորեքշաբթի օրը Նյու Յորքում ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանում:
Աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում իր դասախոսությունում Սարգսյանը բերել է հետևյալ օրինակները․
«Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և հայ - ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվտանգության հենասյուներից է: Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության և կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում»:
«Մենք կարևորում ենք ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության շարունակական զարգացումը` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ: Այսօր արդեն բանակցություններն ընթանում են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցությունը: ԱՄՆ-ի 42 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին տարիներին մի շարք նահանգներ ճանաչել են նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: ԱՄՆ-ում ստվար հայկական համայնք կա, որի ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունն, անկասկած, իր դրական դերն է խաղում և հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման յուրատեսակ շարժիչ ուժ հանդիսանում»:
«Ինչպես հայտնի է, Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար», - ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Եվրոպական միության հետ համակողմանի համագործակցությունն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Եվրամիության և Արևմուտքի աջակցության շնորհիվ մեր երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման և շատ այլ կարևոր ոլորտներում: Համոզված եմ՝ դրանք շարունակական բնույթ են կրելու: Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ բարեփոխումների նպատակն այս կամ այն կառույցին ինտեգրվելը չէ. դրանք առաջին հերթին մեզ են պետք»:
«Ավելին՝ մեր օրերում, երբ միջպետական սահմաններն ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, և միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձևավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին: Անիմաստ է նաև սեփական արտաքին քաղաքականությունը կառուցել այդ հակասությունների վրա: Համոզված ենք՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կապող օղակ կհանդիսանա այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը և հավելել․ - «Ուստի մեր գործընկերների հետ համագործակցության այնպիսի մեխանիզմներ ենք փորձում մշակել, որոնք համադրվում և ոչ թե հակադրվում են: Սրանք լոկ խոսքեր չեն, դա է մեր մտածելակերպը, մեր ամենօրյա աշխատանքը, մեր տեսլականը, և մենք դրան եկել ենք սեփական փորձով»:
Հայաստանի նախագահը խոսել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի, համընդհանուր անվտանգությանն սպառնացող մարտահրավերների և հատկապես վերջին շրջանում վտանգավոր զարգացումների մասին, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումն ու խաղաղապահ գործողություններին երկրի՝ տարեցտարի ընդլայնվող մասնակցությունը, ծայրահեղականների վայրագություններից տեղահան եղած փոքրամասնություններին որպես դոնոր Հայաստանի օժանդակությունը, փախստականներին տանիք տրամադրելու ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանն ընդունել է տասը հազարից ավելի փախստական միայն Սիրիայից:
«Արդեն շուրջ 25 տարի զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ և լավ գիտակցելով այն պատասխանատվության չափը, որ յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ երկրի ղեկավար, կրում է, եկել եմ այն համոզման, որ մենք բոլորս միասին ունենք եզակի հնարավորություն գալիք սերունդներին թողնելու ավելի ապահով, առավել բարեկեցիկ աշխարհ, և դա անելու միակ ճիշտ ուղին գոյություն ունեցող մարտահրավերները հնարավորությունների վերածելն է», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը։