Մատչելիության հղումներ

Արզումանյան. Այս պահին ԵՏՄ-ին անդամակցելը նշանակում է սանկցիաների տակ ընկնել


Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 25-ը սեպտեմբերի, 2014թ․
Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ շատ պատեհ առիթ է ներկայացել, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի տեղադրման պատրվակով իշխանությունները հետաձգեն Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունը:

Այս մասին Արզումանյանն ասաց «Ազատության» հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, որը հրապարակվեց երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պահանջով և որից դատելով՝ անդամակցության գործընթացն ավարտելու դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ է տեղադրվելու:

Վերահաստատելով իր այն համոզմունքը, որ Եվրասիական տնտեսական միությունը չի կայանալու և մնալու է թղթի վրա գործող միավորում, Արզումանյանն ասաց, որ այսօրվա պայմաններում միանալ այդ միությանը՝ նշանակում է սանկցիաների տակ ընկնել:

«Այս պահին մենք մեր ձեռքով մեզ մտցնենք մի միության մեջ, որի լոկոմոտիվը մի երկիր է, որը մերժված է միջազգային հանրության կողմից, որը սանկցիաների տակ է․․․ Այսինքն՝ մենք մեզանով գնում ենք սանկցիաների տակ ընկնելու: Եկեք մեկ տարի անց վերադառնանք այս խնդիրներին, իսկ մեկ տարի անց ո՞վ գիտի՝ ի՞նչ իրավիճակ կլինի: Վստահ եմ, որ այս մեկ տարվա մեջ էլ շատ մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն», - ասաց նախկին արտգործնախարարը՝ հավելելով․ - «Ընդհանրապես, Ռուսաստանն այսօր այնքան պրոբլեմներ ունի, որ ավելի լավ կլիներ իր պրոբլեմներով զբաղվեր և թողներ մենք էլ մեր դարդերով տապակվեինք, ինչպես ժողովուրդն է ասում»:

Ազգային ժողովի պատգամավորի խոսքով, քանի դեռ Մաքսային միության բոլոր երեք երկրները չեն ասել, որ իրենք Հայաստանի սահմանի հետ որևէ խնդիր չունեն և Հայաստանի սահմանների հետ կապված հարցերը Հայաստանի և իր հարևանների լուծելու հարցերն են, պաշտոնական Երևանն իրավունք չունի անդամակցության այս փաստաթուղթը ստորագրելու․ - «Որովհետև, իրոք, առաջին քայլը՝ դա մաքսակետն է, երրորդ քայլը՝ դա սահմանակետն է, երրորդ քայլը՝ ռուսական զինուժ այնտեղ տեղադրելը և Ղարաբաղի ժողովրդի վրա կրկին ցեղասպանության վտանգ բերելը: Էնպես որ, կարծում եմ, կարևոր է, որ բանավեճ ծավալվի հասարակության մեջ [այս հարցի շուրջ]»:

Անդրադառնալով ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի այն հայտարարությունը, թե «մաքսակետ տեղադրելու ծրագրեր մեզ մոտ առայժմ չկան, մենք նման դեռևս ծրագրեր չունենք», Արզումանյանն ընդգծեց՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունից հետո, թե Հայաստանը ԵՏՄ-ին պետք է անդամակցի միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ակնհայտ էր, որ խոսքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի մասին է:

«Սա կոչվում է լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՝ երբ [Միրումյանը] ասաց «դեռևս», որովհետև արդեն իսկ ենթագիտակցության մեջ կա, որ նման հարցեր քննարկվելու են, և դա պարզ է», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

«Այդ պայմանագրում հավելվածներն են, որ շատ կարևոր են և նորություն են ինձ համար: Ես պետք է ուսումնասիրեմ: Այնտեղ շատ խնդրահարույց պահեր կան», - նշեց նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG