«Անջատականներին ուղղակի առաջնորդում և հսկում է Կրեմլը»
Պաշտոնական Կիևը հայտարարել է, թե շրջապատման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողներին մարդասիրական միջանցք տրամադրելու, այսպես կոչված «Նովոռոսիայի» ապստամբներին Վլադիմիր Պուտինի հասցեագրած ուղերձը վկայում է, որ հենց Կրեմլն է ուղղակի առաջնորդում և վերահսկում անջատականների գործողությունները։
Ռուսները և ուկրաինացիները մեկ ժողովո՞ւրդ
Մինչդեռ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սելիգերում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում խոսել է Ուկրաինայի վիճակի մասին։
Նա ասել, որ ուկրաինական բանակի գործողություններն ակամա հիշեցնում են Երկրորդ աշխարհամարտում սովետական քաղաքները պաշարած գերմանացի ֆաշիստ-զավթիչների մարտավարությունը, ապա հավելել․- «Նրանք շրջապատում էին մեր քաղաքները, ասենք, Լենինգրադը, և կրակ են բացում թաղամասերի բնակիչների վրա»:
Ռուսաստանի նախագահը նշել է, թե ով էլ ինչ ասի` իր համոզմամբ, «ռուսները և ուկրաինացիները գործնականում մեկ ժողովուրդ են»։ Պուտինի այդ խոսքը երիտասարդները խանդավառությամբ են ընդունել։
Սակայն Ուկրաինայի ղեկավարների համար այդ տեսակետն անընդունելի է․ նրանք ռուսներին մեղադրում են բացահայտ ագրեսիայի մեջ։
Վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է, որ կառավարությունը ստեղծված իրավիճակում կդիմի Գերագույն ռադային՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակից հրաժարվելու և ՆԱՏՕ-ի անդամակցության խնդիրը կրկին օրակարգ բերելու առաջարկով:
Մոսկվան ամեն մեղադրանք հերքում է
Ռուսական կողմն, ինչպես միշտ, հերքում է Ուկրաինայի արևելյան շրջանի մարտերի հետ առնչություն ունենալու լուրերը։
«Մեղադրանքներն առաջին անգամ չեն հնչում, ճգնաժամի մեկնարկից ի վեր ամեն բանում մեզ են մեղադրում, այնպես որ տարատեսակ հերյուրանքներ առաջին անգամ չենք լսում, ընդ որում մեզ ոչ մի անգամ փաստեր չեն ներկայացրել»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ուկրաինան կարող է միանալ ՆԱՏՕ-ին
Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի դեսպանները գումարել են արտակարգ ժողով Ուկրաինայի հարցը քննարկելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն արձագանքել է Յացենյուկի հայտարարությանը։
«Ես չեմ ցանկանում միջամտել Ուկրաինայի քաղաքական բանավեճերին, սակայն ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականին ՆԱՏՕ-ն Բուխարեստում ընդունել է որոշում, որի համաձայն Ուկրաինան` ցանկություն հայտնելու և անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Ռասմուսենը։
«Ռուսական միջամտությունն ակնհայտ է»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Ռուսաստանի գործողություններին։
«Չնայած անիմաստ հերքումներին, արդեն ակնհայտ է, որ ռուսական ստորաբաժանումները և տեխնիկան ապօրինաբար հատել են սահմանը և հայտնվել Ուկրաինայի և հարավային ու հարավ-արևելյան շրջաններում»,- ասել է Ռասմուսենը։
Նրա փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Ուելսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքը կընդունի Ուկրաինայի հարցում համագործակցության ընդարձակման վճիռներ։
Զոհերի թիվն աճում է
Այսօր ՄԱԿ-ը հաղորդել է, որ ապրիլի կեսերից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայում սպանվել է մոտ 2600 մարդ։
ՄԱԿ-ը նաև երկու կողմերին, սակայն առավելապես ռուս անջատականներին դատապարտել է հակամարտության ընթացքում մարդու իրավունքները կոպտորեն խախտելու համար: