Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում հակադարձելով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի այն հայտարարությանը, թե «Հրազդանի քաղաքապետի մեր թեկնածուն` ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի, խոշոր հաշվով հաղթելու է, առաջարկում եմ հաշվարկներն այդ հարթության վրա կատարել», ասել է. - «Նախ` Կովալենկոն թող իրեն հաշիվ տա, թե ինքն էդ ի՞նչ հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում, որ հիմա էլ ժողովրդի հաշվին հաշվարկներ է անում: Ժամանակը կգա ու կերեւա` իր հաշվարկները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ինքը սովոր է կեղծիքներով ընտրություններ կազմակերպել, իր պաշտոնն օգտագործել բացառապես իր շահերի ու ժողովրդին ճնշելու համար, բայց էս անգամ խոստանում եմ` դա իրեն անել չի հաջողվի»: