Մատչելիության հղումներ

«Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»


ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Բեռնար Ֆասիեն հրաժեշտի ասուլիսում: Երեւան, 21-ը դեկտեմբերի, 2011թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Բեռնար Ֆասիեն հրաժեշտի ասուլիսում: Երեւան, 21-ը դեկտեմբերի, 2011թ.

Չորեքշաբթի երեկոյան Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրած հրաժեշտի ասուլիսում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը «ռազմական լուծում չունի եւ չի կարող ունենալ»:

«Դա միայն կբերի նոր արյունահեղության եւ ողբերգության, նոր մարդկային զոհերի, փախստականների նոր զանգվածների առաջացման, իսկ խնդիրը կմնա չլուծված», - հայտարարեց ֆրանսիացի դիվանագետը:

Գնահատելով Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցչի պաշտոնում իր 7-ամյա գործունեության շրջանը` Ֆասիեն նշեց, որ այդ «ոչ հեշտ եւ որոշակիորեն ռիսկային տարիների ընթացքում» կարգավորման հարցում թեեւ ակնառու հաջողություններ չարձանագրվեցին, սակայն «կարելի է մատնանշել նաեւ դրական կողմեր»:

Այս առումով գլխավոր ձեռքբերումը, ըստ նրա, այն է, որ «հնարավոր եղավ խուսափել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից»:

Մյուս դրական հանգամանքը, ըստ ֆրանսիացի դիվանագետի, այն է, որ 2007 թվականին հնարավոր եղավ միասնականացնել համանախագահ երեք երկրների մոտեցումներն ու առաջակել կարգավորման ամփոփ սկզբունքներ, որոնք ստացան «մադրիդյան սկզբունքներ» անվանումը:

Հետագայում դրանք մի քանի մշակումներով ներկայացվեցին կողմերին: Միջնորդները, ըստ Ֆասիեի, հույս ունեին, որ Կազանում ինչ-որ առաջընթաց կլինի, սակայն դա տեղի չունեցավ:

«Այնուամենայնիվ, մադրիդյան սկզբունքներով առաջարկվող հայեցակարգը մնում է սեղանի վրա, եւ կարգավորման քննարկումները դրանց հիման վրա կշարունակվեն նաեւ հետագայում», - ասաց Ֆասիեն` միաժամանակ ընդգծելով, որ միջնորդների խնդիրը «միայն հակամարտողների գործը հեշտացնելն է` հակամարտությունը պետք է լուծեն կողմերը»:

«Ի վերջո խնդիրը պետք է կարգավորվի», - հայտարարեց նա` շարունակելով. - «Աշխարհագրորեն Ղարաբաղը Ադրբեջանի կենտրոնում է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն էլ հարեւաններ են, եւ այդպիսին կմնան նաեւ ապագայում: Ինչո՞ւ նոր կյանքեր կորցնել»:

Բեռնար Ֆասիեն նաեւ ասաց, որ խաղաղության հաստատման պատասխանատվությունն այսօր ընկած է ոչ միայն հակամարտող երկրների ղեկավարների, այլեւ հասարակությունների վրա. - «Պատասխանատու են բոլորը` զինծառայողները, պատգամավորները, լրագրողները` փոխադարձ ատելությունը թոթափելու եւ վստահության մթնոլորտ ձեւավորելու գործում»:

2012-ը նախընտրական տարի է ինչպես հակամարտող, այնպես էլ միջնորդ երկրների համար: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս հանգամանքը կարո՞ղ է բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա, Ֆասիեն ասաց. - «Եթե կա քննարկելու, բանակցելու ինչ-որ բան, եթե կա առաջընթաց գրանցելու հնարավորություն, ապա բոլորն էլ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը ե'ւ ընտրություններից առաջ, ե'ւ դրանց ընթացքում, ե'ւ դրանցից հետո»:

please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG