Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 20-ի մամուլ


Արձագանքելով Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ հյուսիսկորեացիների ողբը պատկերող տեսանյութերին` «Հրապարակ»-ի խմբագրականը գրում է. - «Այդ կադրերը դիտելիս մտովի կարելի էր պատկերացնել, թե մեր ծնողների ու պապերի նկարագրած Ստալինի մահվան արարողությունն ինչպիսին է եղել: Ինչպես են մարդիկ ողբացել «Ժողովուրդների առաջնորդի» մահը: Այնպես, ինչպես սեփական հոր, ծնողի, ամենաթանկ մարդու մահը կսգան: Եվ ինչո՞ւ է մարդկանց մի հսկայական զանգված պաշտամունքի, կռապաշտության աստիճանի սիրում իր նկատմամբ բռնացող ու մարդկային կերպարը կորցրած հանցագործներին: Մինչդեռ աշխարհի բոլորովին այլ հատվածում, մարդկության պատմության մեջ շոշափելի դերակատարում ունեցած եւ իրական առաջնորդի համարում ունեցող մեկ այլ անձի՝ Վացլավ Հավելի մահը միայն հարգանքի ու պատկառանքի դրսեւորումներ է առաջացնում: Տարբեր պետությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ իրենց հարգանքի ու երախտագիտության խոսքն են հղում մի մարդու, ով պայքարել է առաջադիմության, իր երկրի ազատության, տոտալիտար խորհրդային ռեժիմի դեմ»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը Հյուսիսային Կորեայի դիկտատորի վախճանի քաղաքական բովանդակությունը փորձում է արտապատկերել հայաստանյան իրականության մեջ. - ««Մեծ առաջնորդ» Կիմ Չեն Իրի մահվան բոթն ընթերցող հաղորդավարուհիների լացուկոծը կարգին զվարճացրել է ինտերնետի միլիոնավոր օգտատերերին, եւ հյուսիսկորեական հեռուստատեսության այդ կադրերն այս օրերին «ամենաշատ դիտվածն» են համացանցում: Չգիտես ինչու` այդ կադրերը զվարճացրել են նաեւ հայաստանցիներին, թեեւ մեզանում նման բաների պիտի վաղուց արդեն սովորած լինեին: Վերջին հաշվով` կարեւորը կեղծիքի արտահայտման ձեւը չէ, այլ բովանդակությունը… Հայաստանն այս առումով բացարձակապես չի զիջում Հյուսիսային Կորեային, որովհետեւ մեզանում նույնպես կեղծվում է ամեն ինչ: Հայաստանում կեղծվում են ընտրությունները, մրցույթները, վիճակագրական տվյալները, կարագն ու թթվասերը… Մեզանում նույնիսկ քաղաքական դաշտն է կեղծվում, որովհետեւ երբ որեւէ կուսակցություն, օրինակ, ընդդիմադիր հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, թե այդ կուսակցությունն ընդդիմադիր է: Կամ երբ պատեհապաշտների ինչ-որ խումբ կոալիցիայի կազմում գլուխ է պահում, դա դեռ չի նշանակում, թե կուսակցություն է: Այս առումով Հայաստանում վիճակը նույնիսկ ավելի վատ է, քան Հյուսիսային Կորեայում, որովհետեւ այնտեղ մարդիկ գուցեեւ անկեղծորեն են սգում «Մեծ առաջնորդի» մահը, իսկ մեզանում բոլորն անխտիր գիտեն, որ իրենք կեղծում են, բայց շարունակում են անել դա»:

«Առավոտ» թերթը հետեւյալ հարցն է ուղղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին. - «Վերջին շրջանում շատ է խոսվում խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն միասնական ցուցակով մասնակցելու մասին։ Անգամ շրջանառվում է, թե ինչ համամասնությամբ է կազմվելու ապագա դաշինքը։ ԲՀԿ-ն քննարկե՞լ է նման հարց»։ Պատասխան. - «Ո՛չ մեր կուսակցությունում եւ ո՛չ էլ կոալիցիայում միասնական ցուցակի հարց չի քննարկվել։ Ընտրություններին մասնակցելու ձեւի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, եւ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել… Հատկապես վերջին շրջանում եւ հատկապես այդ բազմաչարչար թեմայով այնպիսի գիտաֆանտաստիկ վերլուծությունների կարելի է հանդիպել, որ մտածում ես՝ ինչքան չպարպված եւ ավելորդ ֆանտազիա է կորչում առ ոչինչ»։

Նույն թեման է շոշափվում նաեւ «Ժամանակ» թերթի խմբագրականում. - «ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը փաստացի նշանակում է, որ Հայաստանում այլեւս խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, եւ իշխանությունները հայտարարում են միանգամից նախագահական ընտրությունների մասին: Միասնական ցուցակով Հայաստանում կտրվի նախագահական ընտրությունների մեկնարկը: Այլ բան դժվար է եզրակացնել: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ կոալիցիոն եռյակը, սահմանելով խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության բովանդակությունը եւ որոշակիացնելով խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափը, արդեն իսկ որոշում է նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը` միասնական թեկնածու` ի դեմս Սերժ Սարգսյանի: Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կամ վերածվում են ձեւական արարողության, կամ էլ հենց խորհրդարանական ընտրություններն են ինքնին դիտվում որպես նախագահական ընտրություններ: Համենայնդեպս, Հայաստանի ընդդիմությունը, թերեւս, հենց այսպես, այդ տրամաբանությամբ պետք է մոտենա առկա իրավիճակին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG