Մատչելիության հղումներ

Քաջարան գյուղի գյուղապետը հրաժարական է տվել եւ դուրս է գալիս ՀՀԿ-ից


Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կոմբինատում, 10 սեպտեմբեր 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կոմբինատում, 10 սեպտեմբեր 2011
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից, իսկ այսօր հրաժարվելու է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամությունից` այդպիսով բողոքելով իր եւ իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ:

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Ամիսներ շարունակ քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ողջ գյուղի հարկադրական տարհանում է նշանակում:

«Ես պայմանագիրը չեմ ստորագրել ու կյանքում չեմ ստորագրի: Ես դիմում եմ գրել` հրաժարական եմ տվել, այսօր էլ գնում եմ Հանրապետական կուսակցությունից հրաժարական տալու», - ասաց Ռաֆիկ Աթայանը:

Գյուղապետը պատմեց, որ իր նկատմամբ բոլոր կողմերից ճնշումները շարունակվում են, պարտադրում են, որ ստորագրի հողերի հանձնման պայմանագիրը:

«Դիմել եմ կառավարությանը, նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին: 15 տարի է կուսակցական եմ. ես բոլորին էլ դիմել եմ, իրենք էլ գիտեն, որ ես կուսակցական եմ: Էսօր իմ կուսակցությունը եկել է իմ գյուղը քանդում է: Ես ուրիշ անելիք չունեմ, ես իմ գյուղում մնալու եմ», - հայտարարեց Ռաֆիկ Աթայանը` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունից այս հարցում որեւէ աջակցություն չի ստացել:

Քաջարանի գյուղապետը նաեւ հավաստիացրեց, որ գյուղապետի պաշտոնից հրաժարական տալով` համայնքին անպաշտպան չի թողնում եւ որպես գյուղի շարքային բնակիչ շարունակելու է իր պայքարը:

«Մեր գյուղը` մերն է: Ես իմ պարտականությունները մինչեւ մահ ու գերեզման կատարելու եմ», - հայտարարեց Ռաֆիկ Աթայանը:

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Աթայանի` կուսակցությունից դուրս գալու որոշումը, ասաց, թե` «մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում որեւէ կուսակցության անդամագրվելու, կամ կուսակցությունից դուրս գալու հարցը»:

Քաջարան գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից: Վերջինս նշեց, թե հարցը քննարկման փուլում է եւ կպատասխանեն ավելի ուշ:

please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG