«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Բանն այն է, որ մարտի 1-ի գործը կարելի է շատ հստակ բաժանել երկու մասի: Առաջին` օրինակա՞ն էին արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, թե՞ նա կոպտորեն խախտել է Հայաստանի Սահմանադրությունը, եւ երկրորդ` կոնկրետ ովքե՞ր են իրականացրել 10 հոգու սպանությունը: Չգիտես ինչու` առայժմ «վերանայվում է» միայն երկրորդ մասը, իսկ Քոչարյանի գործողությունների օրինականության մասով ոչ մի նոր բան չի արվում: Հիմա` ավելի կոնկրետ: Խնդիրն այն չէ, որ ոստիկանութունն ու ներքին զորքերը «մի քիչ» կոպիտ են գործել, կրակել են ժողովրդի վրա, ու տասը մարդ է զոհվել: Խնդիրն այն է, որ Հայաստանի բանակը դուրս է բերվել սեփական ժողովրդի դեմ: Տեսականորեն Ռոբերտ Քոչարյան գուցեեւ իրավացի է, երբ պնդում է, թե իրավապահները հրազեն կիրառելու համար հատուկ հրամանի կարիք չունեին (չնայած` վստահ ենք, որ նման հրաման եղել է), բայց նույնը չի կարելի ասել բանակային ստորաբաժանումների տեղաշարժի համար: Բանն այն է, որ բանակի ցանկացած տեղաշարժ իրականացվում է բացառապես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով: Այդ կարգը գործում է բոլոր երկրներում եւ շատ պարզ բացատրություն ունի. եթե այդպես չլինի, ցանկացած պահի ցանկացած գեներալ կարող է տանկերը քշել նախագահական նստավայրի վրա եւ հեղաշրջում իրականացնել»: