Մատչելիության հղումներ

Մայիսի 26-ի մամուլ


«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ասում է. - «Դրական գնահատելով նախագահի այս քայլը՝ ցավով պետք է նշեմ, որ մենք հարկադրված ենք լինում հաճախ ընդունել համաներման ակտ, եւ այս հաճախակիությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում իրականում չի գործում իրավունքի գերակայությունը։ Հայաստանում գրեթե չի գործում դատական համակարգը, որի համար եւ որի հետևանքով մենք ստիպված ենք լինում կիրառել համաներման ինստիտուտը։ Չնայած այն հանգամանքին, որ այս համաներման տեքստի նախաբանում գրված է, որ այն մարդասիրական ակտ է, կարծում եմ, որ իրականում խնդիրներն այլ տեղում են թաքնված։ Կարծում եմ՝ այս համաներումներով իշխանությունները փորձում են ուղղել այն սխալները, որոնց հետեւանքով ճակատագրեր են խեղվել։ Եթե Հայաստանում գործեր անկախ դատական համակարգ, այսօր անազատության մեջ գտնվող մարդկանց մոտ 50 տոկոսը չէր լինի ճաղերի հետեւում»։

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին: Սա, ըստ էության, համաներում անցկացնելու եւ այդ ճանապարհով մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնության առաջին ներկոալիցիոն արձագանքն է: Արձագանք այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը իրեն արմատական համարող ընդդիմությանը համագործակցելու, երկխոսելու առաջարկ էր արել: Այսպիսով, ԲՀԿ-ն հասկացնում է, որ չի համակերպվելու ՀՀԿ - ՀԱԿ նկատվող այդպիսի մերձեցման հետ, որը կարող է տեղի ունենալ իր շահերի հաշվին: Ըստ էության, գործ ունենք վերաձեւավորված իշխանական կոալիցիան փլուզելու` ԲՀԿ-ի բացահայտ սպառնալիքի հետ: Սկսված ՀԱԿ - ՀՀԿ երկխոսությանը ԲՀԿ-ի խորացող ընդդիմությունը ներքաղաքական անկանխատեսելի տեղաշարժերի պոտենցիալ ունի եւ կարող է երկրում բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել: Թե' Կոնգրեսը, թե' Հանրապետականը, ըստ էության, հույսը դրել են այն բանի վրա, հակառակ թեւում ներքին ճաքերը շատ ավելի արագ կառաջանան, ինչն էլ նրա համար կործանարար հետեւանքներ կունենա: ԲՀԿ-ի դերակատարությունը այս իմաստով կարող է ճակատագրական նշանակություն ունենալ»:

Իսկ «Օրինակ երկիր»-ի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասում է. - «Ես կոնկրետ մեր մասով կխոսեմ, քանի որ այս 17 տարիների ընթացքում մենք բոլոր համապետական ընտրություններին, այդ թվում՝ նաեւ տեղական ինքնակառավարման ընտրություններին, մասնակցել ենք, եւ միշտ էլ մեր ծանրակշիռ ներկայությունն ենք ունեցել հայրենի քաղաքական դաշտում: Ավելին` առանց որեւէ քոռ կոպեկի մենք ստացել ենք ձայներ թե ընդդիմության ճամբարում, թե իշխանության: Իսկ այն, թե արդյոք կարո՞ղ ենք ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցել՝ մենք ուղղակի չենք բացառում, որովհետեւ քաղաքական դաշտում ամեն ինչ հնարավոր է: Չի բացառվում նաեւ, որ միայնակ մասնակցենք»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադառնալով կառավարության հրաժարականի վերաբերյալ երեկվա Դաշնակցության պահանջին` գրում է. - «Թամաշան, ի դեպ, սկսվել էր ավելի վաղ` այն պահից, երբ ՀՅԴ խմբակցությունը որոշել էր բարձրացնել կառավարության անվստահության հարցը: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը իսկապես փորձանք է Հայաստանի գլխին, բայց այսօր չէ, որ այդպիսին է դարձել: Այդ պատուհասը եղել է ե'ւ մեկ տարի առաջ, ե'ւ երկու տարի առաջ, բայց արի ու տես, որ դաշնակները ակտիվացան միայն այն բանից հետո, երբ կառավարությունը այսօրվա ձախողումների համար մեղադրեց նախկին իշխանություններին (պարզ ասած` Ռոբերտ Քոչարյանին): Բայց խնդրին մոտենանք այլ տեսանկյունից. Հայաստանում կա՞ մեկը, ով գոհ է կառավարության գործունեությունից: Կա՞ Հայաստանում քաղաքական ուժ, որը հրապարակավ կպնդի, թե կառավարությունը լավ է աշխատում: Եթե նկատել եք` Հայաստանում այդ հարցը չի էլ քննարկվում, բոլորը համակարծիք են, որ կառավարությունը ձախողվել: Բանավեճի թեման բոլորովին այլ է. կառավարությունը ձախողվել է սեփական սխալների՞ պատճառով, թե՞ գերակշռողն արտաքին ու ներքին «օբյեկտիվ պատճառներն են»:

«Հետք»-ն իր այսօրվա համարում ներկայացրել է մի լուսանկար եւ այդ մասին գրում է. - «Նկարում պատկերված երեքհարկանի առանձնատունը գտնվում է Փարիզի արվարձանում: Վիլլայի անունն է` Hermitage: Այն գտնվում է Maurice Chevaliar փողոցում` անտառի փեշին: Այս թաղամասում հիմնականում հարուստներն են ապրում: Նրանց թվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Ֆրանսիայի անշարժ գույքի գործակալությունները այս տարածքի առանձնատները գնահատում են 1.5-2 միլիոն եվրո` կախված տան վիճակից: Տան դարպասի մոտ կայանած մեքենայի համարանիշները հայկական են` 21SO840: Այդ համարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան գրանցված է Գավառում` Արզաքանցյան Էդիկի անունով: Hermitage վիլլայի սեփականատերը Almaz ընկերությունն է, որը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի անունով: 1,480 մլն եվրո կապիտալով ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին: Ուշագրավն այն է, որ Տիգրան Արզաքանցյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից չի երեւում, որ նա Ֆրանսիայում անշարժ գույք է ձեռք բերել: Այսինքն` նա իր ունեցվածքը թաքցրել է հարկային մարմիններից»:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG