Մատչելիության հղումներ

Մայիսի 3-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը ներում է շնորհել թե' 91-ի, թե' 93-ի «պուտչերի» կազմակերպիչներին: Եվ խնդիրը այն չէ, որ նա անչափ բարի մարդ էր կամ շատ էր սիրում Յազովին ու Խասբուլատովին, որոնք, ի դեպ, ի տարբերություն Սասունի ու Նիկոլի, իսկապես ցանկանում էին զավթել իշխանությունը: Ոչ, Ելցինը ելնում էր զուտ պրագմատիկ հաշվարկից` հասկանալով, որ իրեն դժվար կլինի ղեկավարել «եվրոպական» ու «ժողովրդավարական» հավակնություններ ունեցող մի երկիր, որտեղ վրեժխնդիր են լինում այլախոհներից, եւ այդ հանգամանքը «իր երեսով են տալու» թե' ներսում, թե' դրսում: Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը նույնպես չի սահմանափակվում զուտ անհիմն դատապարտվածների ազատ արձակումով: Խոսքը, ըստ էության, քաղաքական մշակույթի փոփոխության մասին է: Մինչ այսօր դրա գլխավոր կարգախոսն էր` «ով ինձ բան ասի, կտամ-կսպանեմ»… Հիմա էլ կան օլիգարխներ, պատգամավորներ, որոնք հանդես են գալիս այս արխայիկ, տղայական մոտեցումներով: Այս ամսվա ընթացքում, կարծես թե, հնարավորություն կստեղծվի անցնելու ավելի բանական եւ իմաստավորված տեքստերի»:

«168 ժամ»-ը զրուցել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Նիկոլ Փաշինյանի հետ, ով ասում է. - «Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը քաղաքական հարց է, եւ հենց այդ պատճառով են նրանք կոչվում քաղբանտարկյալներ։ Քաղաքական բանտարկյալներ։ Իշխանության այն պնդումը, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, որովհետեւ այդպես հայտարարվող բոլոր անձինք դատապարտվել են Քրեական օրենսգրքի հոդվածներով, ուղղակի ծիծաղելի է։ Եթե կարելի է առանց պատշաճ ապացույցների մարդուն մեղավոր ճանաչել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչու չի կարելի այդ նույն մարդուն նույն կերպ մեղավոր ճանաչել գողության, կողոպուտի, խարդախության, թմրաբիզնեսի մեջ։ Իմ նկատմամբ նշված հոդվածներով, ՔՕ ցանկացած այլ հոդվածով կայացված մեղադրական դատավճիռը նույնքան «հիմնավոր» կլիներ, որքան այսօր ուժի մեջ գտնվող դատավճիռը։ Իշխանության տրամաբանությամբ ստացվում է, որ որեւէ մեկին քրեական մեղադրանք առաջադրելը բավարար է, որ նա քաղբանտարկյալ չհամարվի։ Ստալինը ո՞նց չի ֆայմել քաղբանտարկյալներին գողության-մողության հոդվածներով դատել։ Անդրեյ Սախարովին թող թմրաբիզնեսի մեղադրանք առաջադրեին, եւ նա կդադարեր քաղբանտարկյալ լինել»։

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանում այսօր գրեթե միայն ալարկոտ եւ ծույլ քաղաքական ուժերը, դրանց ալարկոտ ու ծույլ գործիչներն են, որ չեն հայհոյում ընդդիմությանը հասարակության շահը «դավաճանելու» եւ իշխանության հետ «գործարքի» գնալու համար: Դե իսկ քանի որ Հայաստանում «պղտոր ջրում ձուկ որսալ» որեւէ ուժ երբեք չի ալարել, ուրեմն կարող ենք ասել, որ գրեթե բոլոր ուժերը, որոնք դուրս են Կոնգրես-իշխանություն գործընթացից, լծվել են Կոնգրեսի «դավաճանության» համար հայհոյելու գործին: Հասկանալի է, մարդիկ կանգնել են մարգինալացվելու ռեալ վտանգի առաջ: Բայց նրանց, իհարկե, դա չի հուզում, այլ այն, որ մարգինալության այս փուլը կարող է խորհրդարանական մանդատներ արժենալ: Իսկ այդ մարդիկ արդեն երեք տարի է երազում էին, որ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սուր հակադրության պատճառով դիմելու է իրենց օգնությանն ու փորձելու է իրենց տեղ տալով` հարվածել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հիմա այդ երազները փլուզվում են, քանի որ ինչ-ինչ շարժառիթներից ու հաշվարկներից ելնելով` Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել են փոխադարձաբար ընդունելի կանոններով խաղ խաղալ»:

«Երկիր»-ը գրում է. - «Իշխանություն-ՀԱԿ մերձեցման միտումները, որոնք ավելի ու ավելի հրապարակային են դառնում, քաղաքական դաշտը լուրջ վերաձեւումների առջեւ են կանգնեցնում: Այն ենթադրում է երկու հնարավոր սցենար: Առաջին` Կոնգրեսը, պնդում է, որ նախնական երեք պահանջների կատարումից հետո իշխանությունը պետք է նաեւ մյուս 12-ը կատարի: Եվ այդ պահանջների կատարման ընթացքի նկատմամբ ստանձնում է արբիտրի դեր: Երկրորդ` ՀԱԿ-ը համաձայնում է երկխոսությունը վերածել հակագործակցության` իշխանության որոշակի լծակներ ձեռք բերելու եւ այդ փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու նկատառումով: Երրորդը ետդարձի տարբերակն է, որն ամենաանխոհեմն է եւ որին կողմերից որեւէ մեկն ուղղակի չի գնա, որովհետեւ դա հավասարազոր կլինի ինքնասպանության»:

Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Երկրի նախագահն ու իշխանությունները արդեն երեք տարի է, ինչ հետեւողականորեն վարում են հասարակական հանդուրժողականության քաղաքականություն, որը արդեն բոլորի համար տեսանելի արդյունքներ է տալիս: Այն, ինչը ՀԱԿ-ը մի քանի ամիս առաջ ձեւակերպեց իշխանությանը ներկայացված պահանջների տեսքով, իշխանությունն արդեն իսկ իրականացնում էր: Միամտություն է կարծել, թե մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ անօրինական գործողություններ կատարելու համար ազատազրկվածներին ազատ արձակելու, տեղի ունեցածը մինչեւ վերջ պարզելու եւ հարուցված բոլոր քրեական գործերը բացահայտելու խնդիրները միայն ընդդիմությանն են հետաքրքրում կամ անհանգստացնում, երբ այդ ամենի պատասխանատուն իշխանությունն է: Այս խնդիրները մենք միշտ էլ քննարկել ենք, օր առաջ փորձել լուծել»:
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG