Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի միջոցով են փորձում հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին ծանոթանալու հնարավորությունը վերականգնել: Չորս պատգամավոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կառավարության և Արտգործնախարարության՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել նախարար Միրզոյանի այս տարվա մարտի գրությունը, որով նրանց արգելվել է ծանոթանալ բանակցվող փաստաթղթին։ Ակնկալում են, որ դատարանն այդ որոշումը չեղարկի:
«Հիմնավորումը զավեշտ էր՝ մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում ենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հույժ գաղտնի» նշումով փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն «Հայաստան» խմբակցության անդամներին ընձեռվել էր անցած տարվա դեկտեմբերին, այն էլ, ինչպես իրենք են ասում՝ երկար պնդումներից հետո: Դրա բովանդակությունը պատգամավորները թեև չէին բացահայտել, բայց և շեշտել էին՝ այն չի բխում Հայաստանի շահերից:
Այս հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց արգելեց ծանոթանալ փոխանակվող տեքստին. - «Այնքան կարդացել եք, բավական է, երկար ժամանակ էլ չեք կարդա»:
Ավելի ուշ ընդդիմադիրներին մերժեց Արտգործնախարարությունը՝ պատճառաբանելով, թե դա անում են բանակցային գործընթացը չխաթարելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ ԱԳՆ-ն ընդդիմադիրներին թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին ԱԳՆ-ում հայկական առաջարկներին ծանոթացած ընդդիմադիրները խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չեն տեսելԻշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լիլիթ Մինասյանը նախարարության որոշումը լեգիտիմ է համարում: Պնդում է՝ բացառապես քաղաքական գնահատականների համար չէ, որ նրանց արգելել են փաստաթղթին ծանոթանալ: Բայց և չի նշում՝ նախագծի այդ ո՞ր կետն են ընդդիմադիրները սխալ մեկնաբանել:
«Կոնկրետ հոդվածներին կարող է անդրադարձ չկատարվել, որովհետև դա արդեն քրեաիրավական տիրույթ է գնում՝ գաղտնի փաստաթղթի կետերին հղում անել, բայց իրենց մեկնաբանությունները բովանդակությանը անդրադարձել են՝ խեղաթյուրելո՛վ բովանդակությունը, խնդիրը էդտեղ է. ոչ թե իրական բովանդակությունն են նրանք նաև բացահայտել, այլ խեղաթյուրել են իրականությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:
Անցած դեկտեմբերին նախագծին ծանոթացած Արթուր Խաչատրյանը շեշտում է՝ գաղտնիությունը չեն խախտել, ճիշտ հակառակը՝ օրենքն ու Սահմանադրությունը այս դեպքում Կառավարությունն է խախտել՝ մի մարդու որոշմամբ իրենց զրկելով նախագծին ծանոթանալու հնարավորությունից: Մեղադրանքների փոխարեն պատգամավորն առաջարկում է փաստեր ներկայացնեն:
«Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ դե թող հրապարակեն այն, ինչը, ըստ իրենց, մենք սխալ ենք ներկայացրել», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես հիմա ես առնվազն քրեական հետապնդման ենթարկվելիս կլինեի»:
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն ընդունում է՝ Երևանի և Բաքվի միջև փոխանակվող նախագծին ծանոթանալուց հետո քաղաքական գնահատական հնչեցրել են, որ այն ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի մասին է: Հավելում է՝ դա փաստեց նաև վիճահարույց կետերի շուրջ Բաքվի բացահայտումը, որը վերջին հարցազրույցում ըստ էության հաստատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչումը և սահմանազատված հատվածներից Եվրամիության դիտորդների դուրսբերումը:
«Այս իշխանություները խոսում են ինքնիշխանության մասին, բայց նույնիսկ չեն կարողանում սեփական տարածքում դիտորդ տեղակայել: Դու չես կարող քո սեփական տարածքում ո՛չ գործարան կառուցել, ո՛չ դիտորդներ բերել: Այդտեղ է, որ դու նույնիսկ քո սեփական տարածքում որոշում կայացնելու հնարավորություն չունես», - նշեց դաշնակցական պատգամավորը:
Դատարանն ընդդիմադիրների հայցն արդեն վարույթ է ընդունել, նախնական նիստը հունվարի 14-ին է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից