«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի վարչապետին ներկայացնում է վերջնագիր, և Նիկոլ Փաշինյանն այս կամ այն կերպ բավարարելու է Ադրբեջանի պահանջները։
«Որովհետև ինքը պայքարում է մեկ բանի համար՝ ինքն Ադրբեջանից ինչ-որ թուղթ է ուզում պոկել, այդ թուղթը կարող է լինել շրջանակային, որը քննարկվում էր COP-ի ժամանակ, շրջանակայինը կարելի է հետագայում էլ ստորագրել, շրջանակայինն իր բնույթով բավական ազատ փաստաթուղթ է», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Բաքուն շարունակում է պնդել, թե «խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնություններն են»։ Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց դրա փոփոխությունը նախապայման չեն դարձնում նաև այն պատճառով, որ խաղաղության բանակցությունները չմտնեն փակուղի:
«Ինքը Ադրբեջանից պիտի կորզի մի թուղթ, ցանկացած թուղթ, որ օգտագործի քարոզարշավի ժամանակ։ Ընդ որում, հերթական քարոզարշավի, ամենայն հավանականությամբ, ես արտահերթի տրամաբանություն չեմ տեսնում, իսկ ինքը հիմա Ադրբեջանի հետ բանակցում է իր քարոզարշավի սլոգանը, այդ համատեքստում, քանի որ ինքը գնալու է Հայաստանի ազգային, պետական շահերի լիքը զիջումների, իրեն անհրաժեշտ է մի քանի դեմք փրկելու հնարավորություն», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.