Մատչելիության հղումներ

«Կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին


Դրանք վերաբերում են հարաբերությունների կարգավորման առանձին նյուանսների. նախարար

Երևանն ու Բաքուն ուղիղ երկու ամիս խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ տարաձայնություններից հետո ոչ թե համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրեցին, ինչպես Հայաստանի պաշտոնյաներն էին առաջարկում, այլ շարունակում են աշխատել չհամաձայնեցված կետերի շուրջ։ Մի բան, որը Բաքուն էր պահանջում՝ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցնել, ապա ստորագրել:

Այսօր խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը մանրամասնեց՝ գործընթացն արագացնելու համար ադրբեջանական կողմին առաջարկել էին փաստաթղթից հանել թե՛ Երևանի, թե՛ Բաքվի այն առաջարկները, որոնց շուրջ համաձայնություն չի եղել, սակայն ադրբեջանական կողմը մերժել է:

«Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք: Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է: Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման», - նշեց Միրզոյանը:

Խաղաղության պայմանագրի բանակցվող տարբերակը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտնել, ունի 17 կետ, որից 13-ն ամբողջությամբ, 3-ը մասնակի են համաձայնեցված, իսկ մի կետի շուրջ առհասարակ համաձայնություն չկա:

Թե այժմ կոնկրետ քանի՞ կետ է փորձ արվում համաձայնեցնել, այսօր արտգործնախարարը չհստակեցրեց՝ ընդհանուր նշելով, թե քննարկումը մեկ-երկու ձևակերպման շուրջ է:

Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել էր, թե բանակցություններն ընթանում են երեք մասամբ համաձայնեցված կետերի շուրջ: Բովանդակության վերաբերյալ Արարատ Միրզոյանն այսօր էլ հրաժարվեց խոսել:

«Չկարողանալով, իհարկե, հանրայնացնել կոնկրետ ձևակերպումների բնույթը կամ թեման, կարող եմ ասել, որ դրանք վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առանձին նյուանսների, որոնք եթե հաջողվի փոխհամաձայնեցնել, կգան ամբողջականացնելու կարգավորման գործընթացը», - ընդգծեց նա:

Քննադատելով իշխանության այս դիրքորոշումը՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ամեն դեպքում փորձեց պարզել՝ արդյոք բանակցային փաստաթղթում քննարկվե՞լ կամ համաձայնեցվե՞լ է միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց:

«Պետք է հասկանանք՝ ինչի համար որևէ մեկն ասում է որևէ բան կամ անում է որևէ բան։ Դուք ասում եք բաներ, որոնք պիտի շարունակեն կամ ավելացնեն, կամ թեժացնեն դիրքորոշումների կոնֆլիկտը», - այսպես պատասխանեց արտգործնախարարը։

Կրկին Սահմանադրության վերաբերյալ տարբեր պնդումներ

Խաղաղության պայմանագրի տեքստի ամբողջական համաձայնեցումը Բաքվի միակ պահանջը չէ, այն ստորագրելու համար Ադրբեջանի նախապայմանն է նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Այս մասին վերջին շրջանում Բաքուն խոսում է գրեթե ամեն օր, բայց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մոտ մեկ շաբաթ, իսկ ավելի կոնկրետ առաջնորդների կազանյան բանակցություններից հետո այդ պահանջը չի լսել: Նախարարից փորձեց հասկանալ Բաքուն փակե՞լ է այդ էջը: Միրզոյանը ուղիղ չպատասխանեց, բայց Ադրբեջանի մտահոգությունները անհիմն որակեց։

«Մեզ որպես արդեն շատ կոնկրետ և հզոր ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը», - ասաց Արարատ Միրզոյանը։

Բաքուն մինչդեռ այսօր կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունից: Ադրբեջանի արտգործնախարարը թեև հայտարարել է, որ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, բայց շարունակել է պնդել՝ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ «առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ»:

Ադրբեջանի հետ մեկ այլ տրամագծորեն տարբեր պատկերացումներ կան ապաշրջափակման հարցում: Ամեն դեպքում հենց այս հիմնավորմամբ Երևանն ու Բաքուն հարցը հանեցին բանակցվող փաստաթղթից, բայց չդադարեցին դրա շուրջ քննարկումները: Արարատ Միրզոյանն առանց մանրամասների այսօր միայն ասաց՝ Երևանը ապաշրջափակման հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին: Տարեսկզբին արված այդ առաջարկի վերաբերյալ ավելի վաղ որոշ փակագծեր էր բացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը. խոսքը պարզեցված ընթացակարգերի մասին է։

«Կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև։ Սա ասում եմ՝ ցույց տալու, որ այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա, և մենք կշարունակենք առաջիկայում ադրբեջանական կողմի հետ աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում», - նշեց նախարարը։

Օկուպացված տարածքների հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում

Չնայած խնդիրներին՝ արտգործնախարարն այսօր շոշափելի արդյունք համարեց Տավուշ - Ղազախ հատվածի սահմանազատումը: Այդ գործընթացի արդյունքում Ադրբեջանին վերադարձվեց չորս գյուղ, բայց Հայաստանի ընդհանուր առմամբ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք մնում է օկուպացված: Միրզոյանը հույս հայտնեց, որ սահմանազատումը կշարունակվի, երբ առաջիկայում կողմերը միմյանց պաշտոնապես ծանուցեն սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին. - «Օկուպացված տարածքների հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»։

Խորհրդարանում մոտ մեկուկես ժամ տևած քննարկման ընթացքում Արցախից տեղահանվածների և նրանց վերադարձի իրավունքի մասին նախարար Միրզոյանը ոչինչ չասաց, իսկ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ կա՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Արտգործնախարարության օրակարգում, Միրզոյանը պատասխանեց՝ նախարարության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է:

XS
SM
MD
LG