Մանուկյանը պնդում է՝ իրենք ընդամենը զգուշացրել են հանրությանը
Արտգործնախարարությունն այլևս թույլ չի տալիս ընդդիմադիրներին ծանոթանալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին չորս ընդդիմադիրներով դիմել էին Արտգործնախարարություն՝ Բաքվի առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ ԱԳՆ-ից, սակայն, ստացել են պաշտոնական մերժում։
«Հայտնում ենք, որ բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը», - արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը ներկայացրեց Մանուկյանը։
«Այսինքն՝ չորս պատգամավոր գնում, ծանոթանում էինք բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերին, նախագծերին, մենք ենք խաթարել այդ բանակցությունը, մենք ենք խանգարել այդ բանակցությունները, հանրությանը մենք ենք մոլորեցրել», - նշեց նա։
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ իրենք որևէ կարգ չեն խախտել, նախագծի որևէ դրույթ չեն հրապարակել, ընդամենը զգուշացրել են հանրությանը. - «Հանրությանն ասելով, որ ժողովո՛ւրդ, ձեզ խաբում են, Նիկոլ Փաշինյանը ստում է, այս իշխանությունը ստում է, որ երկնքից մանանա է խոստանում, Նիկոլ Փաշինյանը ստում է, Գրիգորյան Արմենը ստում էր, որ մինչև տարվա վերջ արդեն պայմանագիրն Ադրբեջանի հետ կստորագրվի։ Մենք ասում էինք՝ ունենք անհանգստություններ, և այդ անհանգստությունները որևէ կետ չբացահայտելով, կետերը բացահայտել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, ոչ թե մենք ենք այդ կետերը բացահայտել»։
Խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նախորդ առաջարկներին ծանոթացած Մանուկյանն ասում է՝ փաստաթղթին ծանոթանալուց հետո հաստատվել են իրենց կասկածները, որ իշխանությունը խոսում է նոր Սահմանադրության մասին հենց Ադրբեջանի պահանջով։ Իշխանություններն, ի դեպ, հերքում են սա՝ պնդելով, որ Հայաստանի օրենսդրությունը երկրի ներքին գործն է։
«Առաջին իսկ պահից, երբ խոսեցին նոր Սահմանադրության մասին, մենք ասացինք՝ ժողովո՛ւրդ, սա Հայաստանի Հանրապետության համար չի, Ադրբեջանի պահանջն է՝ Անկախության հռրակագիրը…», - նշեց նա։
Հարցին, թե կա՞ Սահմանադրության մասին ինչ-որ կետ պայմանագրում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. - «Կա, բառացի չի, դրա համար այդ փաստաթղթում եղած դրույթներն իրականում պետք է ամբողջությամբ բովանդակությամբ կարդաս։ Պայմանագրերը դրա համար են։ Միանշանակ {դրա համար է նորն առաջարկվում}, որովհետև այդ փաստաթղթում խոսվում է մի թեզի շուրջ, որը ՀՀ սահմանադրությանն է հակասում, որն ասում է, որ այդ փաստաթուղթն ավելի վեր պետք է լինի, քան Հայաստանի ցանկացած և Ադրբեջանի ցանկացած փաստաթուղթ։ Դա Սահմանադրական դատարանը չէր վավերացնելու՝ ինչ էլ մտածեր՝ եկեք փոխենք Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը հանեն, ադրբեջանցիների ուզածն անենք, ժողովրդին ներկայացնենք՝ բա տեսեք՝ մենք նոր Սահմանադրություն ենք բերել։ Մեր այդ բոլոր ահազանգերը, և իրականում հանրային քննարկում ծավալվեց երկրում, բա ուզում էին մենակ այդ կեղծ քարոզչության, ոսկե սարեր խոստանալու իրենց քաղաքականությամբ մինչև վերջ հաջողեի՞ն։ Չէ, չի լինի այդպես»։
Ինչպե՞ս կարող են չորս պատգամավորները խաթարել բանակցային գործընթացը՝ ծանոթանալով դրա բովանդակությանը. հարց նախարարին
Ինչպե՞ս կարող են չորս պատգամավորները խաթարել բանակցային գործընթացը՝ ընդամենը ծանոթանալով դրա բովանդակությանը. խորհրդարանում երեկ արտգործնախարարին հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Վերջինս շեշտեց՝ խաղաղության պայմանագրի նախագծին իրենք ծանոթանում են հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով և ոչ թե ժողովրդին ասելու, թե հրաշալի փաստաթուղթ է քննարկվում։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, թե պետք չէ կարդալ փաստաթուղթը և ասել՝ ամեն ինչ լավ է, հատկապես որ իրենք էլ են կարծում, որ ամեն ինչ լավ չէ։ Բայց, ըստ արտգործնախարարի, պետք էլ չէ ասել այնպիսի բաներ, որոնք չկան այդ փաստաթղթում, և է՛լ ավելի սթրեսի ենթարկել հանրությանը։
«Ազնիվ էլ չի գալ, տեսնել, որ այդպիսի բան գրած չկա, ու գնալ, շարունակել նույն նարատիվը՝ հաշվի առնելով այն մեծ հոգեբանական սթրեսը, որում մեր հասարակությունը գտնվում է, հաշվի առնելով այս հարցի զգայունությունը։ Գալ, տեսնել, որ այդպիսի բան չկա, վեր կենալ, նորից գնալ ու ասել ինչ-որ մի իքս բան, որը, գիտեք, որ նորից սթրեսի է ենթարկելու մեր քաղաքացիներին, հողմաղացների դեմ պայքարել պետք չէ։ Առավել ևս մեր հանրությանը համոզել, որ այս թղթում ինչ-որ ապոկալիպսիս բաներ են գրված, առավել ևս պետք չէ։ Վերջը այդ պայմանագիրը մի օր բացվելու է չէ՞, եթե հաջողությամբ բանակցությունները ընթանան, և հնարավոր լինի ստորագրել, բացվելու է չէ՞, մարդիկ էլ տեսնելու են, թե մեջն ինչ կա գրված, ինչ չկա»։
Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց՝ Արտգործնախարարությունը պարտավոր է փաստաթուղթը տրամադրել և կոնկրետ ժամկետում։ Վարդանյանը պնդեց՝ իրենց արգելվել է խաղաղության պայմանագրի տեքստին ծանոթանալ հենց Բաքվի պահանջով, քանի որ հենց այդ թեմայով Ադրբեջանում մեծ քննարկումներ են եղել։
«Եվ դա քննարկվել է ադրբեջանական պետական հեռուստաընկերություններում 10 օր շարունակ, և նախկին արտաքին գործերի նախարարն է դրա մասին խոսել, ուժային ներկա կառույցների ներկայացուցիչներն են խոսել, ադրբեջական իշխող ուժի պատգամավորներն են դրա մասին խոսել», - նշեց նա։
Մերժումից հետո ընդդիմությունը պատրաստավում է դատարանում վիճարկել ԱԳՆ որոշումը։ Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ այն, ինչ իրենք պահանջում են, Արտգործնախարարությունը չի կարող չտրամադրել։
«Կարող են արգելել օրենքով, օրինակ՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, եթե անձնական բնույթի տվյալներ են։ Ես չեմ հարցնում Արարատ Միրզոյանի, որն ապրում է կառավարական դաչեքում, պահարանը որ պատի տակ է դրած, կամ իր տեղակալն ինչ առողջական պատճառով բանակից փախավ։ Ես հարցնում եմ հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթի մասին, և իրենք պարտավոր են տրամադրել մեզ, իմ գործընկերներին։ Քննարկում ենք իրավական, նաև դատական կարգով վիճարկելու այդ ամենը», - ասաց նա։
Հայաստանն ու Ադրբեջանն արդեն 7 անգամ առաջարկներ են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Հայաստանը հետըթնաց էր տեսել ադրբեջանական վերջին առաջարկներում։ Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հայտարարել՝ արդյոք Բաքվին փոխանցել է իր պատասխան առաջարկները։