«Ադրբեջանի կողմից կազմակերպված արտահոսքն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված արտահոսքն է՝ ցույց տալու համար, թե Ադրբեջանի դիրքորոշումն ինչ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Բաքվից նախօրեին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։
«Պահանջը, իհարկե, կա, որովհետև Ադրբեջանը չի ուզենա, որ սահմանին լինի ինչ-որ մեկը անկախ նրանից, լինի դա Եվրամիության դիտորդ, թե ՀԱՊԿ դիտորդ, թե աֆրիկյան համագործակցության դիտորդ, որպեսզի ինքը կարողանա անի, ինչ որ ուզում է, և Ադրբեջանը այդ տրամաբանության մեջ հետևողական է», - նշեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Բաքուն որևէ միջնորդ ընդհանրապես չի ուզում. - «Որովհետև եթե դու ուժեղ ես, դիմացինդ թույլ է, տետատետ հարաբերություններում դու կարող ես ցանկացած պահանջ ներկայացնել, եթե ինչ-որ չափով միջնորդավորված է, միջնորդը միշտ փորձում է բանակցությունները բանակցություններ դարձնել, բալանսի բերել և դրանից բացի, ձեռք բերված համաձայնության երաշխավորն է դառնում»։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար բողոքում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից՝ մեղադրելով վերջինին կողմնակալության, «սադրանքների» մեջ: Պաշտոնական Երևանը, հակառակը՝ ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։ Եվրամիության առաքելությունն էլ հերքում է Բաքվի բոլոր մեղադրանքները:
2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
Մանրամասները՝ տեսանյութում.