Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկողները հինգ ամիս անց դեռ բացահայտված չեն

Սամվել Վարդանյանը, արխիվ

Խոշտանգման մասին ահազանգելուց հինգ ամիս անց էլ Քննչականը չի հստակեցրել, թե ով կամ ովքեր կարողացան ոստիկանական ավտոմեքենայից իջեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին և ծեծել հենց այն ժամանակ, երբ նրան ուղեկցող ոստիկանները հեռացել էին ավտոմեքենայից։ Հարուցված քրեական գործում որևէ մեղադրյալ չկա։

«Տեղի են ունեցել քննչական գործողություններ, սկզբի շրջանում՝ բավական ինտենսիվ, հարցաքննություն, դեպքի վայրի զննություն, դեպքի վայրի զննությամբ էր, որ պարզվեց, իմ պատկերացմամբ, ամենակարևոր հանգամանքը, որ Սամվել Վարդանյանը նախապես հարցաքննությամբ մարշրուտն է ներկայացրել, որպեսզի էդ փակ տարածքում պարզ լինի, թե որտեղ է էդ դեպքը տեղի ունեցել, և հետո, նույնիսկ անգիր եմ արել՝ աջ, ձախ, աջ, երկու հատ ձախ՝ «գնացինք աջ, հետո՝ ձախ, հետո՝ աջ, հետո՝ երկու հատ ձախ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ամիսներ առաջ Վարդանյանին ձերբակալել էին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, սպառնալու, հասարակական կարգը խախտելու, նաև քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտությունների համար։

Ավտոբուսում պատգամավորի հետ միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալել էին, ոստիկանական մեքենայով տարել Քննչական։ Նա իր փաստաբաններին պատմել էր, որ ճանապարհին՝ արդեն Քննչականին կից ամայի տարածքում, ուղեկցող ոստիկաններն ավտոմեքենան կանգնեցրել էին, որ բնական կարիքները հոգան, և հենց այդ ընթացքում էլ անհայտ անձինք հարձակվել էին իր վրա ու ծեծել։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ նույն Քննչականը շատ արագ՝ մեկ ամսում քննեց իր պաշտպանյալի դեմ գործը, ուղարկեց դատարան, բայց խոշտանգման հոդվածով հարուցված այս մի գործը դոփում է տեղում։

«Էն ոստիկանները հարցաքննվել են, որոնք որ էդ օրը ուղեկցել են, հետո առերեսումներ են իրականացվել Սամվել Վարդանյանի հետ, փորձաքննության են ուղարկվել, օրինակ՝ շալվարը, կոշիկները, որոնց վրա խոտի այդ հետքերն էին, էսքանից ենք մենք տեղյակ: Նույն ձևով՝ ակնկալիք էստեղ մենք չունենք», - նշեց Մելիքյանը:

Բացահայտման ակնկալիք չունեն, քանի որ միջադեպը սովորական բռնություն չեն համարում, ասում է փաստաբանն ու պնդում՝ սա քաղաքական պատվեր էր մի մարդու հանդեպ, ով համարձակվել էր իշխանական պատգամավորի հետ վեճի բռնվել։

Քննչականից հակադարձում են՝ քննությունը շարունակվում է, քաղաքական պատվերի մասին խոսք լինել չի կարող։

Վարդանյանի ու պատգամավորի հանդիպումը ավտոբուսում այս տարվա ապրիլին էր, երիտասարդը Ասլանյանին «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ այս վիրավորանքներին ի պատասխան պատգամավորը ձեռքով հարվածում է Վարդանյանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելՔՊ պատգամավորին առնչվող դեպքից հետո ձերբակալվածը պատմել է իր նկատմամբ բռնության մասին. Արման Ղազարյան