Մատչելիության հղումներ

«Մենք մեղադրանքը չենք ընդունում». ՔԿ-ն ավարտել է Սամվել Վարդանյանի դեմ հարուցված գործի քննությունը


Սամվել Վարդանյան
Սամվել Վարդանյան

Քննչական կոմիտեն ավարտել է ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանի դեմ հարուցված գործի քննությունը։

Երիտասարդը մեղադրվում է իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու հոդվածներով։ Նա, ըստ փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում:

«Այս առումով, այո, մենք մեղադրանքը չենք ընդունում: Այն փաստերը, որոնք առնվազն այդ տեսանյութում երևում են, Սամվել Վարդանյանը, բնականաբար, չի ժխտում, բայց Սամվել Վարդանյանը և մենք այն համոզմանն ենք, որ այդ փաստերը հանցակազմ չեն պարունակում», - նշեց Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ըստ Քննչականի՝ Սամվել Վարդանյանը տրանսպորտում վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել պատգամավոր Ասլանյանին, խախտել հասարակական կարգը, նաև քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ արել։ Այս դրվագով քննությունը մոտ մեկ ամիս տվեց։

Մինչդեռ Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքով գործը, ըստ փաստաբանի, դոփում է տեղում. պատգամավորի հետ միջադեպից հետո ձերբակալված երիտասարդը պնդում է, թե անհայտ անձինք գիշերով ծեծել են իրեն Քննչականի տարածքում, երբ նա փաստացի եղել է ոստիկանների հսկողության ներքո: Մինչ այժմ ոստիկաններից որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ արդեն արձանագրված են վնասվածքները, բայց տեղյակ չեն՝ արդյո՞ք հարցաքննվել են ուղեկցող ոստիկանները. - «Ոստիկանության պատասխանատվությունն ակնհայտ է: Անուն- ազգանուններն այդ ոստիկանների, որոնք բերման են ենթարկվել կամ որոնց հսկողության ներքո գտնվել է քաղաքացին հայտնի է, արձանագրված է: Հիմա անկախ նրանից, թե իրենք են բռնությունը կատարել, թե իրենց թողտվությամբ այլ մարդիկ են կատարել, պատասխանատվությունը կրելու են հենց ոստիկանության աշխատակիցները»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ քրեական գործ հարուցելը բավարար չէ, անցած մեկ ամիսը բավարար էր ոչ միայն ոստիկաններին հարցաքննելու, նրանց լիազորությունները կասեցնելու, այլև մեղադրանք ներկայացնելու համար։ Ընդգծում է՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը բացարձակ է և պետությունն ավելի մեծ պարտավորություն ունի քննելու այդ գործերը։

«Դուրս է գալիս, որ մարդն իր ծայրահեղ ու վատ ձևով արտահայտված վերաբերմունքի համար պաշտոնատար անձի նկատմամբ պատասխանատվության է ենթարկվում իր կատարած հանցանքի համար, բայց պետության կողմից նրա աշխատակիցների, հանձինս ոստիկանության աշխատակիցների կողմից ավելի վատ վերաբերմունքի համար պատասխանատվության չեն ենթարկում», - նշեց Սաքունցը:

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ ստացել են Վարդանյանին ձերբակալելու և ոստիկանություն, ապա քննչական տեղափոխելու տեսագրությունները, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Քննչականից պնդում են՝ շարունակում են քննությունը՝ պարզելու թե՛ ոստիկանների գործողությունները, թե՛ ձերբակալվածին առերևույթ խոշտանգելու հանգամանքները։

XS
SM
MD
LG