«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հայտարարում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդը պատմել է գիշերն իր նկատմամբ իրականացված բռնության մասին։
Դեպքն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, տեղի է ունեցել, երբ ոստիկանները խուլիգանության գործով ձերբակալված Սամվել Վարդանյանին տեղափոխում էին ձերբակալվածների պահման վայր:
«Աջ ձեռքի դաստակի մասն ուռած էր, էդքանը տեսել եմ, կարող ա հագուստի տակից էլ վնասվածքներ կային, ես չէի կարող..., դա իմ իրավասության մեջ չէր: Նաև ասացի՝ գիշերը քեզ բերելուց էդ ամեն ինչի մասին ինչի՞ չես ներկայացրել պահման վայրի հիմնարկի տնօրինությանը, ասաց՝ «վախեցել եմ, որովհետև ինձ սպառնում էին, որ էս մասին ոչ մեկը չիմանա, եթե շարունակես, նորից նույնը կկրկնվի ձեր նկատմամբ», - ներկայացրեց Ղազարյանը:
«Ազատության» հարցին՝ քանի՞ հոգի են եղել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «4-5 դիմակավորված անձինք: Սամվել Վարդանյանը ասում է՝ «մեքենան կանգնեցրեցին, թե մենք իջնում ենք անձնական կարիքներ հոգալու, իրենք մեքենայից իջան», ըստ իր պատմածի, իրենք չեն խառնվել, մնացած դիմակավորված անձինք են արել իր նկատմամբ՝ բռնություն, ծեծ և այլն»:
Չնայած նկարագրվածից 19-20 ժամ է անցել՝ իրավապահները բռնության այդ դեպքի մասին մինչև այս պահը չեն հաղորդել։ Գլխավոր դատախազությունից ու Քննչական կոմիտեից նույն պնդումն են անում՝ այս պահին հանցանքի մասին հաղորդում չեն ստացել։
Առավոտյան ՔԿ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց պատգամավորի հետ տեղի ունեցածի մասին, թե տրանսպորտում անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել պատգամավոր Ասլանյանին՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։
Դեպքով զբաղվում են ՔԿ-ի ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Կոմիտեից հաղորդեցին՝ Սամվել Վարդանյանին մեղադրանք առաջադրված չէ, նա ունի ձերբակալվածի կարգավիճակ:
Չնայած համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Ասլանյանը ևս ձեռք է բարձրացնում, ինքը՝ պատգամավորը հերքում է, թե հարվածել է, պնդում է՝ միայն հրել է՝ անցնելու համար:
Պատգամավորը կարծում է՝ փաստաբանի կարիք չունի, Վարդանյանի պաշտպանը ծեծի դեպքը ՔՊ-ի հետ է կապում
Պատգամավորը կարծում է՝ փաստաբանի կարիք չունի. իրավաբանական կրթություն ունի, ինքն իրեն կարող է պաշտպանել: Իրավապահներին, պնդում էր պատգամավորը, ինքը չի դիմել։ Երբ համացանցում տեսագրությունը տարածվել է, ինքն է Քննչական կոմիտեից զանգ ստացել, թե՝ «բռնել ենք միջադեպի մասնակցին, եկեք հանցագործության հաղորդում տվեք»։
Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ էլ քրեական վարույթ պետք է հարուցվեր մամուլի հրապարակումների հիման վրա, եթե՝ ոչ, իրենք հանցագործության մասին հաղորդում կտան։ Վարդանյանը դատաբժշկի ուղեգիր ունի՝ միայն պատգամավորի մասնակցությամբ դեպքով, մարմնին, ըստ փաստաբանի, կան հարվածների հետքեր։
Մելիքյանը ծեծի դեպքը անձամբ ՔՊ-ի հետ է կապում. ըստ նրա՝ վրեժխնդրության դրսևորում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու նկատմամբ:
Մինչև իրավապահները հաղորդագրություն կտարածեին, ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ երեկ՝ դեպքից հետո տեղի ունեցածը խուլիգանություն որակեց, խոստացավ, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին։
Ընդդիմադիր «Հայաստան»-ից Էլինար Վարդանյանն ասում է՝ երբ խոսքը ոչ յուրայիններին է վերաբերվում ոչ միայն գնահատականներ են հնչում, այլև՝ մեղավորներ կարգվում:
«Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի արձագանքին, ես, իհարկե, էդպիսի արձագանք կակնկալեի, երբ քաղաքացու վրա թքում էին, այդ միջադեպի կապակցությամբ, իսկ այս արձագանքը կարելի է գնահատել որպես միջամտություն իրավապահ մարմինների գործունեությանը, որովհետև կուսակցության անունից կարելի է տարածել հայտարարություն ակնկալելով, որ մեղավորները կպատժվեն և այլն, մինչդեռ մենք արդեն տեսնում ենք, որ իրենք գնահատական են տալիս՝ խախտելով անմեղության կանխավարկածը, որոշելով, թե ովքեր են բուն մեղավորները կատարված արարքում», - նշեց Վարդանյանը:
Թե՛ Ալեն Սիմոնյանի, թե՛ Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցածը նրանց կուսակից Հովիկ Աղազարյանը մի բառով՝ սադրանք է որակում։ Իսկ մեկ տարվա հեռվից ասում է՝ ինքն Ալեն Սիմոնյանի փոխարեն լիներ, ներողություն էլ չէր խնդրի։
«Ազգային ժողովի նախագահի ներողություն խնդրելը շատ մեծ արժեք է ներկայացնում իրենից և՛ որպես տղամարդու կեցվածք, և՛ որպես իր պաշտոնին հարիր կեցվածք: Ես իր փոխարեն ներողություն չէի խնդրի, որովհետև սադրում են, դու էլ մարդ ես, կարող է պատահի մի ավելորդ բան էլ դու անես», - ասաց Աղազարյանը: