Մատչելիության հղումներ

ՔՊ պատգամավորին առնչվող դեպքով ձերբակալվածին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը

Այս րոպեներին Շենգավիթի դատարանում քննվում է իշխանական պատգամավորի հետ վեճից հետո, ըստ փաստաբանների, դիմակավորված անձանց կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանին կալանավորել-չկալանավորելու հարցը: Կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է Քննչական Կոմիտեն, բայց գործ հարուցված չէ՝ երիտասարդին խոշտանգելու պնդումներից հետո։

«Ծեծից հետո, երբ Սամվելը բարձրաձայնեց, միանգամից տեղի ունեցավ փոփոխություն և դա պատահական չէր, այսինքն փորձում են խոշտանգված մարդուն շարունակել պահել անազատության մեջ», - ասաց փաստաբանը:

Այսօր Քննչական կոմիտեում Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով՝ չնայած ի սկզբանե քրեական վարույթը միայն խուլիգանության հոդվածով էր նախաձեռնվել:

«Ոչ կալանավորական հոդված էր, դրանով չէին կարող տանել կալանքի», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի միջև միջադեպի կադրերը տարածվել էին սոցցանցերում։

Վարդանյանի նկատմամբ բռնությունը, ըստ փաստաբանների, տեղի է ունեցել ապրիլի 15-ի գիշերը, երբ ոստիկանների ուղեկցությամբ Երևան քաղաքի քննչական վարչությունից նրան տեղափոխում էին ձերբակալվածների պահման վայր, պաշտպաններից Վարազդատ Հարությունյանի պատմելով, ձերբակալվածին մենակ թողնելով ոստիկանները հեռացել էին մեքենայի մոտից՝ իրենց բնական կարիքները հոգալու համար։

«Դրանից անմիջապես հետո դիմակավորված անձինք՝ Սամվելը 3 հոգու է ֆիքսել, մեքենայից նրան դուրս են հանում, տանում են մի քանի մետր այն կողմ և սկսում են նրան ձեռքերով հարվածել, պրոցեսը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, ընդ որում, այդ ծեծողները պահանջում են Սամվելից, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ այդ սեռական բնույթի հայհոյանքները, ու, բնականաբար, Սամվելը հրաժարվում է», - ներկայացրեց Հարությունյանը:

Ըստ փաստաբանների, ծեծը 3-4 րոպե է տևել, դրանից հետո դիմակավորված անձինք Սամվել Վարդանյանին քարշ են տվել մեքենայի մեջ, ոստիկաններն էլ հետ գալով անտեղյակ են ձևացել, իսկ ինքը հաղորդում չի տվել՝ մտավախություն ունենալով, որ բռնությունները այդ պարագայում հնարավոր է շարունակվեն ձերբակալվածների պահման վայրում։

Երեկ իրավապահները պատճառաբանում էին՝ հանցանքի մասին հաղորդում չէին ստացել։ Առավոտյան փաստաբանը խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում է տվել, ինչպես Ռուբեն Մելիքյանն էր ասում՝ քանի որ տեսան՝ գործը տեղից չի շարժվում։ Երիտասարդի վնասվածքներն արձանագրված են, Սամվելն, ասում էր պաշտպանը, այս դեպքով մանրամասն ցուցմունք է տվել։ Քննչական կոմիտեում դեռ ուսումնասիրում են խոշտանգման հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերը։ Իրավապահներն այս պահին հաղորդել են միայն ՆԳՆ-ում երիտասարդին ուղեկցած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու մասին։

«Եթե ընդդիմադիրներին է վերաբերվում, մամուլի հաղորդագրությունների հիման վրա րոպեների ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվում: Ամբողջ մամուլը հեղեղված էր դրանով, քիչ է լինում էսպիսի դեպք: Էդ ո՞նց եղավ էն մյուս դեպքերով դուք վերցնում մամուլով անմիջապես հարուցում եք, էս դեպքում չեք հարուցում», - ասաց Մելիքյանը:

Թե՛ կալանավորում նախատեսող մեղադրանքի խստացումը, թե՛ խոշտանգման դեպքով մինչև այս պահը գործ չհարուցելը Ռուբեն Մելիքյանը «քաղաքական պատվերի ակնհայտ դրսևորում» էր որակում։ Դիմակավորված անձանց հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու հեռանկարը 0-ական է համարում։

«Բռնարարներին, կարծում եմ, կարելի է գտնել հետևյալ սխեմայով՝ ով է հրաման տվել, ով է զանգահարել այդ ոստիկաններին, հետո ով է նրան զանգահարել, ցեպոչկայով բարձրանալ և հասկանալ, սա է, սա պարզագույն մեխանիզմ է, մարդիկ զանգ են չէ՞ ստացել: Այս իշխանությունները, իհարկե, չեն գտնի, իրենք իրենց դեմ հո..., պարզ է՝ այս իշխանությունները չեն գտնի, դա չի քննարկվում, ես դա բացառում եմ», - ընդգծեց փաստաբանը:

Փաստաբանների խոսքին չի հավատում իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, նա փաստեր է պահանջում՝ ծեծի մասին արձանագրությունների հրապարակում։

«Պատվեր և այլն իշխանությունների կողմից... նման հարցադրումները ծիծաղելի են, Հայաստանի հանրապետությունում նմանատիպ բաներ չկան, կարող է բերման ենթարկելու ժամանակ մի փոքր ինչ-որ բան տեղի ունեցած լինի, ես չեմ բացառում, որովհետև չպիտի գրկեն և օրորոցայինով տանեն, բայց որ ծեծեն էդ ձևով, էդ ժամանակ, ես դրան չեմ հավատում: Եթե կա համապատասխան արձանագրություն, բնականաբար, էդ մարդիկ էլ պիտի իրենց հերթին պատասխան տան, ովքեր նմանատիպ գործընթացի մասնակից են եղել», - ասաց Աղազարյանը:

Ընդդիմախոսների պնդումներին, թե երբ դեպքը իշխանական պատգամավորին է առնչվում, շատ արագ քրգործ է հարուցվում, իսկ բռնության մասին երիտասարդի ահազանգի պարագայում գոնե մինչ այս պահը լռություն է, հակադարձում է՝ իրավապահները լրիվ անկախ են գործում։

XS
SM
MD
LG