Վարդենուտցիներն այսօր էլ առանց հստակ պատասխանի Երևանից վերադարձան տուն

Վարդենուտցիները զրուցում են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, Երևան, 29-ը օգոստոսի, 2024թ.

«Սուձյան [դատավորը՝ ռուսերեն. - խմբ.] առած ա, խաղն էլ ծախած ա, ժողովուրդ ջան», - Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչ Հրանտ Գյուրջյանն էր հայտարարում:

Կառավարության շենքի առջև հավաքված, այնուհետև Էկոնոմիկայի նախարարությունում ավելի քան մեկ ժամ քննարկման մասնակցած վարդենուտցիներն այսօր ևս առանց հստակ պատասխան ստանալու վերադարձան տուն։

«Մեզ համար ցանկալի կլինի, որ իմ հեկտարին հեկտարով հող փոխհատուցեն, նմանատիպ հող տան: Եթե ոչ՝ տան էնպիսի գումար, որ ես կարողանամ հող գնել», - ասում էր նրանցից մեկը:

«Այլ վայրը՝ մեր գյուղի տարածք տան, ուրիշ տեղ չէ», - ասում էր մյուսը:

Գյուղացները դժգոհ են «ՌԻԴ»-ի առաջարկած փոխհատուցումից՝ 345 դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց, պահանջում են դրա գրեթե եռակին՝ 1000 դրամ։ Ասում են՝ 1 քմ-ի կադաստրային արժեքն անգամ գրեթե կրկնակի բարձր է «ՌԻԴ»-ի առաջարկից։ Շաբաթներ առաջ նրանք այս հարցով վարչապետին էին դիմել, Փաշինյանը, ըստ գյուղացիների, խոստացել էր բալանսավորված լուծում գտնել: Այս ընթացքում, սակայն, որևէ փոփոխություն չկա։ Ու մինչ գյուղացիները ցույցեր են անցկացնում, «ՌԻԴ»-ը շարունակում է նրանցից հողերը վերցնել՝ դատարանով։

«Մարդկանց հողերը սկսել են օտարել, ինչո՞ւ՝ որովհետև մարդիկ չունեն իրավական գիտելիքներ, ֆինանսական մեծ հնարավորություններ, կներեք, փաստաբանի ծառայությունից օգտվելու, ըստ այդմ՝ բնականաբար, դատարանում պետք է գործը կրվեն», - ընդգծում էին վարդենուտցիները:

50 սահուղիներով, ճոպանուղիներով, բարձրակարգ հյուրանոցներով հանգստավայր կառուցել խոստացող «ՌԻԴ»-ը ավելի քան 250 հայց է ներկայացրել դատարան, որոնք հերթով բավարարվում են՝ հօգուտ ընկերության։ Ըստ վարդենուտցիների՝ գրեթե ամեն շաբաթ մի համագյուղացի է զրկվում սեփական հողից.

«Երևի իրանք տեղյակ էլ չեն, որ իրանց հողերը արդեն օտարված են, տեղյակ չեն: Կոնկրետ մենք չգիտենք՝ քանի՞ հոգի կան էդպիսի... »:

«Ասում ա՝ «եղբայր, ես քո հողը չեմ վեկալում»: Երեկ չէ առաջի օրը հանդիպում ենք ունեցել «ՌԻԴ» ընկերությունում, ասում եմ՝ «դուք բառացի, ամբողջ համայնքի ներկայությամբ ասացիք, որ իմ հողը չեք վեկալում, ինչի՞ հիման վրա ես դու ինձ դատի տվել»... Դատը շարունակվում ա, այո»:

«ՌԻԴ»-ը 7 տարում է խոստանում հանգստավայրը կառուցել։ Պնդում են՝ այն կզարգացնի տարածաշրջանի զբոսաշրջությունը, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այս խոստումները, սակայն վարդենուտցիներին չեն գրավում։

«Իմ հողը մի վերցրա, ոչ մի բան չեմ ուզում, Կառավարությունից էլ ոչ մի բան չենք ակնկալում: Մեր գյուղում մի հոգի չկա, որ դուռը կողպած լինի՝ գյուղից բացակայի, ինչի՞ համար՝ որովհետև էդ հողն ա էդ ամբողջ մարդկանց կերակրել»:

Մարդիկ ասում են՝ իրենց կամքին հակառակ ու ոչ համարժեք փոխհատուցման դիմաց զրկվում են ապրուստի առայժմ միակ միջոցից։ Տարածքները, որոնք հանգստավայրի համար գերակա շահ են ճանաչվել Կառավարության որոշմամբ, հիմնականում արոտավայրեր են ու վարելահողեր։

Այսօրվա քննարկումից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գյուղացիներին խոստացել է ևս մեկ հանդիպում կազմակերպել, այս անգամ՝ նաև հանգստավայր կառուցող «ՌԻԴ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թե երբ՝ առայժմ հստակ չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մի զրկեք մեզ ապրուստից». վարդենուտցիներն ակնկալում են Կառավարության աջակցությունը«ՌԻԴ» ընկերությունը հետ չի վերցրել վարդենուտցիների դեմ հայցերից որևէ մեկը