«Մի զրկեք մեզ ապրուստից», «Պահանջում ենք համարժեք փոխհատուցում» գրությամբ պաստառներով այսօր Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի բնակիչները Կառավարության շենքի առջև էին հավաքվել։
Դեմ չեն հենց իրենց գյուղի հարևանությամբ՝ Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայրի կառուցմանը, բայց ասում են՝ սեփական հողերի համար խելամիտ փոխհատուցում են պահանջում։ Հրաժարվում են դրանք կառուցապատողի առաջարկած՝ մեկ քառակուսի մետրը 345 դրամով վաճառել ու 1000 դրամ են պահանջում։ Ակնկալում են այս հարցում Կառավարության աջակցությունը. - «Խոստացան, որ 10 օրվա ընթացքում կպատասխանեն մեզ, կհասկանանք՝ Կառավարության դիրքորոշումը որն է»:
Ավելի վաղ վարդենուտցիներից շատերը 2000 դրամ էին գնահատում իրենց հողակտորի մեկ քառակուսի մետրը։ Ասում են՝ զիջման են գնացել շաբաթներ առաջ վարչապետի հետ հանդիպումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց բալանսավորված տարբերակ գտնել։
Այսօր Կառավարության նիստից հետո վարդենուտցիներն էկոնոմիկայի նախարարին հանդիպեցին, բայց դարձյալ ոչ մի հստակ պատասխան չստացան։ Գևորգ Պապոյանը խոստացավ քննարկել ու փորձել բանակցել հանգստավայրը կառուցող «ՌԻԴ» ընկերության հետ։
«Եվս մեկ անգամ կհանդիպենք տնտեսվարողի հետ և կհորդորենք, որպեսզի նորից հանդիպեն ձեր հետ, քննարկեն ձեր առաջարկը, որպեսզի փոխադարձ ընդունելի տարբերակ լինի», - ասաց նախարարը, - «Իրավունք չունենք և հնարավորություն էլ չունենք միջամտելու, բայց քանի որ մեր քաղաքացիների, մեր գյուղացիների և պետության կողմից կարևորվող ներդրումային ծրագրի մեջ հարց է, մենք կփորձենք օգնենք ձեր բանակցությունների իրականացմանը»:
Մինչ Կառավարությունը հորդորում է սպասել, վարդենուտցիները գրեթե ամեն շաբաթ դատարանում պարտվում են ու ստիպված կառուցապատողի առաջարկած գնով վաճառում սեփական հողերը։ Դրանք հանրային գերակա շահ են ճանաչվել հանգստավայրի ծրագրի համար։ Ասում են՝ ժամանակն իրենց դեմ է աշխատում, շատ սպասել չեն կարող, հաշվված օրերի ընթացքում գյուղացիներից շատերը կկորցնեն իրենց հողերը։
«ՌԻԴ»-ը վարդենուտցիների դեմ ավելի քան 250 հայց է ներկայացրել՝ պահանջելով օտարել հողերն իր առաջարկած գնով։
«Ինձ ինչի՞ է տվել դատարան, էսօր ես երկու դատ ունեմ, էսօր իմ հողը կարող է օտարեն՝ կոպեկներով օտարեն: Կամ լավ, էդ գերակա շահը հետ կանչեք», - ասաց վարդենուտցիներից մեկը:
«Ժամանակը մեր դեմ է աշխատում, հենց էսօր 4-5 ընտանիք վերջնաժամկետ է ներկայացված դատարանում, որ կարող է, չգիտեմ, հիմա արդեն իրենց հողերը օտարվել է: Ուղղակի ամեն վայրկյանը մեր համար թանկ է, էլի: Մենք ինչո՞ւ ենք խնդրում մեր Կառավարությունից՝ ինչքան հնարավոր է հրատապ լուծում տալ, որովհետև էլ ժամանակ չունենք: Ամեն մի օրը 4-5 ընտանիքի հողատարածք է: Օր-օրի մենք քչանում ենք, ինչի՞ ենք քչանում՝ որովհետև մարդկանց հողերը օտարել են արդեն», - ընդգծեց մյուսը:
4 հազար հեկտար զբաղեցնող հանգստավայրի 110 հեկտարը վարդենուտցիներինն է, մի քանի հողակտորներ, ըստ «ՌԻԴ»-ի, գյուղացիներն ինքնակամ են վաճառել, մյուսներն էլ, ըստ վարդենուտցիների, դատարանի պահանջով համագյուղացիները ստիպված են վաճառել։
Վարդենուտցիները նաև հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ «ՌԻԴ»-ը հետ չի վերցնում այն գուղացիների դեմ հայցերը, որոնք չեն ցանկանում հողերը վաճառել։ Հիշեցնում են՝ չէ՞ որ ընկերության ռուսաստանաբնակ սեփականատերը՝ գործարար Ռուբեն Գրիգորյանն էր հրապարակավ խոստացել չգնել այն հողերը, որոնց սեփականատերերը հրաժարվում են վաճառել։
Օրեր առաջ, սակայն, «ՌԻԴ»-ի փաստաբանն «Ազատությանն» ասել էր, որ ընկերությունը դեռ չի պատրաստվում դատարանից հետ վերցնել իր ավելի քան 250 հայցերը։
Վարդենուտցիներն ասում են՝ գերակա հանրային շահ ճանաչված հողերը, որոնց վրա «ՌԻԴ»-ը նախատեսում է հանգստավայր կառուցել, իրենց ապրուստի միջոցն են։ Մեկն այդ տարածքն անասնակերի համար է օգտագործում, մյուսը հացահատիկ է ցանում։ Չգիտեն՝ եթե կորցնեն հողերը, ինչպե՞ս են անասուններին կերակրելու, ընտանիք պահելու։
Ավելի քան 200 միլիոն դոլար արժեցող հանգստավայրի ծրագիրն իրականացնել խոստացող «ՌԻԴ»-ից մի քանի անգամ պնդել են, թե վարդենուտցիներն ապօրինի հարստանալու փորձեր են անում ավելի բարձր գին պահանջելով։ Ավելին՝ իրենց 345 դրամի առաջարկը դեռ մի բան էլ բարձր են համարում շուկայական գնից։
Արագածի լանջին՝ Վարդենուտի հարակից սարերին ընկերությունը 7 տարում է խոստանում հանգստավայրը կառուցել։ Պնդում են՝ հանգստավայրը կզարգացնի տարածաշրջանի զբոսաշրջությունը, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն։
Այսօր նաև էկոնոմիկայի նախարարը նման համոզմունք հայտնեց. - «Մենք տեսնում ենք հնարավորություն, որ դուք, ձեր երեխաները բարձր աշխատավարձով կունենան հնարավորություն էդ տարածքում աշխատելու»:
«Էս պահին մենք ունեզրկվում ենք, էս պահին ես 13 շունչ եմ, ունեզրկվում եմ, ինչի՞ մասին է խոսքը», - Պապոյանին արձագանքեց վարդենուտցին:
«Ազատություն»-ը Գևորգ Պապոյանին նաև հարցրեց՝ արդյոք շահերի բախում չի համարում, որ իր ենթակա փոխնախարարներից մեկի կինը ծրագիրն իրականացնող ընկերության աշխատակից է, իսկ նույն փոխնախարարը՝ ծրագիրը հաստատողն ու վերահսկողը։ Ասաց՝ տեղյակ է հետաքննող լրագրողների հրապարակմանը, փոխնախարար Տերյանից պարզաբանում է խնդրել ու ստացել։ Բայց անգամ պարզաբանումից հետո խուսափեց ասել՝ շահերի բախում տեսնո՞ւմ է, թե՞ ոչ. - «Թույլ տվեք, դա, էս պահին ես գնահատական չտամ, որովհետև դրա մասնագետը չեմ: Եվ, այնուամենայնիվ, որոշակի պարզաբանում տրվել է, կգնահատենք դա»: