Մատչելիության հղումներ

«ՌԻԴ» ընկերությունը հետ չի վերցրել վարդենուտցիների դեմ հայցերից որևէ մեկը


Արագածի լանջի մի հատվածում լեռնադահուկային հանգստավայր կառուցել խոստացող «ՌԻԴ» ընկերությունը հետ չի վերցրել վարդենուտցիների դեմ հայցերից որևէ մեկը։

Կառուցապատող ընկերության փաստաբան Սպարտակ Գինոսյանն այսօր ասաց՝ «ՌԻԴ»-ը փոխհատուցման չափի հետ չհամաձայնող գյուղացիներից շարունակում է պահանջել օտարել հողերը։ Հիմնավորումը՝ դրանք հանրային գերակա շահ են ճանաչվել հենց հանգստավայրի ծրագրի համար։ Ընկերությունը հողատերերին 1 քմ-ի դիմաց 345 դրամ է առաջարկում։

«Վստահորդի հրահանգը հետևյալն է՝ պետք է դատական նիստերը կայանան և հայցը պնդում ենք ամբողջությամբ, ես կճշտեմ, եթե նման տեղեկություններ կան, բնական է՝ եթե նման տեղեկություններ լինեն, արդեն համապատասխան դատավարական գործողություններ կկատարվեն մեր կողմից», - ասաց ընկերության փաստաբան:

«ՌԻԴ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանն անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ եթե գյուղացիներից ոմանք դեմ են իրենց հողերի 1 քմ-ը 345 դրամով վաճառելուն, ընկերությունը պարզապես չի գնի դրանք։ Ու թե իրենք բարձր գին են առաջարկում։

Հանսգտավայրն, ըստ կառուցապատողի, 4000 հեկտար տարածք է զբաղեցնելու, որից միայն 110 հեկտարն է Վարդենուտի բնակիչներինը։ «ՌԻԴ»-ից պնդում են, թե վարդենուտցիներից ոմանք արդեն համաձայնել են իրենց առաջարկին։

«Ես չեմ ուզում իմ հողը տամ», - ասաց վարդենուտցի Մանվել Առաքելյանը:

«Ես համաձայն եմ, որ փոխանակեն մեր տարածքում գտնվող հողակտորի հետ», վարդենուտցի

Առաքելյանը մեկն է այն տասնյակ սեփականատերերից, որ հրաժարվում է իր հողատարածքները վաճառել «ՌԻԴ»-ի առաջարկած գնով։ Հենց նրա ու մյուս համագյուղացիների դեմ է ընկերությունը դատարան հայց ներկայացրել։ Այսօրվա նիստից հետո «Ազատության» հետ զրույցում հարցնում էր՝ ինչո՞ւ «ՌԻԴ»-ը իր դեմ հայցը հետ չի վերցնում, եթե անգամ ընկերության սեփականատերը չի բացառել, որ կհրաժարվեն իրենց հողերը գնելու մտքից։

«Ես համաձայն եմ այդ տարբերակին, որ իմ հողը չվերցնեն կամ փոխանակեն մեր տարածքում գտնվող հողակտորի հետ: Ես նոր դատարանում էլ ասացի, առաջին նիստի ժամանակ էլ եմ ասել», - նշեց բնակիչը:

Ընկերությունը 7 տարում է խոստանում հանգստավայրը կառուցել։ Պնդում են՝ հանգստավայրը կզարգացնի տարածաշրջանի զբոսաշրջությունը, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն։

Մանվել Առաքելյանն ասում է՝ հանրային գերակա շահ ճանաչված իր հողերն ընտանիքի ապրուստի միջոցն են, եթե համարժեք փոխհատուցում չստանա ինչպե՞ս է հողամաս գնելու այլ տարածքում, որ ընտանիքը պահի։

«Ընդհանուր առմամբ 20 հազար քառակուսի մետր հողը, որով ես ապրում եմ, որ վերցնում եմ, իրենց տված փոխհատուցմամբ 1000 մետր հող կարամ ձեռք բերեմ», - ընդգծեց Առաքելյանը:

Առաքելյանն անգամ փոխանակման տարբերակին է համաձայն, սակայն կառուցապատողը դեռ չի արձագանքել։ Վարդենուտցին մտավախություն ունի՝ դատարանով կորցնել հողերը, ինչպես համագյուղացիներից ոմանք։ Դատարանում միայնակ է իր շահերը պաշտպանում։

«Վտանգի տակ կլինեմ, եթե դատաան չգամ, ինչ-որ քայլեր չանեմ, ինչ կարում եմ մի կերպ; անում եմ», - նշեց բնակիչը:

Առաքելյանն ու փոխահատուցման չափին դեմ մյուս վարդենուտցիները շաբաթներ առաջ Երևան-Ապարան մայրուղում կանգնեցրել էին վարչապետի ավտոշարասյունը, Նիկոլ Փաշինյանին ներկայացրել իրենց պահանջը, նրանից բալանսավորված լուծում գտնելու խոստում ստացել:

Հետո նաև կառավարություն էին ներկայացրել գրավոր առաջարկը, համաձայն են հողերը վաճառել մեկ քմ-ը 1000 դրամով։ Ավելի քան երեք շաբաթ է անցել, բայց կառավարությունից դեռ չեն արձագանքել վարդենուտցիներին։ Եթե դատարանը «ՌԻԴ» հայցը բավարարի, փոխհատուցման չափից դժգոհ վարդենուտցիները ստիպված կլինեն կառուցապատողի պայմաններով վաճառել իրենց հողակտորները։

XS
SM
MD
LG