Վարդենուտ գյուղը վարչապետ Փաշինյանի Արագածոտնի մարզում այսօրվա շրջայցի կանգառներից չէր, գյուղացիները «մի խլեք մեր հողը» պաստառներով մայրուղի էին դուրս եկել։ Վարդենուտցի Արտակ Շագոյանը շոյված է՝ Փաշինյանը «շնորհքով» իջավ մեքենայից:
«Ոչ մեկս հույս չունեինք, բայց եկավ կանգնեց, իջավ», - ասաց Վարդենուտի բնակիչը:
Քննարկումը երկար չի տևել, վարդենուտցիներին դուր է եկել նաև այն, որ Փաշինյանը իրենց դարդից տեղյակ է եղել: «Ռիդ» ընկերությունը տարածքում մեծ ներդրումային ծրագիր է սկսում, գյուղացիների հողերը կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել, իսկ ներդրողը հողերն ուզում է ստանալ, ըստ գյուղացիների, կոպեկներով՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 345 դրամ է առաջարկում։
Շագոյանը հենց Փաշինյանին է ասել՝ թե իրենք ինչ են ուզում. - «Մենք 2000 դրամ ենք պահանջել: Էսօրվա ամեն ինչին համարժեք գումար»:
«Էս խնդրի մեջ ամենակարևոր բանը ճիշտ բալանսը պահելն էլ», - նշեց Փաշինյանը:
Գյուղում հիմա բողոքի պլակատները մի կողմ են դրել ու սպասում են Փաշինյանի խոստացած բալանսավորմանը;
«300-ի և 2000-ի ոսկե միջինը, ըստ տրամաբանության, թող մարդիկ հասկանան, թե կոնկրետ թիվ չասեմ», - նշեց Վարդենուտի բնակիչ Մանվել Առաքելյանը:
Վարդենուտցիներն այս խնդրով երկու անգամ մայրուղի են դուրս եկել, հունիսի վերջին էլ երկու ժամով փակել էին Երևան -Ապարան ճանապարհը։ Ներդրումներին, ասում են, դեմ չեն, բայց քառակուսին 345-ով չեն պատրաստվում հող վաճառել: Շագոյանն, օրինակ, երկու հեկտար հող ունի, որից ստանում է 500 տուկ խոտ և դրանով պահում 6 կով։ Աշոտ Պետրոսյանը երկու տղա ունի, որոնք ունեն հույսեր իրենց երկու հեկտարի հետ
«Ռիդ» ընկերության հիմնադիրը վիրավորված է
Իսկ ներդրողը «Ռիդ» ընկերության հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը վիրավորված է. - «Հեշտ չէ ինձ համար, չեք աջակցում, մի խանգարեք»:
Հայաստանի ամենամեծ Արագածի ներդրումային ծրագիրն է սկսում. էկո գյուղ, մինի ֆերմաներով, մի մեծ ջրամբար, լեռնադահուկային համալիր 50 սահուղիներով ու ճոպանուղու հինգ գծերով, «Ռեդիսոն» ու «Մարիոտի» ցանցերն են Վարդենուտ հասնելու՝ 500 հյուրանոցային համարներով:
Վարդենուտում զբոսաշրջային մեգանախագիծը ոչ մի ոգևորություն չի առաջացնում։ Հատկապես վիրավորված են հիմնադրի հայտարարություններից, թե իրենք ուզում են ապօրինի հարստանալ:
«Դու ես ուզում ապօրինի հարստանալ, դու էդ սարքում ես քո սերունդների համար, քո ժառանգների համար ես սարքում, ինձնից խլում ես իմ կապիտալը, որ ես պիտի տամ իմ տղուն, թոռին», - նշեց
Արտակ Շագոյանը:
«Ռիդ»-ի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը ընկերության տարածած տեսանյութում պնդում է՝ վարդենուտցիներին առաջարկել են հողերի փոխանակում. - «Ասում ենք՝ ձեր հողը մենք փոխանակենք, եթե դուք ուզում եք»:
Մանվել Առաքելյանն, օրինակ, համաձայն է, բայց այդպիսի առաջարկ, ասում է, չեն ստացել. - «Ես հող եմ ուզում, Ռուբեն Գրիգորյանը եթե ճիշտ է ասում, թող գա ինձ հող առնի տա էս տարածքում, ես փոխանակեմ իմ հողի հետ»:
Այս մասին Առաքելյանը դատարանում էլ է ասել։ Մինչ Վարդենուտն ու վարչապետը ոսկե միջին կփնտրեն 345 դրամի ու 2000 միջև ՝ դատարանը հանրային գերակա շահ ճանաչված հողերի տերերին իր մոտ է կանչում։
Մարատ Արշակյանը մեկ հեկտար հող ունի այդ ներդրումային տարածքում, չի բացառում, որ ոսկե բալանսը փնտրելու ընթացքում դատարանի վճռով իր հողն իրենից վերցնեն 345 դրամից էլ պակաս գնով։ «Գյուղացիներս, - ասում է, - ամբողջ օրը դատարաններում ենք, ընդ որում, առանց փաստաբանի»:
Դատական գործընթացի մասին այսօր հասցրել է վարչապետին ասել՝ բայց իր խոսքով՝ «ատնաշենի» չտվեց։ Մարատ Արշակյանը, սակայն, հույսը լիովին չի կորցրել՝ Փաշինյանը մի ճար կգտնի: