Մատչելիության հղումներ

«Արժանահավատ չէ իրենց գնահատումը». վարդենուտցիները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը


Վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն ավելի քան 2 ժամով փակել էին Երևան-Ապարան ճանապարհը։

Գյուղացիները դեմ են իրենց արոտավայրերը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշմանն ու տեղում հանգստավայրի կառուցմանը։ Ասում են՝ Վարդենուտում լեռնադահուկային հանգստավայր ու ֆերմաներ կառուցել ծրագրող «Ռիդ» ընկերությունն իրենց հողերի համար չնչին փոխհատուցում է առաջարկում, մեկ քառակուսի մետրի դիմաց 345 դրամ։

Փոխհատուցումից դժգոհող գյուղացիները պնդում են՝ Արագածի հենց լանջին գտնվող բերրի հողերը իրենց առաջարկված գնից գրեթե 10-ն անգամ ավելի բարձր՝ 3100 դրամ է գնահատել անկախ գնահատողը։

«Արժանահավատ չէ իրանց գնահատումը, մենք բողոքարկել ենք, բայց դրա հետ միասին նենց են արել, որ ուրիշ գնահատողները խուսափեն գալ, գերակա շահի տակ եղածը՝ դատական գործեր կբացվի, գնահատողմները էդ 30-40 հազարի համար չեն ուզում քաշքշուկի մեջ ընկնեն», - ասաց բնակիչներից մեկը:

Վարդենուտցիներն այսօր ճանապարհը բացեցին, երբ մարզպետարանից վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում խոստացան:

Գյուղացիներից շատերն ասում են՝ իրենց բարձր փոխհատուցում տրամադրելու դեպքում էլ դեմ են լինելու, որ նախագիծը «Ռիդ» ընկերությունն իրականացնի։ Ըստ նրանց՝ մոտ 60 ընտանիքի պատկանող հող է հանրային գերակա շահ ճանաչվել, ավելի քան 110 հեկտար։

Գյուղի զբոսաշրջային զարգացման հեռանկարը չի գայթակղում վարդենուտցիներին։ Վստահ չեն, որ նախագիծն իրականություն կդառնա։ Ասում են՝ արդյունքում իրենք կկորցնեն իրենց արոտավայրերը՝ շատ չնչին գումարի դիմաց։

Նախագծի հեղինակ «Ռիդ» ընկերությունից, մինչդեռ պնդում են՝ գերակա շահ ճանաչված հողամասերի գները որոշվել են արտոնագրված գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունների համաձայն: Ընկերությունից մի անգամ արդեն անդրադարձել են վարդենուտցիների դժգոհություններին, պնդելով, թե գյուղացիները շանտաժի են դիմում, «Ռիդ»-ի ձևակերպումն է՝ ապօրինի հարստանալու համար։

«Եթե համայնքի բնակիչները համաձայն չեն հողամասերի արժեքի գնահատման հետ, ինչո՞ւ նրանք չեն հրավիրում արտոնագրված մեկ այլ գնահատողի: Իրականությունն այն է, որ գնահատումները կլինեն նույնը, քանի որ դրանք կատարվում են միևնույն չափորոշիչների հիման վրա»,- հայտարարել էին «Ռիդ»-ից

Վարդենուտում, ըստ ծրագիրն օրինականացնող ընկերության, 280 հողակտոր կա, որից 40-ն արդեն վաճառվել է։ Այսօր ընկերության ներկայացուցիչը հրաժարվեց ձայնագրվել, բայց պնդեց, թե էլի գյուղացիներ կան, որ ուզում են վաճառել իրենց հողակտորները, սակայն, չեն ուզում համագյուղացիների հետ կոնֆլիկտի մեջ մտնել։

«Ռիդ» ընկերությունը նախատեսում է Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր կառուցելու համար 80 մլրդ դրամ ներդնել։ Տարածքում, ըստ նախագծի, հյուրատներ, հյուրանոցներ, 300 մինի ֆերմաներ, ջրամբար են կառուցվելու։ Ծրագրում են մեկ ամսից մեկնարկել աշխատանքներն ու ամբողջ ծրագիրն ավարտել առաջիկա 7 տարում։

XS
SM
MD
LG