Ամիսներ շարունակված կատաղի մարտերից հետո ուկրաինական զորքերը երեկ ստիպված են եղել նահանջել Դոնեցկի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Չասիվ Յար քաղաքի մի մասից: Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Նազար Վոլոշինը հաստատել է, որ ռուսներին հաջողվել է առաջխաղացման հասնել այս ուղղությամբ:
«Երբ հակառակորդը մտավ Չասիվ Յարի ջրանցքին հարող թաղամաս, դրա պաշտպանությունն այլևս նպատակահարմար չէր, քանի որ վտանգվում էր Ուկրաինայի զինվորականների կյանքն ու անվտանգությունը, իսկ մեր պաշտպանական դիրքերը ոչնչացվել էին: Ուստի հրամանատարությունը որոշել է նահանջել ավելի պաշտպանված և պատրաստված դիրքեր», - ասել է Վոլոշինը:
Ուկրաինայի զինուժն արբանյակից նկարահանված մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են գրեթե հիմնահատակ ավերված տասնյակ շենքեր ու շինություններ: Reuters-ը հաստատում է, որ տեսանյութում Չասիվ Յարն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաստատում է Չասով Յար քաղաքից նահանջելու մասին լուրերըԲարձունքի վրա գտնվող այդ քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու դեպքում ռուսները կարող են այն օգտագործել որպես հենակետ Կրամատորսկի և Սլովյանսկի ուղղությամբ առաջխաղացման գնալու համար:
Մյուս կողմից, շարունակվում են հարձակումները հարավից՝ Օչերտինայի ուղղությամբ, և եթե նրանց չկանգնեցնեն, վտանգ կա, որ առաջիկայում ուկրաինական զորքերը մասնակի շրջափակման մեջ կհայտնվեն Տորեցկի շրջանում, որտեղ ևս կատաղի մարտերը մի քանի շաբաթ է չեն դադարում: Այստեղ ամեն օր մարդիկ են զոհվում կամ վիրավորվում, կանգուն մնացած շինությունները հատուկենտ են: Իշխանությունները ստիպված են տարհանել խաղաղ բնակիչներին: Մոտ չորսուկես հազար մարդ, սակայն, դեռ մնում է Տորեցկում:
Ռուսները ոչ միայն ակտիվ գրոհում են ճակատում, այլև ամենօրյա ռեժիմով ռմբակոծում են ուկրաինական քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Վերջին շրջանում մշտական կրակի տակ են Դնեպրը, Խարկովը և Զապորոժիեի մարզը:
Զուգահեռ, շրջանառության մեջ են դրվում կրակը դադարեցնելու առաջարկներ: Հունգարիայի վարչապետը նախօրեին Ուկրաինայի նախագահին հորդորել է նախ հրադադար հաստատել, հետո նստել բանակցությունների: Թուրքիայի նախագահը երեկ իր միջնորդությունն է առաջարկել կողմերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիայի վարչապետը հրադադար հաստատելու առաջարկ է արել ԶելենսկունԱնցած ամիս էլ Ռուսաստանի նախագահն էր պնդել, թե պատրաստ է կանգնեցնել պատերազմը, եթե Կիևը հրաժարվի եվրատլանտյան նկրտումներից և Ռուսաստանին հանձնի Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը: Այսօր նա կրկնել է իր պլանը Շանհայի համագործակցության նիստում, որին մասնակցում են Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի առաջնորդներն ու արտգործնախարարները:
«Ռուսաստանը միշտ հանդես է եկել և այսօր էլ հանդես է գալիս Ուկրաինայում իրավիճակի խաղաղ, քաղաքական և դիվանագիտական հանգուցալուծման դիրքորոշմամբ: Մենք այս կապակցությամբ բազմիցս ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Կիևը մերժում է Պուտինի պլանը՝ համարելով կապիտուլյացիայի, ոչ թե հրադադարի առաջարկ: Նույնն են հայտարարում նաև Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները:
«Պուտինը խաղաղ բանակցություններից խոսում է միայն պատերազմը շարունակելու ցանկությամբ: Մենք դա չենք կարող հանդուրժել», - երեկ Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Նրա արտգործնախարարն էլ դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ հորդորելով մեծացնել աջակցությունը Կիևին՝ անկախ Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից. - «Ուկրաինային աջակցությունը բարեգործություն չէ, այլ՝ ներդրում մեր սեփական անվտանգության և ազատության մեջ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օգնությունը Ուկրաինային բարեգործություն չէ, այլ ներդրում Եվրոպայի անվտանգության համար․ ԲերբոքՄտավախություններ կան, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Վաշինգտոնի աջակցությունը Կիևին և Եվրոպային կարող է նվազել: Զելենսկին երեկ հրապարակավ դիմել է Թրամփին՝ կոչ անելով բացահայտել իր ծրագրերը Ուկրաինայի հարցում և մանրամասնել՝ կստանա՞ արդյոք Կիևը նույն աջակցությունը նաև նոյեմբերի 5-ի քվեարկությունից հետո, թե՞ կթողնվի բախտի քմահաճույքին:
«Եթե Թրամփը գիտի, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին, նա պետք է մեզ այսօր ասի, որովհետև եթե Ուկրաինայի անկախության համար վտանգներ կան, եթե մենք կարող ենք կորցնել պետականությունը, մենք ցանկանում ենք պատրաստ լինել դրան: Ուզում ենք իմանալ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Անցած շաբաթ Ջո Բայդենի հետ առաջին բանավեճի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր ընտրվելու դեպքում անմիջապես վերջ դնել պատերազմին՝ առանց մանրամասներն ու պայմանները բացահայտելու: Politico-ն, հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին, պնդում է, թե նա դիտարկում է մի ծրագիր, որով ՆԱՏՕ-ն կպարտավորվի դադարեցնել ընդարձակումը դեպի արևելք՝ Ուկրաինա և Վրաստան, մյուս կողմից՝ չի բացառում, որ ուկրաինական որոշ տարածքներ կարող են մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ: Թրամփի պաշտոնական թիմը այս տեղեկությունը չի հերքել, բայց և չի հաստատել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեմոկրատները ցնցված են Բայդեն - Թրամփ հեռուստաբանավեճի արդյունքներից