Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիա սկսած Ռուսաստանի սահմանամերձ մարզերի բնակիչները նույնպես տուժում են Պուտինի սանձազերծած պատերազմից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է գիշերը Բրյանսկի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի վրա հարձակված և խոցված 36 անօդաչու թռչող սարքերի մասին։
Երկուշաբթի օրը Բելգորոդի ու մարզի մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրաէներգիան, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Բելգորոդում լուսացույցները չեն գործում, ինտերնետի հետ կապված խնդիրներ կան։ Բելգորոդի վարչակազմը հավելել է, որ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ բջջային բարձրախոսները կօգտագործվեն հրթիռների վտանգի մասին նախազգուշացնելու համար:
Միաժամանակ, մշտական ռմբակոծության տակ են նաև ուկրաինական մարզերը՝ Դնեպրոպետրովսկի մարզը, Կիև և Խարկով քաղաքները, կան զոհվածներ ու վիրավորներ: Ռուսները շարուրակում են նաև առաջ գնալ ռազմի դաշտում: Չդադարող ռուսական գրոհների ֆոնին Ուկրաինայի իշխանությունները սկսել են խոսել բանակցություններից:
The Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են բանակցություններ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև, ասել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն եթե այդ բանակցությունները լինեն միջնորդի միջոցով:
«Եթե խոսենք այն մոդելի մասին, որը կիրառվել է այսպես կոչված հացահատիկային միջանցք համաձայնությունների ձեռքբերման ժամանակ, ապա, այո, սա եռակողմ համաձայնագիր է, որը ստորագրվել է միջնորդների մասնակցությամբ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ այն ժամանակ Ուկրաինան ուղղակիորեն բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ, որոնք հետո համապատասխան համաձայնագիր ստորագրեցին Ռուսաստանի հետ։
Զելենսկին խոստովանել է, որ նման սխեմայով Ուկրաինան կարող է բանակցել տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության հարցերի շուրջ։
Իր հերթին, Մոսկվան արդեն մի ամիս է խոսում է իր պայմանով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին. Ռուսաստանի իշխանություններն առաջարկել են ուկրաինական ուժերին դուրս գալ իրենց իսկ չորս մարզերի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից: Կիևը Մոսկվայի այս առաջարկը կապիտուլյացիայի առաջարկ է անվանել և մերժել այն: Մինչդեռ Մոսկվան անդադար խոսում է այս առաջարկի մասին՝ պնդելով, թե պատերազմը դադարեցնելու իր առաջարկները հետո ավելի վատն են լինելու:
Այսօր լարված է նաև Բելառուսի և Ուկրաինայի սահմանին: Բելառուսի սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացումը Մոսկվայի համար անհանգստության տեղիք է տալիս, հայտարարել է նախագահ Պուտինի մամուլի քարտուղարը:
«Բելառուսը միութենական պետություն է, և մենք ունենք երկխոսության հատուկ ձևաչափեր բոլոր համապատասխան կառույցների, այդ թվում՝ անվտանգության ծառայությունների միջոցով: Մեր երկու պաշտպանության նախարարություններն էլ մշտական գործընկերային կապ են պահպանում: Հետևաբար՝ սա անհանգստացնում է ոչ միայն Մինսկին, այլ նաև Մոսկվային, որովհետև մենք իսկապես դաշնակիցներ և գործընկերներ ենք», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հայտնել էր Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի ակտիվության մասին։
Բելառուսն այս եզակի երկրներից է, որ իր աջակցությունն է հայտնել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում, ավելին՝ Բելառուսի տարածքը ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համար, իսկ անցած տարի Ռուսաստանը նաև տակտիկական միջուկային զենք էր տեղակայել Բելառուսի տարածքում, Բելառուսի նախագահն էլ առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե անհրաժեշտության դեպքում իրենք այդ զենքը կօգտագործեն: