Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը հրադադար հաստատելու առաջարկ է արել Զելենսկուն


Ռուսական ագրեսիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ նախապես չհայտարարված այցով Ուկրաինա ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր հրադադար հաստատելու առաջարկ է արել նախագահ Զելենսկուն՝ խաղաղության բանակցություններն առաջ մղելու նպատակով։

«Ես նախագահի Զելենսկիին խնդրեցի մտածել այն մասին, թե արդյոք մենք կարող ենք փոխել կարգը՝ նախ հրադադար հայտարարել և արագացնել խաղաղ բանակցությունները: Հրադադարը, որը կապված է վերջնաժամկետի հետ, հնարավորություն կտա արագացնել խաղաղ բանակցությունները: Ես քննարկեցի նախագահի հետ այս հնարավորությունը, և ես շնորհակալ եմ նրա անկեղծ պատասխանների և բանակցությունների համար», - նշել է Հունգարիայի վարչապետը:

Ուկրաինայի նախագահը, որ լրագրողների առջև Օրբանից առաջ էր հայտարարություն արել, այս առաջարկին որևէ կերպ չի արձագանքել։ Բայց Զելենսկին օրերս Ռուսաստանի հետ միջնորդների մասնակցությամբ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել, ինչին դրական էին արձագանքել Մոսկվայից։

Օրբանի այցը Կիև տեղի է ունենում ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը ստանձնելուց մեկ օր անց։ Այսօր Կիևում Օրբանը նաև հայտարարել է, որ բարձր է գնահատում Զելենսկու խաղաղարար նախաձեռնությունները՝ նկատի ունենալով Շվեյցարիայում անցկացված խաղաղության ֆորումը։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ Բուդապեշտը կցանկանար բարելավել հարաբերությունները Կիևի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին, և կնքել երկկողմ համագործակցության համաձայնագիր։

Ուկրաինայի ու Հունգարիայի հարաբերությունները սրված են ռուսական հարձակումից ի վեր։ Բուդապեշտի դիրքորոշումը ուկրաինական պատերազմի հարցում տարբերվում է ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշումից։ Հունգարիան, մասնավորապես, կոչ է անում խաղաղ բանակցություններ վարել առանց նախապայմանների, ինչն անընդունելի է Կիևի համար։

Օրբանը Եվրամիության միակ առաջնորդն է, ով կապեր է պահպանում Ռուսաստանի հետ 2022 թվականին ներխուժումից հետո, բացի այդ բացահայտ քննադատում է արևմտյան ռազմական օգնությունը Ուկրաինային։

Գերմանիայից հայտարարում են, որ պատրաստ են շարունակել օգնել Ուկրաինային

Հունգարացի պաշտոնյայի այցի ֆոնին՝ այսօր Գերմանիայից հայտարարել են, որ պատրաստ են շարունակել օգնել Ուկրաինային։ Արտգործնախարար Անալենա Բերբոքի խոսքով՝ Ուկրաինային օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում անվտանգության մեջ, իսկ նախագահ Պուտինը ցանկանում է խաթարել եվրոպական անվտանգությունը։

«Մեզ չի վախեցնի Ռուսաստանը, փոխարենը՝ մենք միասնական և սառնասրտորեն պաշտպանում ենք մեր դաշինքի տարածքը։ Բայց ամենից առաջ մենք ներդրումներ ենք կատարում մեր պաշտպանունակության և զսպման կարողության մեջ: Ահա թե ինչու Գերմանիան պատասխանատվություն է ստանձնում ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության համար», - նշել է ԱԳ նախարարը:

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, թե Ռուսաստանը տեսանելի ապագայում էլ ամենամեծ սպառնալիքն է լինելու Եվրոպայի համար:

Եվրամիության մեկ այլ անդամ՝ Նիդեռլանդները շուտով Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչներ, երեկ հայտարարել է Նիդեռլանդների հեռացող կառավարությունը: Պաշտպանության նախարարի խոսքով՝ դրանք մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունները ստացվել են։ Անվտանգության նկատառումներից ելնելով` նախարարը հրաժարվել է հստակեցնել, թե քանի ինքնաթիռ է լինելու առաջին առաքման ժամանակ և երբ դրանք կհասնեն Ուկրաինա։

Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան ավելի վաղ խոստացել էին Ուկրաինային փոխանցել մոտ 60 F-16 կործանիչ։

ՆԱՏՕ-ի երկրները մի շարք միջոցառումներ են պատրաստել՝ ուղղված Կիևին երկարաժամկետ աջակցությանը. WSJ

Միաժամանակ՝ Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների դիրքերի ամրապնդման և ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի ֆոնին ՆԱՏՕ-ի երկրները մի շարք միջոցառումներ են պատրաստել, որոնք ուղղված են Ուկրաինային երկարաժամկետ աջակցությանը, գրում է The Wall Street Journal-ը։

Մասնավորապես, ըստ պարբերականի, դաշինքը մտադիր է Ուկրաինա ուղարկել բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյայի, որը պատասխանատու կլինի ռազմական մատակարարումների համակարգման համար։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն նախատեսում է նոր հրամանատարություն ստեղծել գերմանական Վիսբադեն քաղաքում, որը կհամակարգի ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի վերապատրաստումը։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ից և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներից մոտ 700 զինվորական կներգրավվի «ՆԱՏՕ՝ անվտանգության և ուսուցման աջակցություն Ուկրաինային» կոչվող գործողությանը։ Նրանք իրենց վրա կվերցնեն այն աշխատանքի մեծ մասը, որն անում են ԱՄՆ զինված ուժերը այն պահից, երբ ռուսական բանակը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա: Ակնկալվում է, որ Ուկրաինային աջակցելու նոր միջոցառումների մասին կհայտարարվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։

XS
SM
MD
LG