Թրամփը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է հանդիպել. Կրեմլից արձագանքել են

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է հանդիպել իր հետ:

Ֆլորիդայի իր առանձնատանը հանրապետական նահանգապետերի հետ հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ այժմ աշխատանքներ են ընթանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կազմակերպելու համար, որի ժամանակ, դատելով Թրամփի հայտարարությունից, առաջնահերթ կքննարկվի ռուս-ուկրաինական հակամարտության հարցը:

«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել: Նա դա ասել է նույնիսկ հրապարակայնորեն, և մենք պետք է ավարտենք այդ պատերազմը: Դա արյունալի խառնաշփոթ է: Զինվորները սպանվում են միլիոններով: Ես երեկ մի քանի շատ մտահոգիչ տեսարաններ տեսա … զինվորներ, որոնք սպանվում են: Այնտեղ հարթ տեղանք է, և միակ բանը, որ կանգնեցնում է փամփուշտը, մարդու մարմինն է», - նշել է նա:

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի զոհերի թիվը ցնցող է. Թրամփ

Թրամփն ասել է, որ այս պատերազմում զոհերի իրական թվերն ավելի մեծ են, քան հայտնում են լրատվամիջոցները, և վերահաստատել է պատերազմն արագ կանգնեցնելու իր հանձնառությունը:

«Սա պատերազմ է, որը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ, և սա պատերազմ է, որը ես իսկապես կփորձեմ դադարեցնել հնարավորինս արագ ... Ես ամեն օր հաշվետվություններ եմ ստանում զոհերի թվի մասին, և այս պահին դրանք հիմնականում զինվորներ են, բայց զոհերի թիվը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի, ցնցող է», - հավելել է Դոնալդ Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել․ BBC


ԱՄՆ նորընտիր նախագահը չի հրապարակել հնարավոր հանդիպման մանրամասները՝ ասելով, որ կնախընտրեր սպասել մինչև հունվարի 20-ը՝ իր երդմնակալության օրը։

Թրամփը նախքան ընտրվելը բազմիցս հայտարարել է, որ կարճ ժամանակում՝ նույնիսկ մեկ օրում կարող է կանգնեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում, սակայն մանրամասներ չի հայտնել։ Իսկ օրեր առաջ հույս էր հայտնել, որ կկարողանան դա անել գուցե վեց ամսում:

Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել. Կրեմլ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ ասելով, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է, որպեսզի Վաշինգտոնը ցանկություն և քաղաքական կամք ունենա, ասել է նա:

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և Դոնալդ Թրամփի հետ շփումների համար. դրա համար ոչ մի պայման չի պահանջվում։ Պահանջվում է երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք», - ընդգծել է Պեսկովը։

Թրամփը ցանկանում է, որ հակամարտության կարգավորումը լինի արդարացի. բանագնաց Քելլոգ

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի բանագնաց նշանակված պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգն իր հերթին օրերս Fox News-ին ասել է, թե Թրամփը ցանկանում է, որ հակամարտության կարգավորումը լինի արդարացի. - «Մարդիկ պետք է հասկանան, որ նա չի փորձում ինչ-որ բան տալ Պուտինին կամ ռուսներին: Նա իրականում փորձում է փրկել Ուկրաինան և փրկել նրանց ինքնիշխանությունը: Նա ցանկանում է համոզվել, որ դա արդար և ազնիվ է, և բազմիցս է ասել դա»:

Քիթ Քելլոգը պետք է շաբաթվա սկզբին փաստահավաք այց կատարեր Ուկրաինա, սակայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այն հետաձգվել է Թրամփի երդմնակալությունից հետո, ընդ որում՝ ոչ թե քաղաքական, այլ իրավական պատճառներով:

500 միլիոն դոլարի աջակցություն Կիևին

Մինչ Թրամփը դեռ Սպիտակ տուն չի մտել, մի քանի օրից հեռացող Միացյալ Նահանգների վարչակազմը երեկ հայտարարեց Ուկրաինային հավելյալ 500 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու մասին։ ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մանրամասնեց, որ փաթեթը ներառում է լրացուցիչ հրթիռներ, ավելի շատ զինամթերք և այլ սարքավորումներ Ուկրաինայի զինանոցում առկա F-16 կործանիչների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռամշտայնում հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի անդամները

«Ռամշտայն» ավիաբազաում իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ 50 երկրների ներկայացուցիչներին խնդրել էր պահպանել իրենց ռազմական աջակցությունն Ուկրաինային, նույնիսկ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին ստանձնի պաշտոնը:

«Ընդամենը 11 օր հետո նոր ժամանակաշրջան է սկսվում Եվրոպայի և աշխարհի՝ ամբողջ աշխարհի համար … երբ մենք պետք է ավելի շատ համագործակցենք, ավելի շատ ապավինենք միմյանց և միասին հասնենք ավելի մեծ արդյունքների», - ասել էր նա։

Այսօր հայտնի դարձավ, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն առաջարկել են լրացուցիչ երեք միլիարդ եվրո հրատապ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային, սակայն կանցլեր Օլաֆ Շոլցի գրասենյակն արգելափակել է նախաձեռնությունը՝ հասկացնելով, որ այս տարվա համար նախատեսված չորս միլիարդ եվրոյի օգնությունը բավարար է:

Der Spiegel-ի տեղեկություններով՝ նախարարները ցանկանում են օգնություն տրամադրել Կիևին նախքան փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի ընտրությունները և այդ հրատապությունը բացատրում են ճակատում իրավիճակի վատթարացմամբ, ինչպես նաև Ուկրաինային ռազմական աջակցության հարցում անորոշությամբ, որը կապված է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության հետ:

Պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները և աջակից մյուս երկրները Ուկրաինային ավելի քան 122 մլրդ դոլարի աջակցություն են տրամադրել: