Գեներալ Քիթ Քելլոգն, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է նշանակել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց, հունվարի սկզբին կայցելի Կիև ու մի շարք եվրոպական մայրաքաղաքներ, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ այցը պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում է։
Վկայակոչելով ճամփորդական ծրագրերին ծանոթ երկու աղբյուրների՝ Reuters-ը գրում է, որ 80-ամյա Քելլոգն այս ուղևորության ընթացքում չի պատրաստվում այցելել Մոսկվա։
Ակնկալվում է, որ նա Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարների հետ։
Քելլոգի թիմը նաև աշխատում է Հռոմում և Փարիզում եվրոպական առաջնորդների հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այցերն այս փուլում ուղղված են հիմնականում «տեղեկատվության հավաքագրմանը» և ոչ թե ակտիվ բանակցություններին։
Աղբյուրներից մեկը Reuters-ին միևնույն ժամանակ ասել է, որ այցի ծրագիրը դեռ մշակման փուլում է՝ չբացառելով, որ այն փոփոխությունների ենթարկվի։
Նշվում է, որ այս շրջայցը վկայում է, որ ԱՄՆ ընտրված նախագահը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայում պատերազմի ավարտին։
Երկուշաբթի օրը, Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հարցով կխոսի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մենք փորձում ենք կանգնեցնել այս սարսափելի, սարսափելի պատերազմը։ Որոշ փոքր առաջընթաց կա», - ասել էր ԱՄՆ նորընտիր նախագահը։
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը՝ մանրամասներ չնշելով։