Մատչելիության հղումներ

Թրամփը գովել է Էրդողանին, ասել, որ Ուկրաինայում հարցով էլ կխոսի Պուտինի ու Զելենսկու հետ


Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը մամուլի ասուլիս է տվել և դրա ընթացքում խոսել է նաև Սիրիայի և Ուկրաինայի մասին։

Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին պատասխանելով՝ Թրամփը առանձնացրել է Թուրքիայի դերակատարությունը՝ շեշտելով, որ թեև դեռ տարածաշրջանում իրավիճակն անորոշ է, սակայն տեղում առանցքային դերակատարն ու հիմնական շահառուն Թուրքիան է։

«Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու Սիրիայում, բայց ես կարծում եմ, որ Թուրքիան, ըստ էության, իր ձեռքում կպահի Սիրիայի բանալին: Չեմ կարծում, որ դուք այս մասին կլսեք որևէ մեկից, բայց ես դա կանխատեսում էի», - ասել է նա։

Թրամփը, ի դեպ, ասուլիսի ընթացքում գովեստի խոսքեր է շռայլել թե՛ Թուրքիայի, թե՛ Էրդողանի հասցեին, շեշտելով, որ նրանք հասան հարյուրամյակներով իրենց փայփայած նպատակին. - «Ես Էրդողանի հետ շատ լավ լեզու եմ գտնում, ու պատերազմը նրան չի հյուծել, նա այս ընթացքում շատ ուժեղ ու հզոր բանակ է ստեղծել։ Թուրքիան է Սիրիան գրաված ուժերի հետևում։ Էրդողանը շատ խելացի է, թուրքերը հազար տարի շարունակ ցանկանում էին վերահսկել Սիրիան, իսկ այն մարդիկ, որ իշխանության են եկել, այժմ վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Դա նորմալ է, դա էլ պատերազմելու մի ձև է»։

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները, որոնց թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը, թե ՄԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են համարում, գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան և ապաստան ստացավ Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ըստ Թրամփի՝ այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքում։ Իսկ ինքը Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հարցով կխոսի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք փորձում ենք կանգնեցնել այս սարսափելի պատերազմը», - հայտարարել է Թրամփը և նշել, որ Զելենսկին պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել, ինչպես և Պուտինը։

ԱՄՆ ընտրված նախագահը խուսափել է պատասխանել հարցին, թե խաղաղության հասնելու համար աջակցո՞ւմ է Ուկրաինայի տարածքային զիջումներին, սակայն ընդգծել է՝ ուկրաինական տարածքները, որտեղ մարտեր են ընթանում, հիմնովին ավերված են, հնարավոր չէ այնտեղ վերադառնալ և ապրել, իսկ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։

XS
SM
MD
LG