Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար օգտագործել «3+3» հարթակը, տարածաշրջանային ձևաչափով հանդիպումն ամփոփելիս հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասում գլխավոր սպառնալիք համարելով՝ արտատարածաշրջանային երկրներին, որոնք «փորձում են այստեղ իրենց կանոնները թելադրել»։ Նպատակն էլ, նրա խոսքով, ոչ թե տարածաշրջանի խնդիրների կարգավորումն է, այլ՝ նատօակենտրոն ֆորմատների առաջմղումը։
«Ե՛վ մենք, և՛ թուրքերը, և՛ իրանցիները Երևանի ու Բաքվի մեր գործընկերներին առաջարկել ենք «3+3»-ի հարթակն օգտագործել՝ ավարտին հասցնելու խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Մենք հիշեցինք այդ նախապատրաստությունները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին թե՛ ապաշրջափակման, թե՛ սահամանազատման թեմայով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում։ Կան նաև հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս պահին հանդիպումներ չեն նախատեսվում, հայաստանցի գործընկերները դադար են վերցրել, նրանք կարծում են, որ թուրքերի հետ իրենց պետք է նախ պետք է ուղիղ շփվեն ու հասկանան՝ ինչ է պետք անել։ Ես համենայնդեպս կարծում եմ՝ դա ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, դրա համար մենք առաջարկեցինք այդ հարցերը ընդհանուր դիտարկել ու առաջ մղել», - ասել է Լավրովը:
Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի այս առաջարկը հնչում է մի փուլում, երբ հայ - ադրբեջանական բանակցությունները, ըստ փորձագետների, փակուղի են մտել, Երևանն առաջարկում է շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրել համաձայնեցված կետերով, Բաքուն մերժում է՝ ավելացնելով ստորագրման նախապայմանները։
Ի՞նչ է սա նշանակում՝ միջնորդություն, նոր առաջարկներ՝ չկարգավորված հայ-ադրբեջանական հարցերի շուրջ, Լավրովը չի մանրամասնել, բայց փաստացի դարձյալ Ռուսաստանի մասնակցությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն է թարմացրել։ Երևանն ու Բաքուն դեռ այս առաջարկին չեն արձագանքել, սակայն երկկողմ հանդիպում են երեկոյան անցկացրել:
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափով երրորդ հանդիպումը Ստամբուլում էր անցկացվում։ Հարավկովկասյան երեք երկրներից միայն Վրաստանը չէր մասնակցում։ Հարթակում ընդգրկված են նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։
Միրզոյանը շեշտադրում է տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը
Ոչ մի օր՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի. Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի մայր օրենքն այս տեսքով ուղիղ խոչընդոտ համարեց խաղաղության հաստատմանը։
«Հատկապես անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնք երաշխավորում են, որ Հայաստանի ագրեսիան և օկուպացիան չեն կրկնվի, և խաղաղությունը կախված չի լինի ներքաղաքական իրավիճակից ու օրենսդրությունից», - նշել է Ջեյհուն Բայրամովը։
Մինչ Ադրբեջանի արտգործնախարարը դարձյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն էր բարձրացնում, Արարատ Միրզոյանն իր ելույթում առավելապես շեշտադրեց տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։ Ելույթից, ի դեպ, միայն տեքստն է տարածվել։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Չնայած ապաշրջափակման հարցին Երևանն ու Բաքուն պայմանավորվել են վերադառնալ խաղաղության պայմանագրից հետո, բայց վերջին ամսվա ընթացքում հենց այս հարցն է տարածաշրջանային երկրների մեծամասնության քննարկումների առանցքում։ Անկարան ու Բաքուն ետ չեն կանգնում «Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից։ Սա կարմիր գիծ համարող Հայաստանի դիվանագիտության ղեկավարն իր ելույթում մի քանի անգամ է տարբեր ձևերով շեշտել ինքնիշխանության խաթարման անթույլատրելիությունը։
Հայ-թուրքական կարգավորմանն անդրադառնալիս Միրզոյանը թվարկել է նախկին պայմանավորվածությունները, որոնցից ոչ մեկը մեծ հաշվով կյանքի չի կոչվել։ Հիշեցրել, որ Հայաստանն ավարտել է Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը, բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունից Արարատ Միրզոյանը չի խոսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները»Էրդողանն ընդունել է «3+3»-ի երկրների ԱԳ նախարարներին
Հաղորդվել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվելու, այն մինչև հիմա չի հրապարակվել, ըստ թուրքական մամուլի, հռչակագրում, ենթադրաբար, ընդգծվելու է խնդիրները երկխոսության միջոցով լուծելու մասնակից երկրների հանձնառությունը։ Տարածաշրջանային խնդիրները՝ տարածաշրջանի երկրների ուժերով լուծելու կարևորությունը այսօր կարմիր թելի նման անցնում էր թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հայտարարություններում։
Բաքուն, Մոսկվան և Թեհրանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելությունից, մինչ դեռ Հայաստանը դա սահմանային կայունության երաշխիք է համարում:
«3+3»-ի հիմնական նիստից հետո արտգործնախարարները նաև երկկողմ հանդիպումներ են անցկացնում։ Արտգործնախարարներին նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ընդունել, իսկ առավոտյան տեսախցիկները ֆիքսեցին՝ ինչպես էր ջերմ գրկախառնություններով Հաքան Ֆիդանը Ստամբուլում ընդունում «3+3» ձևաչափին մասնակցող տարածաշրջանի 4 երկրների արգտործնախարարներից երեքին: Բացառություն էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը, նրանք միայն ձեռքսեղմումով բավարարվեցին։