Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները»


Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, այսօր Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Սա, նրա խոսքով, լրացնում է երկու հարևան, փակ սահմաններով երկրների միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։

«Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև», - նշել է նախարար Միրզոյանը:

Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 93 -ին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։

Բացի այդ, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ վերջին՝ հուլիսի 30-ի բանագնացների հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։

Արտգործնախարարը այսօր Թուրքիայում վերահաստատել է՝ Երևանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա։

  • Երկու երկրները 2020 թվականի պատերազմից հետո հատուկ բանագնացներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման համար, որոնք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել։
  • «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը, սակայն, հանդիպումներին չի մասնակցում։
  • Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։

XS
SM
MD
LG