Վաղը Ստամբուլում անցկացվելու է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Թուրքական մամուլը նշում է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները՝ Հաքան Ֆիդանը, Սերգեյ Լավրովը, Աբբաս Արաղչին, Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։
Վրաստանը նույնպես հրավիրված է, բայց ինչպես նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս այդ ձևաչափով հանդիպմանը չի մասնակցելու՝ Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ Թբիլիսին այս նախաձեռնության սկզբից պնդել է, որ օկուպանտ Ռուսաստանի հետ չի կարող նույն հարթակում լինել։ Ամեն դեպքում, տարբեր առիթներով նշվել է, որ այդ հարթակի դուռը Թբիլիսիի համար բաց է մնում։
Hürriyet Daily News-ը գրում է, որ վաղվա հանդիպումն անցկացվելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ։ Քննարկումները կենտրոնանալու են համագործակցության կոնկրետ ծրագրերի վրա՝ բարելավելու տարածաշրջանային փոխգործակցությունը, ավելի լայն ջանքեր գործադրելու տարածաշրջանային կայունության համար։ Ակնկալվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային առանցքային իրադարձությունների շուրջ։
Ըստ Daily Sabah-ի՝ Հաքան Ֆիդանը պատրաստվում է ընդգծել Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև կապերի նորմալացմանը։
Պլանավորված են նաև Թուրքիայի արտգործնախարարի երկկողմ հանդիպումներ Ստամբուլ ժամանած իր պաշտոնակիցների հետ։
Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս հանդիպելու է արտգործնախարարներին։
«3+3» ձևաչափի հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվելու։ Չնայած նախնական տեքստը հրապարակած չէ, բայց ըստ թուրքական մամուլի՝ հռչակագրում ենթադրաբար ընդգծվելու է մասնակից երկրների հանձնառությունը առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով, խթանել, աջակցել այդ երկխոսությանը, խնդիրները կարգավորել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները: Հռչակագիրը երկրներին կոչ է անելու հարգել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը, սահմանները և խուսափել ներքին գործերին միջամտությունից, ինչպես նաև ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։
Մամուլը նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարը վաղվա հանդիպմանը կարևորելու է նաև տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական ինտեգրումը՝ որպես փոխվստահության ամրապնդման միջոց։ Ընդգծելու է Թուրքիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար, կարևոր համարելով տարածաշրջանային միասնությունը, փոխկապվածությունը որպես առկա խնդիրների լուծման լավագույն մեթոդ:
Daily Sabah-ը նման հնարավորություն է համարում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»՝ նշելով, որ այն վիճելի հարց է մնում բանակցություններում։ Մոսկվան սատարում է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի տարածքով անարգել մուտք գործել դեպի Նախիջևան։ Մոսկվան և Բաքուն ցանկանում են, որ Ռուսաստանը վերահսկի միջանցքը, սակայն Երևանն ու Թեհրանը դեմ են նման սխեմային և պնդում են՝ եթե անգամ տրանսպորտային երթուղի ստեղծվի, Հայաստանը պետք է վերահսկողություն ունենա դրա վրա։ Միջանցքի բացումը կդադարեցնի Իրանի ուղիղ ցամաքային մուտքը Հայաստան, նշում է պարբերականը, իսկ Թուրքիայի համար այն աշխարհաքաղաքական կապող օղակ է դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա, և Անկարան աջակցում է «զանգեզուրյան բացմանը»։
«3+3» ձևաչափը ստեղծվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո։ Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած այս հարթակը ենթադրում է տարածաշրջանային համագործակցության խթանում, որը նպաստելու է նաև առկա խնդիրների լուծմանը
Մինչ հիմա ընդամենը երկու հանդիպում է անցկացվել՝ 2021-ին առաջին հանդիպումը Մոսկվայում կայացել է փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ին Թեհրանում հանդիպել են արտգործնախարարները։
Daily Sabah-ը գրում է․ «դաշնակիցները և պատմական թշնամիները ուրբաթ հավաքվելու են Ստամբուլում, որպեսզի հակամարտությունների սրացումների փուլում ակտիվացնեն համագործակցությունը Հարավային Կովկասում»: