Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ռուսական կողմը հաստատում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի պլանավորված մասնակցությունը Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Ավելի վաղ իրանական կողմն էր հաղորդել, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ևս մտադիր է մասնակցել Թուրքիայում նախատեսված տարածաշրջանային այդ ձևաչափով հանդիպմանը։
Պաշտոնական Երևանն առայժմ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցության մասին հայտարարություն չի արել։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
2021-ին փոխարտգործնախարարների մակարդակով Մոսկվայում կայացել է առաջին հանդիպումը։ 2023-ին Թեհրանում հանդիպել են արտգործնախարարները։