«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից է մահացել Վահագն Եղոյանի 22-ամյա որդին՝ Վաչագանը: Նա «Սուրմալու»-ի աշխատակից էր: 16 մարդու կյանք խլած այս ողբերգական դեպքից 2 տարի է անցել, բայց երիտասարդ որդուն կորցրած հայրը դժգոհ է՝ ինչու է դատարանը գործն այսքան ձգձգում:
«Մի 10 դատ մենակ ծանուցման պատճառով հետաձգվեց, ոչ պատշաճ ծանուցվելու համար: Մարդիկ կան տեղյակ էլ չեն: Նոր մի երկու դատ ա, որ մի քիչ խոսում են», - նշեց Եղոյանը:
Ըստ իրավապահների՝ հրդեհը բռնկվել էր առևտրի կենտրոնի պահեստներից մեկում, որտեղ հրավառ նյութեր են եղել: Պայթյունից 2 տարի անց 1 մարդ դեռ անհետ կործ է համարվում, ավելի քան 150 տուժող կա, կենտրոնի գույքային վնասը գնահատվել է շուրջ 3 մլրդ դրամ: Փաստաբան Ավագ Լալայանն ասում է՝ տուժողների վնասը դրանում ներառված չէ, այդ թվում՝ իր վստահորդներինը: Պնդում է՝ այս գործը ձախողված է, որովեհտև այս պայթյունից մեկ տարի առաջ նույն կենտրոնում հրդեհ էր բռնկվել ինչից հետո տեսչական մարմինը խախտումներ էր հայտնաբերել, իսկ տուժողների փաստաբանը պահանջել էր՝ արգելեն կենտրոնի աշխատանքը, մինչև դրանք վերացվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի պահեստում մոտ չորս տոննա պայթուցիկ նյութ է եղել. հայտարարում են նախարարն ու իշխող ուժի ներկայացուցիչը«Էդ միջնորդությունները դատախազության և քննիչի կողմից մերժվել են, որից հետո տեղի է ունեցել պայթյունը: Եթե այդ փուլում վարույթ իրականացնող մարմինը, դատախազությունը դադարեցներ «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատանքը, մենք այս պայթյունը չէինք էլ ունենան ամենայն հավանականությամբ: Այս պայթյունից հետո քրեական գործ հարուցելու որոշման հիմքում և անձանց մեղադրանք առաջադրելու հիմքում դրված են այն նույն խախտումները, որով Տիգրան Մուրադյանը դիմել էր, ասել էր, որ կոնկրետ սենց խախտումներ կան, էդ խախտումների հիմքով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատանքը դադարեցրեք: էդ նույն հանգամանքներն են դրված», - ասաց փաստաբանը:
Ավագ Լալայանը պնդում է՝ երկու տնտեսվարողներից ու առևտրի կենտրոնի մեկ բաժնետիրոջից բացի, մեղադրյալի աթոռին պետք է լինեն նաև իրավապահները. - «Միջնորդել եմ քննարկել նշված գործով քննիչի, դատախազի գործողությունների իրավաչափ լինելու հանգամանքը: Միջնորդել եմ քննել պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք պարտավոր էին հետևել անվտանգության հարցերին: Միջնորդել եմ նաև պարզել պարոն Փաշինյանը, երբ որ կառավարության նիստին հայտարարում է, որ տեսչական մարմնի ղեկավարին աշխատանքից հեռացրել է այդ հիմքով, այդ հիմքով դրված իրեն ինչ են զեկուցել և ինչի համար է ինքը աշխատանքից հանել այդ տեսչական մարմնի ղեկավարին»:
Ի պատասխան իր միջնորդությունների՝ դատախազությունից պատասխան է ստացել՝ ակտիվ քննություն է ընթանում, ինքը որպես դիմումատու դեռ լուր չունի՝ կոնկրետ ինչ է արվում: Տեսչական մարմնից փոխանցեցին, մինչև այսօր առևտրի կենտրոնը իրենց նշած խախտումներից մեկը՝ տաղավարների միջև եղած փոքր տարածությունը դեռ նույնն է: Այդուհանդերձ շուկան բաց է, ներկայանալ չցանկացող աշխատակիցն էլ մեզ ցույց տվեց տարածքն ու պնդեց՝ բոլոր պահանջները կատարված են, անելիք չունեն: