Մատչելիության հղումներ

«Սուրմալուի» պայթյունից մեկ տարի անց որևէ մեկը չի պատժվել. տեղում գարնանը նոր խախտումներ են արձանագրվել


Այսօր լրանում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին, որը 16 մարդու, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխայի կյանք խլեց։ Զոհվածների հարազատները, այլ քաղաքացիներ ծաղիկներ, խաղալիքներ են բերել այնտեղ՝ պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա։ Այսօր մեկ տասնյակից ավելի զոհերի հիշատակի օրն է։

Առևտրի կենտրոնի պահեստում հրդեհին հաջորդած ուժգին պայթյունից միայն տասն օր անց դադարեցվեցին որոնողական աշխատանքները, թեև այդպես էլ չգտնվեց 16 զոհերից մեկի աճյունը։ Պայթյունից մոտ 5 տասնյակ տաղավար էր վնասվել։ Ըստ դատախազության՝ նախնական վնասն ավելի քան 2 մլրդ դրամ է։

Ողբերգությունից մեկ տարի անց դեռ որևէ մեկը չի պատժվել։ Միայն 5 մարդու՝ կենտրոնի տնօրենին, փոխտնօրենին, 3 տնտեսվարողներին մեղադրանք է առաջադրվել, նրանք բոլորն ազատության մեջ են։

Տնօրենը՝ Իրինա Մադաթովան մեղադրվում է ոչ թե հենց անցած օգոստոսի պայթյունի, այլ դրանից մեկուկես տարի առաջ նույն առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դրվագով։ Ողբերգական դեպքին միայն քաղաքական պատասխանատվություն հաջորդեց. պայթյունից շաբաթներ անց հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ու տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն ազատվեցին աշխատանքից։

«Եվ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի, և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված հանձնարականը չի կատարվել», - ազատումներից հետո ասել էր վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հանձնարական էր տվել ավելի քան 200 մարդու կյանք խլած Բեյրութի պայթյունից անմիջապես հետո՝ 2020 թվականին։

Չնայած վարչապետն ինքը հայտարարել էր, որ ենթակաները թերացել են, չեն կատարել իր հանձնարարականը, մեղադրյալների շարքում առ այսօր որևէ պաշտոնյա չկա։ Մինչդեռ տուժողների փաստաբաններն ասում են՝ պայթյունից մեկուկես տարի առաջ նույն առևտրի կենտրոնում հրդեհ էր եղել, դիմել էին Դատախազություն, որ դադարեցնեն առևտրի կենտրոնի շահագործումը: Այնտեղից ասել էին, թե տեսչականն է պատասխանատաու այդ հարցով, տեսչականից էլ, թե՝ քրեական գործի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պետք է զբաղվի այդ հարցով:

«Մենք գտնում ենք, որ այս պայթյունը բոլոր դեպքերում չէր կարող տեղի ունենալ, եթե տեսչական մարմնի աշխատակիցները իրենց պարտականությունները բարեխիղճ կատարեին, այսինքն՝ եթե իրենք իրականում տեղում լինեին, կանխեին այդ ամեն ինչը, այս մարդիկ չէին զոհվելու», - համոզված է տուժողների և տուժողների իրավահաջորդների փաստաբան Ավագ Լալայանը։

Հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պայթյունից ամիսներ առաջ մոտ երկու տասմյակ խախտումներ էր հայտնաբերել առևտրի կենտրոնում, բայց այդպես էլ չէր գնացել ստուգելու՝ խախտումները վերացվել են, թե ոչ։ Տեսչական մարմինը «Սուրմալուում» այս գարնանն էլ է խախտումներ հայտնաբերել։ Դրանք, ըստ գերատեսչության ներկայացուցչի, մեկ տասնյակն անցնում են։ Առևտրի կենտրոնին ժամանակ է տրվել, ժամանակն արդեն լրացել է, բայց դեռ նոր ստուգման չեն գնացել։

«Արձանագրել ենք, որ օրինակ՝ էլէկտրամատակարարման հետ կապված ահռելի խնդիրներ կային, որոնք այն ժամանակ չէին համապատասխանում, շտկումներն արված են։ Մնացածը արդեն երբ որ վերստուգման հստակ օրը կպլանավորվի, կստուգեն, արդեն պարզ կլինի՝ արդյոք մնացած մասով, որով պարտավորվել է տնօրինությունը շտկումներ իրականացնել, իրականացրել է, թե ոչ։ Իսկ եթե իրականացրած չեղավ, բնականաբար արդեն նորից փակման որոշում կկայացվի», - հայտնեց ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

«Սուրմալուի» պայթյունից հետո տեսչական մարմինը սկսեց ավելի հաճախ ստուգումներ իրականացնել հանրային օբյեկտներում։ Առևտրի կենտրոնից հրաժարվում են մեկնաբանություններից՝ արդյոք վերացրել են բոլոր խախտումները։ «Սուրմալու»-ի փոխտնօրեն Վարդան Մանուկյանը դեռ ձմռանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ իրենք պայթյունից հետո իրականացված ստուգումներից հետո փոփոխություններ են արել, 500-ից ավելի տաղավարներում կրակմարիչներ են դրել, ծխատար խողովակներ են անցկացրել, մալուխներն են փոխվում։

Ինչո՞ւ պայթյունից մեկ տարի անց որևէ մեկը չի պատժվել, տուժողներն ու տուժողների իրավահաջորդները բողոքում են քրեական գործի նախաքննության ընթացքից, պնդում, թե իրավապահնները անգործություն են դրսևորում։

«Ծածկադմփոց են անում էլի ԱԱԾ-ն, Քննչականն էլ», - պնդում է Վահագն Եղոյանը։

Նրա որդին՝ Վաչագան Եղոյանը 22 տարեկան էր, «Սուրմալուի» աշխատակիցներից։ Եղոյանն ու էլի զոհերի հարազատներ կասկածներ ունեն, որ հովանավորչության ու քրեական հեղինակությունների միջամտության հետևանքով է գործն այս ընթացքը ստացել, ու որ պատասխանատուները դեռ ազատության մեջ են։

Եղոյանն ու մի քանի այլ հարազատներ կասկածներ ունեն, որ առևտրի կենտրոնի տարածքում ընդհատակյա հրավառության արտադրամաս է գործել, մեծ քանակությամբ վառոդ է կուտակված եղել. - «Քննչականին, ԱԱԾ-ին տեղեկություն ենք տվել, որ այնտեղ սալյուտի արտադրամաս է եղել, վառոդ են ներմուծել, լիցենզիա են հանել, փայատերեր կան բարձրաստիճան պաշտոնյաներից», - նշեց Վահագն Եղոյանը։

Քննչական մարմիններն այս պնդումներին դեռ չեն արձագանքել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG