Սոչիի և Կազանի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Սոչիի օդանավակայանը, արխիվ

Սոչիի և Կազանի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

«Ազատության» ռուսական ծառայությունը, վկայակոչելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, նշում է, որ նման որոշում է կայացվել՝ «ապահովելու քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունը»։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Baza տելեգրամյան ալիքը գրում է, որ թռիչքները դադարեցվել են անօդաչու թռչող սարքերի սպառնալիքների պատճառով։

Սոչիի օդանավակայանը հաստատել է, որ 12 օդանավեր ուղղորդվել են այլ օդանավակայաններ, իսկ մի քանի թռիչքներ հետաձգվել են։

Կազանի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է դեկտեմբերի 25-ին, երբ ռուսական կողմը հայտնեց ուկրաինական 59 ԱԹՍ ոչնչացնելու մասին։

Baza-ն գրում է, որ գիշերն օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադում և Աստրախանում, սակայն ավելի ուշ հանվել են: Baza-ն պնդում է, որ «փակ երկնքի» ռեժիմ է սահմանված նաև Սամարայի, Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայաններում։

Նախօրեին անօդաչու սարքերի սպառնալիքի պատճառով ժամանակավորապես գործունեությունը դադարեցրել էին «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Ժուկովսկի» օդանավակայանները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Տուլայի և Աստրախանի շրջաններում ուկրաինական 13 ԱԹՍ է խոցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից. ԶԼՄ-ներ