Ղազախստանում ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Գործը հարուցվել է երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։
Գլխավոր դատախազությունում քննչական խումբ է ստեղծվել, որն ուղևորվել է Ղազախստան քննություն անցկացնելու նպատակով։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ 28 մարդ ողջ է մնացել: Դեպքի վայրում 4 դիակ է հայտնաբերվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարեցրել է իր այցը Սանկտ Պետերբուրգ և վերադարձել Բաքու։