Դեռ պարզ չէ՝ երբ կկայանա ռեփեր Սնուփ Դոգի՝ հետաձգված համերգը Երևանում
Անցյալ տարվա սեպտեմբերի 23-ից հետո մինչ օրս «Դոփինգ Սփեյս» ընկերությունը դեռ չի հայտնել՝ երբ է տեղի ունենալու ռեպեր Սնուփ Դոգի համերգը Երևանում, որի համար հարկատուների գրպանից արդեն հատկացվել է մոտ 6 միլիոն դոլար։ Կրթության նախարարի խոսքով՝ համերգը հնարավոր է օգոստոսին լինի, բայց նախարարը դեկտեմբերին էլ խոսել էր հունիս-հուլիս ամիսների մասին։
«Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի, պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկվի, որից պիտի ընտրենք ամենանպատակահարմարն այդ համերգը կազմակերպելու, բնականաբար, արդեն այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է, ոչ մի այլ լրացուցիչ բան չի պլանավորվում», - ասել էր նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի. ԿԳՄՍ նախարարՌեփերի համերգն անցյալ տարի հետաձգվեց Արցախի վրա հարձակման ու բնակիչների գաղթի պատճառով։
«Դոփինգ Սփեյս»-ից այսօր «Ազատության»-ը հայտնեցին՝ «համերգը չի չեղարկվել, կտեղեկացնենք, երբ ժամկետը հստակ լինի»։ Իսկ Կրթության նախարարությունից տեղեկացրին, որ դրամաշնորհը ստացած ընկերության հետ փետրվարին համաձայնագիր են կնքել՝ երկարաձգելով նախորդ տարվա պայմանագրի ժամկետը։
Նոր համաձայնագրում ասված է. «Պայմանագրի 2023 թվականի սեպտեմբերի 24 բառեր փոխարինել 2024 թվականի ընթացքում բառերով»։
Իսկ ո՞ւր է միջոցառումը. Վարուժան Հոկտանյան
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ ըստ ժամկետի երկարացման մասին համաձայնագրի՝ համերգի կազմակերպիչներն այն կարող են անցկացնել ցանկացած օր այս տարվա ընթացքում, անգամ դեկտեմբերի 31-ին։
«Մի սխալ արել եք և այդքան գումար պետբյուջեից հատկացրել եք այս միջոցառման վրա, բայց մինչև հիմա չկա, ուրեմն գալիս է երկրորդ հարցը՝ իսկ ո՞ւր է միջոցառումը։ Տեսնենք, թե երբ ի վերջո կժամանի Սնուփ Դոգը, որպեսզի նպաստի…, չնայած եթե հիշում եք, պայմանագրով մի քիչ այլ ձևակերպում է տրված», - նշեց նա։
Համերգի կազմակերպման վերաբերյալ բյուջեի տողում կամ այլ փաստաթղթերում, ինչպես նկատում է փորձագետը, զբոսաշրջության զարգացման մասին ոչինչ գրված չէ, սակայն դրա մասին խոսում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
«Կառավարությունն ի վերջո որոշումներ է կայացնում՝ այս կամ այն ուղղությանը լուրջ զարկ տալու համար, և եթե մենք ասում ենք, որ ուզում ենք տուրիստական ուղղություն դառնալ, ապա նաև ներդրումներ պետք է անենք՝ ոլորտը զարգացնելու համար, իսկ նման ներդրումը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում, համապատասխան կազմակերպությունների, կարողությունների զարգացում», - շեշտել է Արայիկ Հարությունյանը։
Զբոսաշրջության զարգացումը Հայաստանում Էկոնոմիկայի նախարարության գործն է, նկատում է Հոկտանյանը։
«Որովհետև եթե դա լիներ զբոսաշրջության զարգացում, պետք է որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեից գնար, ոչ թե ԿԳՄՍՆ-ի», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սնուփ Դոգի համերգի գումարը կառավարությունը տրամադրել է որպես դրամաշնորհ. մասնագետը կարծում է՝ մրցույթ էր պետք հայտարարելՄինչդեռ Սնուփ Դոգի համերգի համար հատկացված բյուջեի՝ 6 միլիոն դոլարի մեծ մասը տրամադրվել է Կրթության, գիտության ու մշակույթի նախարարության «Արվեստների ծրագիր» տողով, որի նպատակը շարադրված է բյուջեի հավելվածում՝ «Նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը»։ Պարզ չէ, թե ինչպես է ամերիկացի ռեպերը նպաստելու Հայաստանի ազգային երաժշտարվեստի զարգացմանը։