Մատչելիության հղումներ

Սնուփ Դոգի հետաձգված համերգը Երևանում կկայանա 2024-ի մայիսին կամ հունիսին


Նիդերլանդներ - Սնուփ Դոգի համերգը Ռոտերդամում, 19-ը սեպտեմբերի, 2023թ.
Նիդերլանդներ - Սնուփ Դոգի համերգը Ռոտերդամում, 19-ը սեպտեմբերի, 2023թ.

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի 6 միլիոն դոլարանոց հետաձգված երևանյան համերգը կկայանա 2024 թվականի մայիսին կամ հունիսին։ Համերգի կազմակերպիչներն այսօր խախտեցին լռությունը՝ մինչ այս բանակցում էին աստղի հետ. - «Ինքը շատ հարգանքով է մոտեցել մեր որոշմանը, որովհետև հասկացել է, որ իսկապես որոշումը տեղին է»:

Կառավարության ֆինանսավորած համերգը սեպտեմբերի 23-ին էր նախատեսված, պետբյուջեից շուրջ 6 միլիոն դոլարն արդեն վճարվել էր, ռեփերն էլ՝ իր հոնորարը ստացել։ Իշխանությունները հայտարարում էին՝ «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի իմիջի հարցն է որոշվելու:

«Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է». - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա՝ հարյուր հազար հայերի ստիպելով հեռանալ։ Կառավարությունում որոշեցին համերգն անորոշ ժամանակով հետաձգել, և մինչ այս պարզ չէր՝ ի՞նչ է լինելու կազմակերպչին՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը վճարված 6 միլիոն դոլարը։ Թե այդ գումարի որ մասն է Սնուփ Դոգի հոնորարը՝ չի հանրայնացվում՝ գաղտնիք է:

«Ի սկզբանե մենք ասել էինք, որ մենք չենք ուզում ուղղակի Սնուփ Դոգի հերթական համերգ, մենք ուզում ենք Սնուփ Դոգի լավագույն համերգ: Մենք 11 հազար զբոսաշրջիկ ենք կարողացել հրավիրենք, կարողացել ներգրավենք Հայաստանում: Այսինքն՝ մենք 9 հազար 700 զբոսաշրջիկ ունեցել ենք հենց սեպտեմբերի 19-ի օրվա դրությամբ, ու 1000-ից ավել ունեցել ենք Պարսկաստանից մենակ ամրագրում: Այսինքն՝ համերգի օրվա դրությամբ մենք ունենալու էինք ավելի շատ զբոսաշրջիկ, քան՝ տեղացի: Ես, չգիտեմ, ես տենց բան չեմ տեսել որևէ այլ համերգի ժամանակ», - ընդգծեց «Դոփինգ Սփեյս»-ի հիմնադիր Հայկ Սիմոնյանը:

Կառավարությունը համաձայնել էր պետբյուջեին հաշվին համերգ կազմակերպել՝ ակնկալելով, որ մեծաթիվ զբոսաշրջիկներ կգան, փող կծախսեն և այլն:

Ներկայիս անվտանգային, սոցիալական ծանր խնդիրների շրջանում կենսակա՞ն էր ավելի քան 6 միլիոն դոլարի տրամադրումը համերգին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն այս հարցին երեկ դրական պատասխան տվեց:

Վրաստանում նույնպես կառավարությունը երկու տարվա արշավ է սկսել և բյուջեից ավելի քան 27 միլիոն դոլար տրամադրել աստղային համերգների համար: Այս շարքում վերջերս Թբիլիսիում ելույթ ունեցավ Imagine Dragons-ը։ Վրաստանյան կառավարությունն էլ էր, սակայն, հայտնվել քննադատության թիրախում․ գումարները վճարվում են աստղերի, որոնք այնքան հարուստ են, որ իրենք են երբեմն օգնում աղքատ երկրներին, հայտարարել էր վրաստանյան «Թրանսփարենսի»-ի ղեկավարը, հորդորելով հաշվել՝ իսկ որքա՞ն կշահի տնտեսությունը, տուրիզմն ու մշակույթը, եթե այդքան գումար ծախսվի, օրինակ․ փառատոններ կազմակերպելու վրա։

XS
SM
MD
LG