Մատչելիության հղումներ

Սնուփ Դոգի համերգի գումարը կառավարությունը տրամադրել է որպես դրամաշնորհ. մասնագետը կարծում է՝ մրցույթ էր պետք հայտարարել


«Չի բացառվում, որ աղմուկից խուսափելու համար հիմա էլ դրամաշնորհով են արել»

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգի անցկացման համար նախատեսված 6 միլիոն դոլարը կառավարությունը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրել է որպես դրամաշնորհ։ Ընդ որում, ընկերության հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 18-ին՝ կառավարության որոշման ընդունումից 1 շաբաթ անց, իսկ մինչ այդ կառավարության պատվիրած մշակութային միջոցառումների փորձից ենթադրվում էր, որ պիտի օգտվեին մեկ անձից գնման եղանակից։

«Չի բացառվում, որ աղմուկից խուսափելու համար հիմա էլ դրամաշնորհով են արել։ Իհարկե, այստեղ, բնականաբար, սա այլ ասպեկտ է, արդեն կապված բյուջետային ծախսերի նպատակահարմարության հետ՝ ինչ ծրագրով է արվել», - ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Մեկ անձից գնումը խնդրահարույց էր, հարկատուների հաշվին մասնավոր ընկերությանը դրամաշնորհ տրամադրելը՝ ոչ պակաս, նկատում են մասնագետները։ Նման ահռելի գումարի դեպքում մրցույթ անցկացնելը պարտադիր է, կարծում է Վարուժան Հոկտանյանը. - «Ես ենթադրում եմ, որ ինչպես և գնումների դեպքում այստեղ էլ պետք է լինի դրամաշնորհային մրցույթ, և առավել ևս այդպիսի գումարի դեպքում մրցույթը, ինձ թվում է, պետք է լինի պարտադիր, միայն մի դեպքում դա կհամարեինք ոչ պարտադիր, եթե այդպիսի միջոցառում կազմակերպելու որևէ այլ ընկերություն կարողություն չունենար»։

Ինչ է հայտնի ընկերության մասին

Ի՞նչն է կառավարությանը ստիպել վստահել «Դոպինգ Սփեյսին»։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին 10 հազար դրամ կանոնադրական կապիտալով, կայքից դատելով այն ունի ապագայի մեծ պլաններ, սակայն դեռ չկան արդեն իրականացված այլ խոշոր միջոցառումներ։ Համահիմնադիրները Հայկ Սիմոնյանը և Մակար Պետրոսյանն են, վերջինս ընկերության 51 տոկոսի բաժնետերն է և անցնում է ապօրինի գույքի գործով ու օգոստոսի վերջին հրավիրվել էր դատախազություն։ Բանն այն է, որ Մակար Պետրոսյանի հայրը նախկինում 15 տարի պատգամավոր է եղել, միևնույն ժամանակ «ՄԱՊ» գործարանի սեփականատերն է, իսկ որդին՝ դրա գործադիր տնօրենը։

Արդյո՞ք «Դոփինգ Սփեյսն» անփոխարինելի էր Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար։

«Որքան ես գիտեմ, նախկինում եղել են այդպիսի համերգներ, և եթե չեմ սխալվում, այս ընկերությունը, որին ծանոթացա, այդ ընկերությունը չէ, որ կազմակերպել էին, որքան գիտեմ՝ լավ էլ կազմակերպված է եղել, այնպես որ, պետք է ուղղակի հասկանալ՝ իսկապես ինչու են փաստորեն առանց մրցույթի դրամաշնորհով տվել մի կազմակերպության, մի ընկերության», - ասում է Հոկտանյանը։

Այս հարցի պատասխանը չկա ծրագիրն իրականացնող Կրթության և գիտության նախարարության ներկայացրած հիմնավորումներում, ոչ մի խոսք նորաստեղծ ընկերության մասին, որը պետք է տնօրինի 6 միլիոն դոլարը, փոխարենը այդ փաստաթուղթը բացատրում է, թե առհասարակ գործադիրի տեսանկյունից ինչու է կարևոր համաշխարհային աստղի մասնակցությամբ համերգ անցկացնել Երևանում. նպատակը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է, դիրքավորումը որպես անվտանգ ու ժամանակակից երկիր, ինչպես նաև տնտեսական աճը և այլն։ Դիտարկելով «Դոպինգ Սփեյսի» կատարած գնումները՝ Հոկտանյանը նկատում է, որ այն միջնորդ ընկերություն է և համերգին առնչվող գրեթե բոլոր ծառայությունները գնում է այլ ընկերություններից. - «Բոլոր գնման գործընթացները, երբ նայում ենք գնման գործընթացների ծածկագրերը, այսինքն՝ անվանում, այնտեղ հրատապ մեկ անձից գնումներ են կատարվել»։

«Դոպինգ Սփեյսին» տրամադրված 2 միլիարդ 318 միլիոն դրամից 2 միլիարդը տրամադրվել են հարկային եկամուտներից, 318 միլիոնը՝ կառավարության պահուստային ֆոնդից։ Ընդ որում, այս ծրագիրը հայտնվել է 2023-ի բյուջով նախատեսված «Արվեստների ծրագիր» բաժնում, որի նպատակը, ըստ կառավարության, «ազգային հենքի վրա ժամանակակից երաժշտարվեստի զարգացումն է»։

Հակակոռուպցիոն մասնագետը երկու հարց է բարձրացնում. արդյոք հարկատուների միջոցները արդարացված է ծախսել այս նախագծի վրա, ապա ինչպե՞ս է ծախսվում գամարը, և չկան արդյոք կոռուպցիոն ռիսկեր, երբ որևէ փուլում որևէ մրցույթ չի անցկացվում. - «Ենթադրենք, թե այո, հոգևոր սնունդ պետք է ժողովրդին, և այդ հոգևոր սնունդը կտրամադրի տվյալ դեպքում Սնուփ Դոգը, լավ, իսկ որքանո՞վ է այս ամենը հիշեցնում փողերի լվացում և նման երևույթներ, որոնք ոչ վաղ անցյալում բավականին տարածված էին։ Հենց թեկուզ այն փաստը, որ ամբողջ այդ գումարը հիմա մեկ անձից, ընդ որում հրատապ մեկ անձից գնումների տեսքով արդեն տրվում է տարբեր ենթակապալառուների, սա արդեն կոռուպցիոն ռիսկ պարունակող գործընթաց է»։

«Ուռճացված ծախսեր»՝ ըստ մասնագետների

«Դոպինգ Սփեյսը», մինչդեռ, 7 էջից բաղկացած նախահաշիվ է կազմել, որը կցված է կառավարության որոշմանը, տասնյակ տողերով ներկայացված է, որ 6 միլիոն դոլարն ամբողջովին ծախսվելու է։ «Ազատությունը» կապվեց մի շարք ընկերությունների հետ, որոնք նախկինում Հայաստանում կազմակերպել են մեծ մշակութային միջոցառումներ։ Առանց նկարահանման կամ ձայնագրության պայմանի, մասնագետները ներկայացրին իրենց ուշադրությունը գրաված, իրենց գնահատմամբ, «ուռճացված ծախսերը»։ Նախ 1 միլիարդ 142 միլիոնը ներկայացված է որպես «միջոցառման կազմակերպման ծառայությունների վճար և դրա հետ կապված կատարվելիք այլ պատրադիր վճարներ», այս 3 միլիոն դոլարը, ամենայն հավանականությամբ, ներառում է արտիստի հոնորարը։ Ծախսերի մյուս տողերից պարզ դարձավ, որ «Դոպինգ Սփեյսը» շռայլ գործատու է։ Օրինակ՝ համերգի պրոդակշն մենեջերը կվաստակի 6,5 միլիոն դրամ, տեխնիկական տնօրենը՝ 5 միլիոն, համերգի ծրագրի պորդյուսերը՝ 5.8 միլիոն դրամ, իսկ զանգերի կենտրոնի 4 աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ 540 հազարական դրամ։

«Եթե ոչ բոլոր տողերում, ապա ծախսերի մեծ մասի դեպքում տվյալ ծառայությունը կարելի էր ձեռք բերել ավելի մատչելի գնով», - ասաց «Ազատության» հետ զրուցած մասնագետներից մեկը։

Մասնագետը չբացառեց, որ նախահաշվի տողերում կան կրկնվող ծախսեր, օրինակ՝ բաներների տպագրության ու մոնտաժման համար նախատեսված է 7 միլիոն դրամ, մեկ այլ բաժնում, մեկ այլ տողով «վահանակների տպագրության համար» նախատեսված է 1 մլն 400 հազար դրամ և այլն, կամ մի տողով Վրաստանի բնակչության շրջանում գովազդի համար նախատեսված է 5.5 միլիոն դրամ, այլ տողերով սոցիալական ցանցերի և թվային հարթակների, այդ թվում՝ ինֆլյուենսերներին վճարելու համար տրամադրվել է 15 միլիոն 400 հազար դրամ։

Այնուամենայնիվ, «Ազատության» զրուցակիցների խոսքով՝ իրենց համար ամենազարմանալին այն է, որ դրամաշնորհով համերգ կազմակերպելուց հետո կառավարությունը պայմանագրով տոմսերի վաճառքից ակնկալում է ընդամենը 63 հազար դոլար։

«Որպես կանոն նախկինում դրամաշնորհով կամ պետական այլ միջոցներով կազմակերպված համերգների հասույթը պայմանագրով վերադարձվել է պետական բյուջե», - ասաց նախկինում համերգներ կազմակերպած «Ազատության» մեկ այլ զրուցակից։

Ըստ գործադիրի ներկայացրած հիմնավորման՝ համերգին 20000-25000 մարդ կմասնակցի։ Տոմսերի արժեքը 20-55 հազար դրամ է, եթե նախատեսված սցենարը իրականանա, ընկերությունը տոմսերի վաճառքից կստանա մոտ 1.5 միլիոն դոլար եկամուտ։

XS
SM
MD
LG