Սեպտեմբերի 23-ին Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպում է «Դոփինգ Սփեյս» ընկերությունը, որն արդեն իր կայքում հայտարարություն է տարածել ու տոմսերի վաճառքի համար գրանցումներ սկսել։ Զուգահեռ չի մարում աղմուկը ամերիկացի ռեփերի երևանյան համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։
Սնուփ Դոգի մասին առաջինը ակնարկեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, թե կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում։ Այս գրառումից քիչ անց համացանցում մի փաստաթուղթ հայտնվեց, ըստ որի՝ պետությունն ավելի քան 23 միլիոն դոլար է հատկացնում համերգային ծրագրերի համար։
Կառավարությունից չհերքեցին, որ փող են հատկացնելու մասնավոր ընկերությանը Հրազդան մարզադաշտում ռեփերի համերգի համար, բայց և պնդեցին, թե հատկացվելիք գումարը 23 միլիոն դոլար չէ։ Թե ինչքան է, պարզ չէ. ոչ կառավարության, ոչ էլ պետական գնումների կայքում պայմանագիրը դեռ չի հրապարակվել։
Այսօր արդեն կառավարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ գործադիրի առաջիկա նիստում որոշում կընդունվի և բոլոր մանրամասները, այդ թվում՝ ամերիկացի աստղի համերգի հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը։ Ու թեև դեռ չկա կառավարության որոշում, թե՛ կազմակերպիչը, թե՛ հենց ինքը՝ Սնուփ Դոգը, արդեն սկսել են գովազդային արշավը։
«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երևան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում։ Տեղյակ եմ հայերի անպատմելի հյուրասիրությունից և անհամբերությամբ սպասում եմ այս հանդիպմանը», - հայտարարել է ռեփերը:
Համացանցում շրջանառվող փաստաթղթում, սակայն, երեք համերգի մասին է նշվում՝ մոտ 6, 9 և գրեթե 8 միլիոն դոլարի հատկացումներով։ Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ միայն մեկի՝ Սնուփ Դոգի համերգի մասին է միայն խոսքը։
Համերգը կազմակերպող «Դոպինգ սփեյսը», որը պետբյուջեից գումար կստանա, բոլորովին վերջերս՝ 2023 ապրիլի 7-ին գրանցված ընկերություն է, պետական գնումների օնլայն համակարգում այս կազմակերպությունը որևէ պայմանագիր չունի։ Սեփականատերերը Մակար Պետրոսյանն ու Հայկ Սիմոնյանն են։ Սակայն դեռևս 2014-ին գրանցված նման անվանմամբ մեկ այլ կազմակերպություն՝ «Դոփինգ» ՍՊԸ-ն ևս գոյություն ունի, որի տնօրենն ու 67 տոկոս բաժնետերը կրկին Հայկ Սիմոնյանն է։
«Դոպինգ» ընկերության հետ գնումների օնլայն համակարգում ընդամենը մեկ պայմանագիր է հրապարակած։ 2017-ին մոտ 3 միլիոն դրամով գրաֆիկական դիզայն են կատարել Հայկական զարգացման հիմնադրամի համար։ Ընկերության կայքում տեղեկատվությունը շատ ավելի բազմազան է. վերջին 10 տարիներին մի քանի տասնյակ խոշոր միջոցառումներ են կազմակերպել՝ Հոռմի Պապի Հայաստան այցի գովազդից մինչև սոցիալական հոլովակներ, օրինակ՝ Առողջապահության նախարարության հակածխախոտային արշավը։
Ընկերության ղեկավարության հետ կապ հաստատել չհաջողվեց. հեռախոսավարը խոստացավ փոխանցել մեր հեռախոսահամարը տնօրենին, որը սակայն մեզ հետ կապ այդպես էլ չհաստատեց։
Տարիներ առաջ «Հետք» պարբերական էր պարզել, որ «Դոփինգ սփեյս» ընկերության համասեփականատերերից Հայկ Սիմոնյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին և վարչապետի փեսային՝ էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարար Հայկ Հարությունյանին պատկանող «Կատանա» ընկերության տնօրենն է: «Դոփինգ սփեյսի» 51 տոկոսի բաժնետեր Մակար Պետրոսյանն էլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ արտադրող «Մապ» ընկերության 50 տոկոս սեփականատեր, նախկին հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է։
Համացանցում շրջանառվող փաստաթղթում կարդում ենք, որ «Դոփինգ սփեյսը» պարտավորվում է ձեռք բերել միջոցառումների համար անհրաժեշտ սարքավորումներ, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառումների անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումներն իրականցվում են Հայաստանի կառավարության հովանու ներքո։
Ինչո՞ւ է պետությունը մեծամասշտաբ այս համերգային ծրագրի իրականացման պայմանագիրը կնքել հենց այս ընկերության հետ, ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել, որքանո՞վ էր նպատակահարմար հարկատուների հաշվին մեգաաստղ հրավիրել Հայաստան, ի վերջո հայտնի՞ է սպասվող արդյունքի չափը։ Կառավարությունից այս հարցերն անպատասխան թողեցին։
Զուգահեռ քննարկումներ են ընթանում՝ արդյո՞ք ժամանակն էր այսպիսի մեգանախագիծ իրականացնել Հայաստանում։
Սնուփ Դոգի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։ Այս օրերին ընթացող քննարկումներում մարդիկ նաև շեշտում են, որ այս շոուն կայանում է 44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ, անցած տարվա արյունալի բախումներից 10 օր հետո։