Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան, որ երկու ամիս է՝ Քննչական կոմիտեում է, հիմա էլ նոր քրեական վարույթի շրջանակում են շարունակում պահել որպես իրեղեն ապացույց։ Այդ քրեական գործը վերաբերում է Արցախի կորստից հետո Հայաստան տեղափոխված պետական մեքենաներին, որ ըստ Քննչականի, ապօրինի վերագրանցվել են ֆիզիկական անձանց անուններով: ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվեց գործից այլ մանրամասներ հայտնել։
«2023թ․ սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների անվամբ կամ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների անվամբ հաշվառված բազմաթիվ տրանսպորտային միջոցներ ՀՀ-ում ֆիզիկական անձանց անվամբ առերևույթ ապօրինի վերագրանցվելու վերաբերյալ ստացված հաղորդման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում 2024թ․ հունիսին նախաձեռնվել է քրեական վարույթ», - հայտնեց Աբրահամյանը։
Ինքնիրավչության հոդվածով այս գործը Քննչական կոմիտեում դեռ հունիսին է նախաձեռնվել. կասկածյալ, մեղադրյալ չկա։ Սամվել Շահրամանյանն էլ որևէ կարգավիճակ չունի:
«Հետաքրքիրն այն է, որ այդ քրեական վարույթի մասին մենք իրազեկվել ենք մեր նախաձեռնությամբ, սա երեխայություն է, սա իրավական պրոցես չի, իրավական երկրում սա իրավական պրոցես համարվել չի կարող», - ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
Շահրամանյանի մեքենայի հետևից իրավապահներն այս ամռանը երկու անգամ գնացին։ Առաջին անգամ չհաջողվեց, երկրորդը՝ հունիսի 21-ին հատուկ ջոկատայինների օգնությամբ դարպասները կոտրելով տարան։ Սկզբում ասացին՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործով են առգրավել։ Հետո էլ այլ գործով փոխանցել մեկ այլ քննիչի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շահրամանյանի մեքենան իրավապահները դեռ չեն վերադարձնում. փաստաբանը պնդում է՝ որևէ քննչական գործողություն չի կատարվումԻսկ ինչի՞ մասին է նոր վարույթը։ Փաստաբան Ռոման Երիցյանը փակագծեր բացեց. - «Քննչական կոմիտեն ասում է՝ տեղափոխողը պարտավոր լինելով հանձնել, չի հանձնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, այլ շարունակել է այն տիրապետել, ինչի արդյունքում պետությանը և հասարակության շահերին պատճառվել է էական վնաս: Նախ ո՞ր պետությանն է պատճառվել էդ էական վնասը»:
Ո՞ր օրենքով կամ բանավոր կարգադրությամբ այն պետք է փոխանցվեր հայաստանյան մարմնի, որն էլ չի արել Սամվել Շահրամանյանը, հարցնում է փաստաբանը։ Գրավոր դիմել է նաև Քննչականին, արձագանք չի ստացել. - «Արցախի Հանրապետությանն է պատճառվել վնաս, թե՞ Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանի Հանրապետությանը, ապա ի՞նչ հիմքով է՝ վնաս պատճառվել, ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունն այդ ավտոմեքենաների ձեռք բերման հետ: Այսինքն՝ այդ ավտոմեքենան արդյոք ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին, բնականաբար, ոչ»:
Ռոման Երիցյանը վստահեցնում է, թե Սամվել Շահրամանյանը Արցախից տեղափոխվելուց հետո՝ առաջին ամիսներին դիմել է Հայաստանի կառավարությանը, ցանկ ներկայացրել, հետաքրքրվել Արցախի պետական մեքենաների ճակատագրով, բայց նրան ոչ մեկ չի պատասխանել։
Փաստաբանի կարծիքով՝ այս գործերը պատրվակ են, իրականում Շահրամանյանին պատժում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի շարժմանն աջակցելու համար։ Քննչական կոմիտեից հակադարձում են՝ քաղաքական ենթատեքստ չկա։ Բոլոր մեղադրանքների հիմքում կոնկրետ փաստեր են:
Մինչ այս քրեական վարույթը, համայնքային գույքը հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու գործերով անցնում են Ստեփանակերտի քաղաքապետը, Մարտակերտի, Ասկերանի համայնքապետերը։ Նրանք իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ընդդիմադիր շարժման առաջնորդի հետ հանդիպումից հետո։