Ոստիկանության հատուկ ջոկատայինները խմբով այսօր կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասները, որ առգրավեն վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։
Քննիչը Ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ մտել է ու ջարդել դարպասները, կանչել տարհանող մեքենա ու առգրավել։
«Միանշանակ պետք է դատարանի որոշում՝ ոչ թե մեքենան առգրավելու համար, այլ մեքենան կոնկրետ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքին հարող տարածքից առգրավելու համար անհրաժեշտ է դատարանի որոշում», - պնդում է Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը:
Ինչո՞ւ են 7-8 հոգով կոտրում դարպասները, բացող չկա՞ր։ Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչն ասաց՝ անվտանգության աշխատակիցն է տեղում եղել ու չի բացել, ինքը կապվել է ու հորդորել, որ իրավապահները սպասեն, մինչև կմոտենան, սակայն գործի են անցել առանց սպասելու։
«{Իրենց հեռախոսով տեղեկացրել են, որ} Քննիչը Ոստիկանության հատուկ ջոկատայինների, պարեկային ծառայողների և մի խումբ այլ անձանց հետ ներկայացել է Արցախի Հանրապետության ներկայացուցչություն և ուժ կիրառելով փորձում են ջարդել Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները», - պատմեց փաստաբան Երիցյանը:
Ի՞նչ գործով են քննիչն ու հատուկ ջոկատայիններն այցելել Արցախի ներկայացուցչություն։ Քննչական կոմիտեից ուղիղ չեն ասում, նշում են փետրվարին հարուցված մի քրեական գործի մասին: Խոսքը Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործի մասին է։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։
Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց գործի քննությունը շարունակվում է։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասում է՝ մեքենան առգրավել են էական նշանակության հանգամանքներ պարզելու համար։
«Թեև դրանով մենք քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք, բայց քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, և այդ վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է տվյալ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում», - «Ազատությանն» ասաց Աբրահամյանը:
Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը շեշտում է՝ արդեն մեկ անգամ՝ փետրվարին, այս մեքնեան խուզարկել են ու վերադարձրել Աշոտ Դանիելյանին։ Այդ քրեական վարույթն, ըստ նրա, ավտոմեքենայի հետ առնչություն չունի։
«Թե ինչու են հիմա առգրավում էդ մեքենան, ինչ կապ ունի էդ մեքենան առհասարակ էս քրեական գործի հետ, նրանք ոչ մի պատճառաբանություն առաջ չեն բերել», - ասաց Երիցյանը:
Քննիչները մոտ երկու շաբաթ առաջ էլ էին եկել Շահրամանյանի ծառայողական մեքենայի հետևից, չորս ժամ բանակցեցին, որ առգրավեն, բայց չկարողացան ու հեռացան՝ ծառայողական մեքենան ընդամենը կնքելով։ Այս անգամ նույն իրավական հիմքով՝ քննիչի որոշմամբ, դարպասները կոտրեցին ու տարան։
Ռոման Երիցյանի կարծիքով՝ վերջին նախագահին սպասարկող մեքենան իրավապահների թիրախում է հայտնվել քաղաքական դրդապատճառներով։ Ըստ նրա՝ արցախցիներին ճնշում են, պատժում Բագրատ սրբազանի հավաքներին մասնակցելու, սատարելու համար։
«Էսպես ասած՝ փորձում են ասել՝ «ձեր տեղը իմացեք»: Մոտ 15 օր առաջ նրանք ներկայացան, փորձեցին առգրավել ավտոմեքենան, չստացվեց՝ գնացին: Դրանից հետո նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, երկու-երեք օր անց ներկայանում են Ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ միասին և բռնի գործողություններ ձեռնարկելով՝ ջարդում դարպասները և առգրավում մեքենան: Փորձում են նախագահին ցուցադրել «իր տեղը», - պնդեց Երիցյանը:
Քննչականի խոսնակը հակադարձում է. - «Որևէ քաղաքական ենթատեքստ էդտեղ փնտրելը անիմաստ է, ես արդեն նշեցի՝ քրեական վարույթը երբ է նախաձեռնվել, ինչով է պայմանավորված այդ գործողության իրականացումը, հետևաբար՝ ընդանրապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են դրանք»:
Մեկ շաբաթ առաջ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, թե արցախցիները իրավունք ունեն մասնակցելու շարժմանն ու կարծիք հայտնել։ Բագրատ սրբազանի հետ հանդիպմանը հաջորդեց Արցախի համայնքապետերի՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի ղեկավարների կալանավորումը՝ փաստաթղթեր կեղծելու ու համայնքային գույքը հափշտակելու մեղադրանքներով։
Ըստ Ռոման Երիցյանի, սա Սամվել Շահրամայնյանին սպասարկող միակ մեքենան է։
Քննչականից ասացին՝ կվերադարձնեն գործողություններն ավարտելուց հետո, ժամկետ չնշեցին։