Մատչելիության հղումներ

Շահրամանյանի մեքենան իրավապահները դեռ չեն վերադարձնում. փաստաբանը պնդում է՝ որևէ քննչական գործողություն չի կատարվում


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան իրավապահները դեռ չեն վերադարձնում։ 40 օր առաջ Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասները հատուկ ջոկատայինների խմբով կոտրելով՝ տարան մեքենան։

Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը պնդում է՝ որևէ քննչական գործողություն չի կատարվում։

«Ընդհանրապես որևէ գործողություն չի կատարվում: Թմրանյութի իրացման շրջանակներում այդ մեքենան մեկ անգամ առգրավվել է, դատարանի որոշմամբ՝ խուզարկվել, քննությանը հետաքրքրող ոչ մի բան չի հայտնաբերվել ու վերադարձվել է մեզ», - նշեց Երիցյանը:

Այս մեքենայի հետևից իրավապահները երկու անգամ են գնացել։ Առաջին անգամ չհաջողվեց տանել, երկրորդը՝ հատուկ ջոկատայինների օգնությամբ դարպասները կոտրելով հաջողվեց։ Սկզբում ասացին՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործով են առգրավել։ Փետրվարին Դանիելյանը ձերբակալվել էր թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։ Մեքենան խուզարկեցին ու վերադարձրին, Դանիելյանն էլ ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց գործի քննությունը շարունակվում է։ Հիմա էլ փաստաբանին ասել են, թե այլ վարույթի շրջանակում են քննչական գործողություններ կատարում։

«Էդ մեքենան, որը քննիչը մեզնից վերցրել է, մեկ այլ քննիչ եկել ու այդ քննիչից է վերցրել, էդ պարագայում հարց է առաջանում, բա ի՞նչ նպատակով է քննիչը մեզնից վերցրել, իբր թե գործողություններ պետք է կատարվեին քննչական ու դատավարական: Բա եթե քննչական ու դատավարական գործողություններ պետք է կատարվեին, ո՞նց է ստացվում, որ այդ նույն քննիչից մեկ այլ վարույթի շրջանակներում գալիս ու առգրավում են», - ասաց փաստաբանը:

Այս մեքենան առգրավելու իրավաչափության վերաբերյալ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատախազություն։ Սակայն բողոքը չեն քննել, պարզվել է մեքենան առգրաված քննիչից էլ այլ քննիչներ են եկել տարել՝ այլ գործի համար, բայց չեն նշում՝ ինչի մասին է խոսքը։ Քննչական կոմիտեից էլ «Ազատության» հարցին դեռ չեն պատասխանել, Արցախի վերջին նախագահի ծառայողական մեքենան ի վերջո ինչ գործով են տարել։

Փաստաբանի տեղեկություններով՝ քրեական գործը պատրվակ էր, ուրիշ՝ քաղաքական դրդապատճառով են Շահրամանյանին զրկում ծառայողական մեքենայից։ Քննչական կոմիտեից հակադարձում են՝ քաղաքական ենթատեքստ չկա. - «Դրանք իրենց մեկնաբանություններն են պաշտպանության տակտիկայի շրջանակներում, որի հետ վարույթ իրականացնող մարմինը համաձայն չէ ու չի կարող լինել: Բոլոր մեղադրանքների հիմքում դրված են կոնկրետ փաստեր»:

Մեքենան առգրավելուց հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելեց Շահրամանյանին ու իր մեքենայի բանալիները փոխանցեց։ Այժմ Շահրամանյանին սրբազանի մեքենան է սպասարկում։

«Ուզեցի իմ մեքենան նվիրել պարզապես Ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար: Հստակ կերպով ուղերձ լինի այն մարդկանց, որոնք էդ չնչին, էժան կերպով փորձում են ճնշել որևէ ձևով», - ասել էր Գալստանյանը:

Փաստաբանը կարծում է, այս ամենը սկսվեց Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու պատճառով։ Բագրատ սրբազանի հետ հանդիպմանը հաջորդեց Արցախի համայնքապետերի՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի ղեկավարների կալանավորումը՝ փաստաթղթեր կեղծելու ու համայնքային գույքը հափշտակելու մեղադրանքներով։ Օրեր առաջ նրանք ազատվեցին կալանքից, բայց վարչական հսկողություն կա։

Հատկապես Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվում է ավելի խիստ վարչական հսկողություն։ Դավիթ Սարգսյանը տասը ժամով կարող է տնից բացակայել՝ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը: Սա միակ սահմանափակումը չէ, փոխանցեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Օրինակ՝ կիսատրամաբանական սահմանափակում եմ համարում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ շփման արգելքը», - նշեց Մելիքյանը:

Դատարանն արգելում է Դավիթ Սարգսյանին այցելել սպասարկման ու զվարճանքի վայրեր։ Փաստաբանի գնահատմամբ՝ սա էլ անտրամաբանական արգելք է. - «Էս սահմանափակումները էս գործից զատ տրամաբանություն ունեն, բայց օրինակ այն դեպքերում, երբ ինչ-որ մեկը երեկոները գնում խմում կռիվ է անում ինչ-որ կլուբներում, և նրան արգելում են՝ որպեսզի գայթակղությունից հեռու մնաս, չփորձես սրանից հետո երեկոյան տնից դուրս գալ կամ գնալ ինչ-որ ակումբներ: Բայց նման հանցակազմեր և նման կենսագրություն ունեցող մարդու նկատմամբ նման սահմանափակման կիրառումն ուղղակի վիրավորական է Դավիթ Սարգսյանին ձայն տված ստեփանակերտցիների 70-ից ավելի տոկոսի նկատմամբ»:

Ռուբեն Մելիքյանն էլ է համոզված, որ համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումները քաղաքական դրդապատճառով են։ Նրա կարծիքով՝ Բագրատ սրբազանին աջակցած Սարգսյանի նկատմամբ ավելի խիստ են, քանի որ մայրաքաղաքի ղեկավարն էր։

XS
SM
MD
LG