Սահմանազատման հաջորդ փուլի մասին որոշում դեռ չկա. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին որոշում դեռ չկա, նախ պետք է ավարտել հանձնաժողովների կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը։

«Սահմանազատման գործընթացների հետ կապված որոշում չկա, հաջորդ էտապի վերաբերյալ դեռևս որոշում չկա: Դեռ մենք պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք կանոնակարգի հետ կապված», - այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց

Երեկ Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց կանոնակարգը: Գործադիրից դեռ չեն հայտնում, թե երբ այն կուղարկեն խորհրդարան վավերացման։ Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը այն ստորագրել են օգոստոսի 30-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգըԵրևանն ու Բաքուն համաձայնեցրել ու ստորագրել են՝ ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը

Ընդդիմադիր պատգամավորներն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են Ազգային ժողովում դեմ քվեարկել նախագծին։ Ասում են՝ կողմ են սահմանազատմանը, սակայն ո՛չ այս կանոնակարգով: Մասնավորապես, քննադատում են, որ փաստաթղթում որևէ թվականի քարտեզ չի ամրագրվել, կարծում են՝ դա Ադրբեջանի կողմից կամայականությունների տեղիք կարող է տալ:

Մյուս կետը, որ ընդդիմադիրները խնդրահարույց են համարում, կանոնակարգի հինգերորդ 5-րդ հովածն է, որում նշված է՝ «սահմանազատման աշխատանքները հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով, իսկ այդ հատվածների նկարագրությունը մինչև սահմանազատման ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»։ Կարծում են՝ հատվածական սահմանազատումը վտանգներ է պարունակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կարող է խաբել ու ծուղակը գցել, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ. ընդդիմադիր պատգամավոր

«Վստահեցնում եմ ձեզ, որ բացարձակ օրինական է, և եթե դուք շատ ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք կապը և կզգաք, որ որևէ հակասություն չկա գործընթացում», - ընդգծեց փոխվարչապետ Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները

Իշխանության ձայները բավարար են առանց ընդդիմության կանոնակարգը վավերացնելու համար, բայց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այսօր այդպես էլ չհստակեցրին, թե ինչպես են պատրաստվում քվեարկել. ենթադրվում է, որ կողմ՝ անցած շաբաթ փաստաթղթի մասին դրական էր արտահայտվել իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Եվ ըստ էության, սահմանները վերջնականապես գծելով՝ մենք վերջին ռիսկը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման՝ լեգիտիմ հարձակման, վերացրել ենք և ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները, և էստեղ մենք խնդիր չունենք: Եվ կանոնակարգ ու աշխատակարգը, ըստ էության, սահմանազատման, ձևավորվել է հենց էդ գործընթացում, և հենց ընդգծվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով էլ հենց Կիրանցում սա տեղի է ունեցել: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ Կիրանցի սահմանազատումը նախադեպ էր, որի հիման վրա մենք ստեղծեցինք աշխատակարգը, և դրա հիման վրա այն տարածելու ենք սահմանի ողջ երկայնքով», - հայտարարել էր Հովհաննիսյանը:

Փաստացի Հայաստանում մեկ քայլ է մնում կանոնակարգի ներպետական վավերացման ճանապարհին՝ խորհրդարանի քվեարկությունը, մինչդեռ Ադրբեջանում այս հարցի շուրջ անորոշություն է։ Բաքուն անգամ դրա տեքստը չի հրապարակել, պարզ չէ՝ այն կուղարկվի Ադրբեջանի Սահմանադրական դատարա՞ն, նախագա՞հը կհաստատի, թե՞ խորհրդարանը։ «Ազատության» ադրբեջանական ծառայության զրուցակից փորձագետներն ու պատգամավորները դժվարացել են այս հարցին պատասխանել՝ նշելով, որ անգամ փաստաթղթին ծանոթ չեն։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հենց այս հանգամանքին է ուշադրություն հրավիրում։

«Ադրբեջանի համար մեծ հաշվով այս գործընթացները, այս համաձայնությունները ընդամենը դիտվում են միջոց Հայաստանի հանդեպ քաղաքական պայմաններ թելադրելու իրենց ռազմավարության կամ մարտավարության ուղղությամբ, և ամենևին բացառված չէ անգամ, որ Ադրբեջանը քաղաքական պայման թելադրելու միջոցի վերածի կանոնակարգը ներպետական ընթացակարգերով առաջ տանելու գործընթացը, այսինք՝ ինչ-որ պայմաններ առաջ քաշի, որպեսզի ինքը ներպետական ընթացակարգով առաջ տանի այդ կանոնակարգի հաստատումը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բադալյանը:

Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։ Կողմերը սահմանազատման համար կարող են փորձագետների ներգրավել, փոխանակել քարտեզագրական և գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել և ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման աշխատանքներ, դրա վերաբերյալ կազմել սահմանագծի անցման նկարագրություն, որն էլ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը կհամարվի համաձայնեցված։