«Ռուսական պոչը». Ինչպես տվյալները կարող են բացահայտել կեղծիքները Վրաստանի ընտրություններում

Ընտրություններ Վրաստանում, 26-ը հոկտեմբերի, 2024թ.

Տվյալներ վերլուծող մասնագետները «ռուսական պոչ» անվանումով կասկածելի հետք են հայտնաբերել Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այս անոմալիաները որոշակի օրինաչափություն ունեն վիճահարույց ընտրություններում։ Ու մինչ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է ընտրակեղծիքների մեղադրանքները, ընդդիմադիր խմբերը և դիտորդները հայտնել են հարյուրավոր խախտումների մասին, ինչի արդյունքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները:

Շեղումներ քվեարկության արդյունքների գրաֆիկական բաշխման մեջ

Ընտրական փորձագետներն ու տվյալների վերլուծաբանները շեղումներ են նկատել Վրաստանի շրջաններում քվեարկության արդյունքների գրաֆիկական բաշխման մեջ և կասկածում են, որ սա կարող է լինել ընտրական կեղծարարության անուղղակի ապացույց, ինչպես Ռուսաստանում 2020 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Այս երևույթը նրանք անվանում են «ռուսական պոչ»։

Դիտորդների բացահայտած հարյուրավոր խախտումների և քվեարկության գաղտնիության վերաբերյալ կասկածների պայմաններում նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մերժում են կեղծարարության մեղադրանքները։

Այս հոդվածում մենք ուսումնասիրել ենք, թե ինչ են ցույց տալիս վերջերս շրջանառված գրաֆիկները, ինչի վրա են հիմնված դրանք և ինչ ցույց չեն տալիս։

«Եթե ընտրություններն անցկացվում են ազատ միջավայրում՝ առանց խախտումների, կուսակցությունների ստացած ձայների գրաֆիկական պատկերն արտացոլում է որոշակի օրինաչափություններ», - ասում է տվյալների վերլուծաբան, ռուսաստանցի նախկին քաղբանտարկյալ Ռոման Ուդոտը։

«Եթե դրանք անցկացվում են ոչ ազատ միջավայրում՝ խախտումներով և տարբեր մանիպուլյացիաներով, տվյալների գրաֆիկական պատկերում կարող ենք տեսնել անկանոնություններ, շեղումներ և անոմալիաներ։ Վրաստանում մենք տեսնում ենք հենց այդպիսի շեղումներ», - նշել է նա։

Այժմ Թբիլիսիում գտնվող Ուդոտը այն վերլուծաբաններից մեկն է, որը եզրակացրել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներում կան մանիպուլյացիայի նշաններ։

Ռուսական նախադեպ

Ինչպե՞ս կարող են պարզ թվերը դիտորդներին ցույց տալ, որ ընտրական գործընթացում ինչ-որ մանիպուլյացիաներ են տեղի ունեցել:

Տվյալների ռուսաստանցի վերլուծաբաններն ու գիտնականները տասնամյակներ շարունակ վերլուծել են, թե ինչպես կարող են ընտրողների մասնակցության տվյալները, ձայների բաշխումը և ակնկալվող օրինաչափությունները կամ խախտումները թույլ տալ գնահատել ընտրությունների արդար անցկացումը՝ տարբեր մեթոդների կիրառմամբ:

Այդ գիտնականներից մեկը ռուս ֆիզիկոս Սերգեյ Շպիլկինն է, ում մոտեցումը Ռուսաստանում ակտիվորեն օգտագործում են վերլուծաբաններն ու լրագրողները։ Ռուսական «Գոլոս» դիտորդական կազմակերպությունը նշում է, որ կիրառում է Քիսլինգ-Շպիլկին մեթոդը բազմաթիվ ընտրությունների դիտարկման ընթացքում։

Ահա ինչպես է աշխատում այդ մեթոդը

Նախ վերլուծվում է երկրի բոլոր ընտրատեղամասերում քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը. Վրաստանում մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։ Համաձայն տեսության՝ արդար ընտրություններում մասնակցության ցուցանիշները գրաֆիկով արտացոլելիս զանգ հիշեցնող պատկեր է ստացվում։ Եթե տվյալների արտացոլման մեջ անոմալիաներ են հայտնվում, դա վկայում է անարդար ընտրությունների մասին:

Ի՞նչ են ցույց տալիս վրացական ընտրությունների արդյունքները

Սան Ֆրանցիսկոյում բնակվող տվյալների վերլուծաբան Լևան Քվիրքելիան իր եզրակացությունները հրապարակել է X սոցցանցում։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հետագայում կիսվել է նրա եզրակացություններով։

Քվիրքելիայի խոսքով՝ Վրաստանի քաղաքային և տարածաշրջանային շրջաններում ընտրողների մասնակցության ցուցանիշների միջև ակնհայտ տարբերություններ կան։ Քաղաքներում տվյալների պատկերային արտացոլումը հիմնականում զանգակաձև է, մինչդեռ շրջաններում այն շեղված է նորմայից։

«Գյուղական բնակավայրերում (աջ գրաֆիկում) նկատվում է արտասովոր «պոչ», որը վկայում է կեղծարարության մասին», - գրում է նա։

Ուդոտը համաձայն է՝ ներկայացնելով նույն տվյալները այլ՝ Սոբյանին-Սուխովոլսկի մեթոդն օգտագործելով։ Շպիլկինի մեթոդի պես, այս մեթոդն էլ է կիրառվում ընտրական մանիպուլյացիաներ բացահայտելու համար՝ հիմնվելով թվային վերլուծության վրա։

Այս մեթոդը մշակել են ռուս հետազոտողներ Սերգեյ Սոբյանինը և Վյաչեսլավ Սուխովոլսկին։ Այն հիմնված է Շպիլկինի մեթոդում օգտագործվող նույն տվյալների վրա, սակայն արտացոլվում է այլ գրաֆիկով՝ կենտրոնանալով կուսակցությունների ստացած ձայների վրա։ Մասնավորապես, այն վերլուծում է կուսակցությունների օգտին ձայների բաշխումը բոլոր ընտրատեղամասերում և փորձում է բացահայտել շեղումներ․ դրանք վկայում են անարդար ընտրությունների մասին։

Ըստ այդ տեսության՝ եթե մի շարք ընտրատեղամասերում մեկ թեկնածուի օգտին ձայների թիվն անսովոր բարձր է, դա կարող է վկայել ընտրակեղծարարության մասին։

Ուդոտը նշում է, որ Վրաստանի մեծ քաղաքներում պատկերը հարաբերականորեն կանոնավոր կերպով է արտացոլված, մինչդեռ շրջաններում իրավիճակը տարբերվում է։

Ահա Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում, Ռուստավիում, Փոթիում և Սենակիում քվեարկության գրաֆիկական պատկերը:

Հարաբերական «առողջ» տարածաշրջաններում պատկերն այսպիսին է՝ սկիզբ մի կետից և աստիճանաբար աճ, ճառագայթի պես։ «Իհարկե, այստեղ ևս որոշ շեղումներ կան, բայց ոչ կտրուկ», - բացատրում է Ուդոտը։

«Անառողջ» անոմալիաներ

«Բայց երբ նայում ենք մյուս շրջաններին, դրանք պարզապես տարօրինակ, անառողջ են թվում։ Այստեղ շեղումներն ավելի մեծ են, քան սպասվում էր։ Կետերի ցրվածությունն ավելի մեծ է, քան սպասվում էր, ուղիղ գծի չի հետևում, ինչն, իհարկե, կասկածներ է առաջացնում», - նշում է նա։

«Անոմալիան «Վրացական երազանքի» օգտին բարձր ձայներն են որոշակի կետերում՝ բարձր մասնակցությամբ ընտրատեղամասերում։ Կետերը չափազանց հեռու են ճառագայթից որոշակի ընտրատեղամասերում», - հավելում է Ուդոտը։

«Նույնը կստանանք նաև Սուխովոլսկու մեթոդը օգտագործելով», - շարունակում է բացատրել նա, - «Այս թվային բաշխումը կոչվում է հիստոգրամա, իսկ հիստոգրամայի բարակ մասը՝ պոչ։ Իմ հետազոտություններում ես այն կոչում եմ «ռուսական պոչ», քանի որ այն հաճախ ենք տեսնում Ռուսաստանում։ Տարիների ընթացքում մենք դիտարկել ենք, թե ինչպես է այն աճում՝ նմանվելով ուռուցքի»։

Բայց, ինչպե՞ս կարող են թվային անոմալիաները «կեղծարարության» թեկուզ անուղղակի ապացույց լինել։ Չե՞ն կարող արդյոք այս շեղումները բացատրվել այլ գործոններով։

«Այս աշխարհում ամեն ինչ կարելի է այս կամ այն կերպ բացատրել։ Եվ Ռուսաստանի իշխանությունները մեր բացահայտումները բացատրում էին հազարավոր ձևերով... Տեսեք, երբ խմած մարդը իրեն փողոցում խմածի պես է պահում, դուք կարող եք հազար պատճառ գտնել, թե ինչու է այդպես վարվում, բայց իրականում մենք բոլորս լավ գիտենք, որ նա պարզապես շատ է խմել», - ասում է Ուդոտը, - «Եվ երբ մենք դիտարկում ենք այս «ցրված կետերը» ու տեսնում դրանք, գիտենք, որ սա նորմալ չէ»։